Սումգայիթյան ողբերգություն վերակառուցման ու դեմոկրատիայի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 28, 2012 14:31

   Երբ 1935 թ. խորհրդային իշխանությունները որոշեցին Սումգայիթի ներկա տարածքում զարգացնել ծանր արդյունաբերությունը, 1938-1941 թթ. կառուցվեց ջերմաէլեկտրակայանայնուհետև` քիմիական և մետաղագործական գործարաններ, և որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Ադրբեջանի երորդ խոշոր քաղաք Սումգայիթն աշխարհին առավել հայտնի կդառնա հատկապես 1988 թ. փետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկսվեցին հայերի ծրագրված և կազմակերպված ջարդերը: Դա ԽՍՀՄի նոր պատմության մեջ առաջին էթնիկ զտումն էր:

Այդ ողբերգությունից արդեն 24 տարի է անցել: Բավարար ժամանակ, որպեսզի ևս մեկ անգամ գիտակցենք, որ դա ոչ այնքան պատահական ողբերգություն էր, ինչպես փորձում էին մեզ կերակրել նոր ժամանակաշրջանի հոլովույթում, որքան այն պետության ձեռքի գործը, որի  թե՛ քաղաքականությունը,  թե՛ ժողովրդի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը տարիների ստով և կեղծիքով էր շղարշված, և այսօր էլ պատրաստ չէ հրաժարվել անցյալի ժառանգությունից, թեև ժողովրդավարության «խաղեր» է տալիս:

Կեղծիք և բռնություն: Սա էր թերևս «նոր» քաղաքականության որդեգրած ուղին, հատկապես` ազգամիջյան հարաբերություններում ու մասնավորապես` Սումգայիթում: Ավելին, եթե ստալինյան բռնությունը մեկ դերով գործողություն էր, ապա  Սումգայիթի  պարագայում` մի ողջ պետություն` իր  հանցագործ ազգայնամոլներով:  Էլ չեմ խոսում Գորբաչովի հովանավորչության մասին: Թեև նա երդվում էր, որ խորհրդային զինվորն ուշացավ մի քանի ժամով, բայց  1988 թ. փետրվարի 28-ին «Սումգայիթի կոմունիստ» թերթում տպագրված Գորբաչովի ուղերձից անգամ դժվար չէր հասկանալ, որ այնքան էլ այդպես չէր, որ այդ ամենից հիրավի լավ հոտ չի գալիս: «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առիթով Ձեզ եմ դիմում, ընկերները…»: Մարդը կատարվածը դատապարտելու փոխարեն, ոչ ավելի, ոչ պակաս  մեզ դասեր տալու քաղաքականություն  որդեգրեց: Թշնամին էլ դրանից ավելի լկտիացավ ու եղածով չբավարարվեց, Կիրովաբադ, Բաքու,Գետաշեն, Շահումյան ու Մարաղա ծնեց… Մեզ էլ, հիրավի,  այլ բան չէր մնում…

Փորձեցին մեզ վախեցնել, ուժային մեթոդներով, բռնություններով, նախապես ծրագրված գործողություններով ոչ միայն կոտրել արցախցու ոգին, այլև բռնությամբ քաղաքը հայաթափել:  Այդ օրերին էր, որ աշխատավոր հայերին նախապես տուն էին ուղարկում: Նման շատ օրինակներ կարող եմ փաստել, բայց մեկով բավարարվենք: «Փետրվարի 28-ին մեր տնօրեն Աբասովն ինձ կանչեց և տուն ուղարկեց: Իսկ թե ինչու, իմ այդ հարցին նա անկեղծ պատասխանեց. «Կգան քեզ կսպանեն, իսկ դրա համար մենք պետք է պատասխան տանք»,- պատմում է, աղյուսի գործարանի նախկին աշխատող Ջուլիետա Սարգսյանը:

Թալանի ու ջարդի օրերին` 27-29-ին, թեև, ըստ պաշտոնական տվյալների, 30-34 զոհ գրանցվեց, բայց այդ թիվը ստույգ չէ, քանի, որ դիարաններում անգամ 71 համարով դի է եղել: Ինչպե՞ս հավատաս այդ թվերին: Շատերն այնտեղ հուղարկավորվեցին: Իսկ թե ինչու, դժվար է ասել:Գուցե մեր իշխանությունները դեռ «բարեկամանալու» հույսեր էին փայփայում: Մինչ օրս պահվում եմ այդ ողբերգությունն ապրած Ռ. Ավանեսյանի դառը հիշողությունները: «Տանն էինք, երբ մեր տուն ներխուժեց 80-100 հոգանոց մի ամբոխ: Բոլորը սև շորեր էին հագած: Սպանեցին երկու զավակներիս: Մեկը մանկավարժ  էր, մյուսը` ինժեներ: Իսկ գիշերն էլ միլիցիան մեզ թալանեց: Ոչինչ չունեմ, իսկ երկու զավակներս թաղված են ադրբեջանական հողում»: Պիտի խոստովանել, որ շատ դիակներ Երևան կամ  Ղարաբաղ տեղափոխելու հնարավորություն չընձեռեց հայրենի իշխանությունը:

Դիակները Բաքվի 4-րդ հիվանդանոցի դիարան էին տեղափոխել, իսկ կենդանի մնացածներին` Սումգայիթի մշակույթի պալատ: Անգամ դժվար էր հարազատի դիակը գտնել:

Սումգայիթյան զոհերի պաշտոնական ցուցակը եզրափակում է անանուն մի փոքրիկ` «կրծքի երեխա» նշումով: Նա մահացել է քաղաքի Վուրգունի անվան մշակույթի պալատում, ուր զինվորականների օգնությամբ տեղավորվել էր Սումգայիթի հայ բնակչության մի մասը: Թեև մարմնի վրա որևէ վերք ու վնասվածք չի ունեցել այդ փոքրիկը, բայց համատարած քաոսի, հակասանիտարական պայմանների, ինչպես նաև բժշկական օգնության բացակայությունը լիովին հիմք են տալիս այդ փոքրիկին էլ ներառել ողբերգության զոհերի թվում: Ի դեպ, շատ վիրավորներ մահացել են օգնություն չստանալու պատճառով:« Իբր շատ ենք ուզում ապրեք, որ մի օգնություն էլ տանք»: Այդպիսին է եղել Թալեաթի դասերն առած XX դարավերջի ոճրագործը:

Մարտի 4-ից զոհերին հողին են հանձնում: Իսկ փոքրիկի մահից հետո` մարտի 6-ին` մշակույթի պալատում տեղավորված բոլոր հայերը ստիպողաբար լքում են տարածքը` «ամեն պահ հնարավոր է համաճարակ բռնկվել» պատճառաբանությամբ: Իսկ արդեն մարտի 8-ին սկսվեց Սումգայիթի հայության զանգվածային տեղահանությունը Հայաստան, Արցախ, Ռուսաստան: Մեկ շաբաթում 350 հազար բնակիչ ունեցող  քաղաքից 15 հազար հայ հեռացավ` թալանչուն թողնելով ամեն ինչ…

Իսկ հոկտեմբերից սկսվեցին այդ գործով կեղծ ու շինծու դատավարությունները, որոնց, անկեղծ ասած, չեմ էլ ուզում անդրադառնալ մի պարզ պատճառով. եթե Բուդապեշտում հայ զինվորին կացնահարած, ժանիքն արյունոտ թափթփուկը ազգային հերոս դարձավ, ապա չեմ կասկածում, որ սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն էլ այսօր ադրբեջանական իշխանական բուրդի«զարդն» են համարվում:

Ամալյա  ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 2212 անգամ:
Print Friendly

Leave a Reply