10.000 հոգանոց հավաք՝ Լոս-Անջելեսում. սփյուռքը դեմ է արձանագրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2009 11:52

Կիրակի երեկոյան Գլենդելի «Փելանքոնի Փարք»-ի մոտ ավելի քան 10 հազար հայեր հավաքվել են` իրենց բողոքն արտահայտելու հայ-թուրքական նախաստորագրած արձանագրությունների դեմ և պահանջելու, որ անմիջապես կասեցվի այդ փաստաթղթերի ստորագրման գործընթացը:

Հավաքը կազմակերպել են Սոցիալ դեմոկրատ հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների, Հայ հեղափոխական դաշնակցության և Միավորված հայ երիտասարդների կազմակերպության կողմից:

«Asbarez.com» կայքը հաղորդում է, որ հավաքին իրենց ելույթն ունեցան Արութին Հարությունյանը (ՄՀԵ), Հարություն Տէր Դավթյանը (ՍԴՀԿ), Մինաս Գոճայեանը (ՌԱԿ), Ավետիք Իզմիրլյանը (ՀՅԴ), և օրվա գլխավոր բանախոսը՝ Հարութ Սասունյանը:

Իր խոսքն է ասել նաև Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Արա Նաճարեանը:

Մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջել են արձանագրությունների ստորագրման և վավերացման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքների և գործընթացների անհապաղ կասեցումը: «Հակառակ դեպքում, հետագա իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը կկրի ՀՀ նախագահը և հայ ժողովուրդի ու պատմության կողմից կարժանանա համապատասխան վերաբերմունքի»-գրում է «Asbarez.com»-ը:

Հավաքի մասնակիցներն ընդունել են մի հայտարարություն, որը պետք է հղեն Հայաստանի նախագահին, թուրք ներկայացուցչություններին ու արձանագրությունների նախապատրաստման ու ստորագրման ուղղակի կամ անուղղակի միջնորդ պետությունների ներկայացուցիչներին:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply