Հարթունյանների փաստաբան. «Այնքան կոպիտ, անթաքույց եւ պրոֆեսիոնալ առումով անմակարդակ ձեւով է արվում այս ամենը, որ ծիծաղելի է նույնիսկ ոչ իրավաբանների համար»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 28, 2012 16:20

Այսօր Հարթունյանների գործի առնչությամբ մամուլի ասուլիս է տեղի ունեցել, որը և ներկայացնում ենք ամբողջությամբ:

Նարեկ Հարթունյան-“Պարոն Արմեն Ալավերդյանը` ՊԵԿ նախագահի տեղակալը, հայտարարություն է արել, որում ասել է. “Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ սփյուռքահայերի գործ է, որոնք Հայաստանը դիտում են եկամուտի աղբյուր: Այդ երեւույթն  ուղեկցվում է հարկերը չվճարելով…..”

Հարգելի պարոն Ալավերդյան, կարող եմ մեղմ ասել, որ վիրավորական է Ձեր ասածը, Դուք արդեն խաղում եք մեր ընտանիքի արժանապատվության հետ:

Առաջինն ուզում եմ խոսել բարագերծության մասին, ոչ իմ սրտով: Ես ստիպված եմ խոսել այդ մասին: Մեր բարեգործությունը սկսվել  է 1940-50-ականներին, Հալեպում, իսկ Հայաստանում սկսվել է 1959 թվականից զանազան ոլորտներում:

2003 թ, Քնարավանն են կառուցել,  հաջորդաբար` Նարեկացի արվեստի միությունները Շուշիում եւ Երեւանում: Բիզնեսի հետ կապված` ես տնօրեն եմ դարձել 2010 թվականին /Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս/ սեպտեմբերին, որովհետեւ մեր վստահված անձինք չարաշահել են մեր վստահությունը:

Դրանից հետո ներդրումներ են  եղել 0.5 մլն դոլլարի միայն բիզնեսը պահելու համար: Մենք հարկերից չարամտորեն խուսափող չենք, թող լինի արդար դատավարություն, մենք հարկերը կվճարենք:

Մենք ունենք այս պահին հարկային պարտավորություններ, որոնք պետք է վճարենք, բայց մեր դրամական միջոցները կալանքի տակ են: Մենք դիմել ենք դատախազին, որ վճարենք, սակայն մեզ մերժել են: Տարօրինակ է: Ես տնօրեն եմ դարձել 2010 թվականին: Դրանից առաջ ընկերությունը տնօրինել են Ատրյոմ Մարտիրոսյանն ու Սեւակ Արզարունին: Ուր են նրանք: ինչու նրանց դեմ մեղադրանք չեն առաջադրվում….

2010 թվականի սեպտեմբերիի 25-ին Սեւակ Արզարունին հարձակում է գործում ընկերության վրա,  ջարդում-փշրում է մայրիկիս հիշատակին դրված սուրբ իրերը: Նամակ եմ գրում պետությանը, մնում է անպատասխան: 2010 թ. դեկտեմբերին  դիմում եմ դատարան, դատավորը,  որ փոխանակ արդար լինի, կալանքներ է դնում մեր բոլոր միջոցների վրա:   Հունիսին քրեական գործ են հարուցում, իբր չենք մուծել մուծել հարկեր, զուգահեռ ունեցել ենք քսան մլն գերավճար: Հարկայինը շուտով ակտ է գրում 111 մլն դրամի: Շուտով ինձ բերման են ենթարկում հորս քառասունքի օրով….

Նույն դատախազը, նույն քննիչները մեզ բանտ գցեցին, ու շարունակում են նույն գործելաոճը:

Ես կոչ եմ անում Հայաստանի եւ սփյուռքի բոլոր մտավորականներին` հետեւեն մեր գործին, որ լինի արդարություն: Կարող է, օրինակ, Քըրք Քըրքորյանը խորհուրդ կազմի, որ հետեւեն այս գործին, որ հետեւողական լինեն, հասկանանք` ինչ է կատարվում մեր հայրենիքում:

Քրեական գործով փաստաբան Հայկ Ալումյան-Այս քրեական գործը  լեցուն է ամենակոպիտ խախտումներով: Քրեական գործից տարօրինակ ձեւով դուրս են մնացել հենց երկու հոգին, որոնք պետք է հենց պատասխանատվություն կրեին, եթե տեղի է ունեցել հարկերից չարամտորեն խուսափում: Նրանք գործից դուրս են մնացել, եւ հիմա տարօրինակ ձեւով նրանց ցուցմունքների հիման վրա կառուցված է Նարեկ Հարթունյանի դեմ մեղադրանքը: Այսինքն այս երկու անձինք, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար քննիչների ուղղորդմամբ  իրենց վրայից սլաքն ուղղում են դեպի այլ մարդկանց վրա, ինչն էլ տարօրինակ ձեւով նրանց մինչեւ հիմա հաջողվում է:

Նրանցից մեկը տնօրեն է եղել, որը ստորագրել է բոլոր փաստաթղթերն ու ներկայացրել հաշվետվությունները` Արտյոմ Մարտիրոսյանը,  եւ Սեւակ Արզարունին /Արծրունի/, ով եղել է սեփականատիրոջ կողմից վստահված անձը:

Բազմաթիվ ֆինանսական փաստաթղթեր են ստորագրվել նրանց ղեկավարման ընթացքում: Նա այն աստիճան է վերահսկել ընկերությունը, որ անգամ մեկ ժամ բացակայելու համար նրան գրավոր կերպով դիմել են: Այս պայմաններում նախաքննական մարմինը համարել է, որ այս երկուսը չեն գիտակցել հարկերի խուսափման մասին, իսկ հարկերից խուսափողը եղել է  Նարեկ Հարթունյանը, ով մինչեւ 2010 թվականը այդ ընկերության հետ առնչություն չի ունեցել:

Շատերդ հետեւել եք Նարեկ Հարթունյանի ձերբակալման գործընթացին:  Կալանավորման գործընթացը. ստանդարտ, շաբլոն ձեւակերպումներով, առանց կոնկրետացնելու, թե ինչու են ձերբակալում,  նրանք կալանավորվեցին` այն հիմնավորմամբ, որ եթե գտնվեն ազատության մեջ, կարող են թաքնվել քննիչներից կամ խոչընդոտել գործի քննությանը:

Չորս օր հետո նրանք երեքն  էլ ազատ արձակվեցին: Փաստորեն դատավորներն ավելի մեղադրական են, քան դատախազությունը:  Աբսուրդ է, երբ դատարանները գտնում են, որ նրանք կարող են  խոչընդոտել գործի քննությանը, հետո մենք բողոքարկում ենք, ասում, որ նրանք չեն կարող խոչընդոտել գործի քննությանը, ու նոր միայն նրանց բաց են թողնում….

….Սա հասարակ հաշվեհարդար է: Քրեական գործով կան ընթացակարգեր եւ կան դատավարական ժամկետներ, որոնք բոլորը խախտվում են….

Մենք հեռուստատեսությունից   ՊԵԿ նախագահի տեղակալից իմանում ենք պատահաբար, որ գործն ուղարկվել է  դատարան:

Եթե ձեր գործն ուղարկվում է դատարան, դուք այդ մասին չպետք է պատահաբար իմանաք հեռուստատեսությունից, ընդ որում` ժամկետից շուտ:

Ալավերդյանը փաստորեն  իր գերատեսչության անունից, ՀՀ-ի անունից,  դեռեւս դատավճիռ չլինելու դեպքում, արդեն հայտարարում է, որ Ն. Հարթունյանը հանցագործ է: Սա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտում է: ՀՀ-ն արդեն  անկախ մնացած հանգամանքներից  սրա համար կրում է պատասխանատվություն իր անզգույշ հայտարարությունների համար:

Եթե այստեղ չհասնենք արդարության, այստեղի դատարաններով չկարողանանք կարգի հրավիրել նրանց, դա կանենք Եվրոպական դատարաններում:

Քրեական գործով փաստաբան Անի Թորոսյան

Ինչ տեղի ունեցավ Նարեկ Հարթունյանի, Անի Մնացականյանի եւ Արթուր Գալստյան  ազատ արձակվելուց հետո:

Մեր պաշտպանյալները չվստահեցին քննիչներին:

Յուրաքանչյուր առերեսում հրավիրելու ժամանակ պահանջում էին փոխել քննիչներին` տեսնելով, որ քննիչներն անհիմն միջնորդություն են ներկայացնում դատարան` որեւէ հիմք չկցելով դրան…

Դրանից հետո հրաժարվեցին ցուցմունքներ տալ նրանց, միայն այն պատճառաբանությամբ, գործը չի վարվում արդար ու անկողմնակալ, սակայն քննիչները շարունակեցին քննել գործը, նրանց բողոքն անտեսվեց….

 Վարչական գործով փաստաբան Գեւորգ Չաքմիշյան-  Ներկայացնում եմ Ջի Էյջ Սթորիջ ընկերությունը` կապված հարկային մարմնի գրած վարչական ակտի հետ, բայց անուղղակիերոն կապված եմ նաեւ քրեական գործին:

Այնքան կոպիտ, անթաքույց եւ պրոֆեսիոնալ առումով անմակարդակ ձեւով է արվում այս ամենը, որ ծիծաղելի  է նույնիսկ ոչ իրավաբանների համար:

Հասարակ օրինակ.  մենք ունենք ստուգման ակտ, մի կողմ թողնենք այն, թե ինչքանով է հիմնավոր: Ընկերությունը վարչական վարույթի շրջանակներում իրավունք ունի բողոքարկելու այդ ակտը, մինչդեռ քրեական օրենսգրքով առաջադրված մեղադրանքը հիմնված է այդ ակտի եւ դրան հարակից այլ փաստաթղթերի վրա:

Եթե Վարչական դատարանն  անվավեր է ճանաչում ակտը, ապա փլուզվում է ողջ քրեական գործը: Մինչդեռ քննական նախաքննության շրջանակում կատարվել են այնպիսի  գործողություններ, որոնք “ապացուցում են” նախաքննակական մարմնի կատարյալ ինքնավստահությունը, այսինքն խափանման միջոց է կիրառվել ձերբակալությունը: Այսինքն ոտնահարվել են  նշված երեք անձանց հիմնարար իրավունքները: Նրանք շատ վստահ են, որ Վարչական դատարանը մերժելու է հայցը` ակտն անվավեր ճանաչել:

Ավելին, վերջին միջնորդություններից օրինակ. հարկային մարմինը միջնորդել էր կասեցնել վարչական վարույթը մինչեւ քրեական գործով դատավճիռ կայացնելը:

Այսինքն ինչ են առաջարկում պաշտոնատար անձինք` ի դեմս հարկային մարմնի, որ վարչական մարմինը կասեցնի իր վարույթը, սպասի մինչեւ այս մարդկանց դատեն, դատապարտեն, այնուհետեւ փոձի վերանայել ակտի հիմնավորվածության փաստը:

Մի բարի օր գուցե պարզվի` ակտն անվավեր է: Եվ այս մարդկանց ինչ պետք է ասեն. “Հարգելիներս, կներե՞ք….”:

Քաղաքացիական գործով փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյան- Հարթունյանների նախկին վստահված անձ Սեւակ Արզարունին հայց է ներկայացրել գումարային պահանջով, սակայն հայցապահանջ չի նշել,  բայց չգիտես ինչու դատարանը վարույթ է ընդունել,  եւ շուրջ մեկ տարի երեք ամիս է, ինչ գործի քննություն է  ընթանում, եւ ոչ մեկիս հայտնի չէ` Սեւակ Արզարունին որքան գումար է պահանջում:

Ակնհայտ է, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում` Հարթունյանների ընտանիքի ունեցվածքի վրա արգելանք դնել:

Դատարանն այս պահին իրականացնում է մի գործառույթ, որ հարիր չէ դատարանին. Փորձում են երկարաձգել արգելանքը, զանազան քայլերի դիմում….

Ընդամենը  երեկ ստացա ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագետի եզրակացությունը, որը շատ զավեշտալի փաստաթուղթ է:

Հայցը ներկայացրել էր Սեւակ Արզարունուն 2010 , եւ գործի համարն էր 27/11, բայց եթե այս փորձագետի եզրակացության հայցի առարկայի մասն ենք կարդում, այսինքն որ գործով է, նշված է. “Ըստ հայցի “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊԸ-ի ընդդեմ Սեւակ Արզարանու, Արտյոմ Մարտիրոսյանի”: Ակնհայտ այլ գործի առարկա է նշված: Այսինքն դատարաններում եթե մի քանի գործ կա նույն մարդու հետ կապված, կարող են խառնել իրար, շփոթել:

Դա  մեկ նպատակ է հետապնդում. ամեն կերպ գույքն արգելանքի տակ պահել, հոգեբանորեն ճնշել: Գործը ձգձգելու միտում կա ակնհայտորեն:

Փորձագետի եզրակացության հետ միասին նաեւ դատարանից ծանուցում ենք ստացել, որտեղ նշվում է, որ հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 24-ին:

Այսինքն երկու ամիս անց, այն էլ ոչ աշխատանքային օր:

Այս տեսակի ձգձգումներն անհիմն են: Այստեղ արդար դատավարության մասին խոսել անիմաստ է:

Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան-Քանի որ մի քիչ շատ եմ խառնվել գործին,   կարող եմ  խոսել: Իրականում Սեւակը զոհ է, կարծում եմ, եւ սա միակ պատմությունը չէ Սեւակի հետ կապված: Նա տարբեր տեղեր շինարարություններ է իրականացրել, եւ կարծում եմ` նրա` այստեղից գնալը կապված է տարբեր պրոբլեմների հետ:

Գուցե Նարեկն ու փաստաբանները համաձայն չեն, բայց ես ասում եմ, որ այս գործի առանցքը Ժամացույցների գործարանն է, որտեղ Հարթունյանների ընտանիքը երկրորդ խոշոր բաժնետերն է, առաջինն այստեղ չէ, ու նա գործի հետ կապ չունի:

Ինչ-որ մարդիկ փորձում են Ժամացույցների գործարանի` Հարթունյաններին պատկանող    մասը վերցնել, որը գնահատում է մոտ 8-10 մլն դոլլար:

Այդ բանակցություններին մասնակցել է նաեւ Ֆինանսների նախարարի առաջին խորհրդական Հայկ Դավթյանը….

Պետք է գնալ դրանց հետեւից: Մի խոսքով գլխավորն այստեղ ժամացույցների գործարանն է: Ուզում են Նարեկենց ճնշել, որ Նարեկը գնա:

 

Դիտվել է 1638 անգամ:
Print Friendly

Leave a Reply