«Գիրքը 20 տոկոսով թանկացնելը բերում է ավելի շատ չարիք, քան օգուտ մեր պետական բյուջեին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2012 13:00

«Օրենքի ընդունումից հետո մտածում էինք, որ կփոխեն: Սակայն ոչ միայն չփոխեցին, այլ նաև իրենք էլ կոնկրետ չեն կարողանում բացատրություն տալ ու, թեև տարին պետք է գրքին նվիրված լիներ, հաշվի առնելով Հայ գրատապության 500-ամյակն ու Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը, այս հարկը կանխում է դա»,- այս մասին ասուլիսում ասաց արձակագիր Արամ Պաչյանը` խոսելով նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի` 20 տոկոսով պետք է թանկանա գիրքը:

Գրողները Ֆեյսբուքում խումբ են ստեղծել` պահանջելով ազատել գիրքն ավելացված արժեքի հարկից: Նրանք վաղը նամակ են հանձնելու վարչապետին ու սպասելու են պատասխանին, որից հետ պարզ կլինի հետագա քայլերը: Նա նշեց, որ հետաքրքիր բաներ են մտածել ու ամեն ինչ անելու են, որ իրենց խոսքը տեղ հասցնեն: Ա. Պաչյանն ասաց, որ իրենց խոստացել են (Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը) հաջորդ շաբաթ ԱԺ-ում քննարկում կկազմակերպեն:

«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հանդիպել են ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ, ովքեր խոստացել են, որ 15-օրյա ժամկետում պարզաբանում կլինի: «Գիրքը հոգևոր ու մշակութային արժեք է ու հարկային դաշտում պետք է արտոնություններ ունենա: Ինչի՞ հավասարվենք Ադրբեջանին ու վճարենք բարձր հարկ: Ինչո՞ւ չհետևենք ավելի լուրջ երկրների փորձին ու ցածր հարկենք»,- ասաց նա: Եթե պետությունը, ըստ նրա, լավ չվերաբերվի գրքին, հասարակությունն էլ լավ չի վերաբերվի: Ընթերցանությունն ամբողջ աշխարհում նվազել է 1 տոկոս, Հայաստանում` 90 տոկոս: «Գրքի նկատմամբ պետությունը պետք է դրսևորվի հատուկ վերաբերմունք»,- ընդգծեց նա:

«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ գիրքն ամբողջությամբ պետք է ազատել ավելացված արժեքի հարկից, ինչպես ազատված են ուսումնական, մանկական գրքերը: Նա նշեց, որ այդ 20 տոկոսն արդեն գրքի վաճառքի վրա ազդել է, մարդիկ շրջվել են էլեկտրոնային գիրքը: «Մենք դեմ չենք, որ մարդիկ շրջվեն դեպի էլեկտրոնային գիրքը, բայց գրքից օգտվելը կուլտուրա է, կան գրքեր, որոնք պետք է անպայման ձեռքով բռնել»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ, օրինակ, «Նոյան տապանում» արդեն կա գիրք, որը հեղինակից գնում են 3000 դրամով ու վաճառում 6000 դրամով: «Այսօր մեր սպառողները, ֆինանսական նկատառումներից ելնելով, չեն կարողանում գիրք գնել»,- ասաց նա:

Նրանց խոսքով, գրքի սպառումը, վաճառքը չպետք է հարկվի ավելացված արժեքի հարկով, ինչպես էր մինչև 2011-ի հունվարի 1-ը: Նրանք պահանջում են, որ ներմուծվող գրքի վաճառքին վերադարձնեն արտոնյալ վիճակ:

«2012 թվականը առանց պետական վերբերմունքի` մեզ պետք չէ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Հ. Հովհաննիսյանն էլ ընդգծեց. «Գիրքը 20 տոկոսով թանկացնելը բերում է ավելի շատ չարիք, քան օգուտ մեր պետական բյուջեին»:

Նախորդող նորություն` Գրքի թանկացում, որը բերելու է `«Հայաստանում ո’չ գրախանութ կմնա, ո’չ էլ հրատարակչություն»

Panorama.am

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply