Օրենսդրական փոփոխությունները չեն կարող հանգեցնել գրքի գների թանկացմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2012 18:53

Ս. թ փետրվարի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարները հանդիպեցին հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրավիրվածներին հանգամանորեն ներկայացրեց գրքի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն առնչվող հարցերը:

 Մասնավորապես հստակ նշվեց, որ 2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ չի կատարվել հրատարակչական ոլորտին կամ գրքերի առք ու վաճառքի ոլորտին վերաբերող որևէ փոփոխություն, որը կարող էր հանգեցնել հրատարակչական գործունեությամբ կամ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը, հետևաբար նաև գրքերի վաճառքի գների բարձրացմանը:

2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ` մասնավորապես <<ԱԱՀ-ի մասին>> ՀՀ օրենքում, կատարվել են ընդհանուր նշանակության օրենսդրական փոփոխություններ` կապված միջնորդական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման մոտեցումների հետ: Սակայն նշյալ փոփոխությունների արդյունքում <<ԱԱՀ-ի մասին>> ՀՀ օրենքով ամրագրված դրույթների ճիշտ կիրառության պարագայում ինչպես հրատարակչական գործունեությամբ, այնպես էլ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ստիպված չեն լինի վճարել որևէ լրացուցիչ հարկ:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այն մասին, որ գործող օրենքում առկա վերոնշյալ կարգավորումների մասին հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաներին կտրամադրվի պաշտոնական պարզաբանում:

 

 

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply