Այրե՛լ հերետիկոսին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 27, 2012 19:48

Մինչև Բայանդուր Պողոսյանի` Մաշտոցի այգու համար հացադուլ հայտարարելը նրան ոչ ոք չէր ճանաչում: Հացադուլ հայտարարելուց հետո էլ նրան առանձնապես չէին ճանաչում, սակայն բավական էր` ինչ-որ տեղից լուր հասներ, թե նա սատանիստ է,  բոլորը հարկ համարեցին խոսել նրա մասին:

Իշխանության խոսնակի դեր կատարող որոշ լրատվամիջոցներ չեն դադարում հայտարարել, թե բնապահպանների կողքին կանգնած են Բայանդուրի պես սատանիստ մարդիկ, ինչպես նաև համասեռականներ, էմոներ, գոթեր, այլմոլորակայիններ, պոչավոր ասուպներ, հերետիկոսներ….

“Ֆեյսբուքում” նույնիսկ հայտնվեցին  Բայանդուրին սատանայական կերպարների հետ զուգորդող լուսանկարներ: Նույնիսկ երեկ “Ֆեյսբուքում” կարդացի. “Ահա թե ովքեր են բնապահպանների կողքին կանգնած մարդիկ. կեսը հանուն գրանտի են պայքարում այգու համար, կեսն էլ սատանայապաշտ են”…

Ինձ բնավ չի հետաքրքրում Բայանդուրի անձը, չեն հետաքրքրում նաև նրա փիլիսոփայությունը, խոհերը, դավանանքը, անձնական կյանքն ու նախասիրությունները: Հարցն այն է, որ մարդն  իր ձևով  է արտահայտում դժգոհությունը Մաշտոցի այգու վերաբերյալ, դա իր ընտրությունն է, ինչը պաշտպանվում է նաև մեր Սահմանադրությամբ:

Մեր հասարակությունում կան այնպիսի մարդիկ, որոնց համար այգուց ավելի կարևոր նշանակություն  ունի տվյալ այգու համար պայքարող անձի անձնական փիլիսոփայությունը: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ մեր հասարակությունն ու չինովնիկներն ապրում են խորհրդային շրջանի բարքերով, որ սովետական պաշտոնավարությունը դեռ գլխավոր արժեքն է ու ներկա չինովնիկների ոճը:

Հիմա վստահ եմ, սակայն, որ իրականում մենք ապրում ենք ինկվիզիցիայի, խավարամտության դարաշրջանում: Պատկերացնո՞ւմ եք, որ հասարակության  մի ստվար զանգված, թողած այգու կարևորագույն հարցը, թողած այն, որ Կենտրոնում շուկա են սարքում, առևտրական մշակույթ են սերմանում երևանցու մեջ, մայրաքաղաքը դարձնում մի մեծ շուկա,  քարկոծում է մի տղայի, որը, լինելով ոչ ավանդական հայացքների տեր մարդ, հացադուլ է հայտարարում հանուն այգու: Ի~նչ ստորություն, ինչ հանդգնություն, ինչպես է համաձակվում  մարդ տարբերվել ու ինչ-որ բանի համար պայքարելԿղերն  ու ճիզվիտները  որոշում են, որ Բայանդուր անունով երիտասարդը հերետիկոս է, և դատապարտում են ողջակիզման: Նրանք, ովքեր նրա շրջապատում են, նույնպես  նման ճակատագիր կունենան….

Գիտե՞ք, որ XXI դարն է

Հասկանալի է, որ նման լուրեր տարածելն իշխանության խոսնակների  (նրանց, քանի որ հենց իշխանությունների ներկայացուցիչներն են այգու բուտիկների  տերերը) աշխատանքն է, դրանով նրանք փորձում են վարկաբեկել այգու համար պայքարողներին: Եվ  դա անում են հասարակության անհանդուրժողականության ու կարծրատիպերն ամրապնդելու հաշվին. դա էլ է փաստ:

Ես  ներկա եմ լինում Մաշտոցի այգում` ակտիվիստների կողքին` իբրև քաղաքացի,  ու դրա համար ոչ գրանտ եմ ստանում, ոչ սատանիստ եմ, ոչ էլ այլ հատկությունների տեր մարդ, ու ինձ բնավ հասկանալի չէ այս աղմուկը` կապված մարդու անձնական հայացքների հետ, հասկանալի չէ` ինչպես են կարողանում մեկը մյուսին կապել մարդու ազատ արտահայտվելու իրավունքն ու նրա խղճի, մտքի, դավանանքի, անձնական կյանք ունենալու իրավունքները:

Անհասկանալի է նաև, որ այդ մարդիկ իրենց եռանդը դրական ու հանրօգուտ երևույթների վրա վատնելու փոխարեն այգու ակտիվիստներին վարկաբեկող լուսանկարներ են տարածում սոցկայքերում, հայհոյում նրանց, ողջ ագրեսիվությունն ուղղում  դեպի այն մարդիկ, որոնք գոնե գիտեն, թե հանուն ինչի են այդ այգում վատնում իրենց ժամանակը:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

 

Դիտվել է 2643 անգամ:
Print Friendly

Leave a Reply