Ազատության հրապարակում առաջացած ճեղքը մտահոգում է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 19:31

«Մինչև տեղում ուսումնասիրություն չարվի ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դա բավականին բարդ կառույց է և տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն է պետք»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ազատության հրապարակում առաջացած ճեղքին`  ասաց ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակից Նորայր Մնոյանը: Նշենք, որ փետրվարի ընթացքում տեղացած առատ ձյան հետևանքով հրապարակը ծածկած սառցե շերտը հալվել է և ճեղք առաջացել:

Ն.Մնոյանը նշեց, որ ինքն այդ նկարը քիչ առաջ է համացանցում տեսել և այսօր այդ մասին կտեղեկացնի նաև քաղաքաշինության նախարարին, իսկ վաղը նախարարության համապատասխան կառույցը տեղում ուսումնասիրություններ կիարականացնի, որպեսզի տեխնիկական վիճակի վերաբերյալ համապատասխան եզրակացություն ունենան:

Հարցին, թե արդյոք Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու նպատակով հիմնափորման աշխատանքների ընթացքում կարող էր վտանգվել հրապարակն ու Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Ն.Մնոյանը նշեց, որ հնարավոր է այդ ճաքը մակերեսային լինի, դրա համար չի կարող որևէ գնահատական տալ: «Միայն նկարը նայելով հնարավոր չէ գնահատական տալ, պետք է ներսից էլ նայենք: Իհարկե մտահոգող է, բայց առանց ուսումնասիրության ոչինչ չենք կարող ասել»,- ասաց Ն.Մնոյանը:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply