Հանրային խորհուրդը կողմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ որոշ վերապահումներով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 20:31

hx1Հանրային խորհուրդը(ՀԽ) կողմ է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու մասին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը:

Արդեն իսկ ՀԽ բոլոր հանձնաժողովներում քննարկվել են արձանագրությունները, և գրեթե բոլոր անդամները կողմ են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը. նման հայտարարությամբ այսօր բացվեց Խորհրդի ամփոփիչ նիստը:

ՀԽ-ն, սակայն, ունի նաև մտահոգություններ. ըստ ՀԽ-ի` «արձանագրությունների վավերացումը բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացների վրա», քանի որ պատմական հարցերին նվիրված ենթահանձնաժողովի ստեղծումը և պատմական հարցերի քննարկումը կարող է ընկալվել որպես Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հանգամանք: Ուստի, ՀԽ-ն կարծում է, որ ենթահանձնաժողովի օրակարգում Ցեղասպանության հարցը չպետք է քննարկվի:

ՀԽ-ն նշում է, որ իշխանությունները պետք է պահպանեն Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ որդեգրած քաղաքականությունը:

ՀԽ-ն նաև առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ միջազգային պայմանագրերում և ներքին օրենսդրությունում, այլապես խնդիրներ կարող են առաջանալ միգրացիոն, ստանդարտների, տրանսպորտային, մաքսային, տնտեսական մրցակցության պաշտպանության և այլ ոլորտներում:

Խորհուրդն արձանագրությունների թերի կողմ է համարում նաև այն, որ նշվում է միայն սահմանների բացման մասին, ինչը  դեռ չի նշանակում ճանապարհների բացում:

Այսօրվա նիստում ՀԽ անդամ Արշակ Սադոյանը նշեց, որ սահմանների բացմամբ կառաջանա ազգապահպանության նոր հայեցակարգ մշակելու անհրաժեշտություն, ինչը ևս պետք է ներառվի ՀԽ առաջարկությունների ցանկում:

Մեկ այլ անդամ Ելենա Վարդանյանն էլ ասաց, որ ՀԽ շատ անդամների հուզում է հարցը, թե ինչու արձանագրություններում ներառված չէ ԼՂ տարածքային ամբողջականության մասին դրույթ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ նման դրույթը կգործի ի վնաս Լեռնային Ղարաբաղի, իսկ  Թուրքիան երբեք չի համաձայնի  փաստաթղթում ինքնորոշման իրավունքի մասին դրույթ ավելացնելուն, քանի որ ունի քրդական խնդիրը: Բացի այդ, «այդ դրույթը ներառելը կնշանակի Ղարաբաղի հարցն արհեստականորեն կապել հայ-թուրքական սահմանի բացմանը»:

ՀԽ-ն նշում է նաև, որ արձանագրություններում «ոչ բացահայտ, ոչ էլ քողարկված կերպով արծարծված չէ ԼՂ հիմնախնդիրը»: Սակայն ՀԽ անդամ, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանն ասում է, որ ԼՂ հարցի մասին քողարկված ակնարկ կա, և ՀԽ-ն չպետք է բացառի դրա հնարավորությունը:

Խորհրդի անդամ, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ կարծիք հայտնեց, որ ներկայիս սահմանների ճանաչումը Հայաստանին միայն պարտավորեցնում է չդիմել ռազմական ուժի` դրանք փոփոխելու համար, սակայն «միջազգային իրավունքի նորմերով հնարավոր է սահմանը փոփոխել խաղաղ ճանապարհով»:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply