Հայ-իտալական «7-րդ զգացողություն» ներկայացումն այսօրվանից «Փոքր թատրոնի» բեմին է
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Գայանե Ասրյան | September 29, 2009 17:28
Հայերի և իտալացիների համատեղ բեմադրված թատերական «7-րդ զգացողություն» ներկայացումն արդեն պատրաստ է: Երևանի «Փոքր թատրոնի» (Աբովյան 11) և իտալական «Վերսիլիադանցա» մշակութային ընկերության համատեղ ներկայացման նյութը վերցված է 10-րդ դարի բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմից:
«Ներկայացումը մեղեդային է, ռիթմիկ, ամբողջությամբ հեղեղված խոսքի, շարժումների, տեսապատկերների և ժամանակակից պարի արտահայտչամիջոցներով, փորձել ենք բացահայտել մարդու մեղքի զգացողության առեղծվածը»,-ասում է հեղինակ-բեմադրիչ Վահան Բադալյանը:
Ներկայացումն այս տարի մասնակցել է Ռումինիայի Սիբիու քաղաքի 16-րդ միջազգային փառատոնին` արժանանալով հանդիսատեսի և թատերագետների բարձր գնահատականներին:
Ներկայացման մեջ օգտագործված է միայն «Մատյան ողբերգության» պոեմի հուզական և զգացական կողմը, հայերեն տեքստը կարդում է հայտնի դերասան Արա Դեղտրիկյանը («Դժբախտ երջանկություն» սերիալի Վարդանի դերակատարը):
Բադալյանն ասում է, որ դրսում բոլորը ցնցված էին հատկապես Արա Դեղտրիկյանի ձայնից, քանի որ այն ամբողջովին արտահայտում է «Մատյան ողբերգության» բովանդակային կողմը:
Սեպտեմբերի 29-ին «Փոքր թատրոնն» իր աշնանային թատերաշրջանը կսկսի «7-րդ զգացողություն» ներկայացումով: Ներկայացումը կցուցադրվի սեպտեմբերի 29, 30, հոկտեմբերի 2,3,5,6,7 օրերին՝ ժամը 20:00:
Հայ-իտալական համագործակցության շրջանակում իտալացի մասնագետներն ուսանողների համար կկազմակերպեն ժամանակակից պարի, թատերական արվեստի մասնագիտական դասընթացներ:






Facebook
Tweet This
Email This Post
