«Մունաթ գալու փոխարեն բերեք ձեր առաջարկությունները». Գ. Սահակյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 27, 2012 16:03

Ազգային ժողովն այսօր քննարկեց ՀՀԿ մի խումբ պատգամավորերի և կառավարության համատեղ ներկայացրած «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին օրենսդրական նախաձեռնությունը», որով նախատեսվում է մարել բոլոր այն ապառքները (հարկային պարտքեր), որոնք քաղաքացիները կուտակվել են մինչև 2008 թվականը: Դրա համար ժամանակացույց կսահմանվի 3 ամսից մինչև 1 տարի: 2008-ից մինչև 2011 թթ. ունեցած պարտքի մայր գումարը մարելու դեպքում հարկատուները կազատվեն տոկոսներից:

Հարկային այս արտոնությունը վերաբերում է 2 միլիոնից ցածր պարտք ունեցողներին:

Օրենսդրական նախաձեռության հեղինակները վստահ են, որ այն կթեթևացնի ազգաբնակչության սոցիալական խնդիրները:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին, միաժամանակ մի շարք հարցեր բարձրացրեց. «Եթե սա բերվեր սեպտեմբերին, հոկտեմբերին կամ անցած նստաշրջանում, ոչ մեկի մոտ ոչ մի հարց չէր առաջանա, իսկ հիմա հստակ առաջանում է` սա ընտրակաշա՞ռք է ընտրություններից առաջ կամ ինչո՞ւ պարտաճանաչ վճարողները, այս մասին ոչինչ չիմանալով, պետք է հայտնվեն անհավասար պայմաններում»,-ասաց նա:

Օրինագիծն ընտրակաշառք լինելու իր հայտարարությունն ապացուցելու համար նա թվարկեց, թե 2009 թվականից սկսած ՀՅԴ խմբակցությունը 10 օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որոնք ընունելու դեպքում, ըստ Հովհաննիսյանի, «հարկատուները նման պարտքերի մեջ չէին հայտնվի, մունաթի տակ չէին ընկնի և այսպիսի նվերներ էլ չէին սպասի կառավարությունից»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, թե տարօրինակ է օրինագծի հեղինակների հիմնավորումն այն մասին, որ հողի հարկի և գույքահարկի բազաներում առկա են բազմաթիվ անճշտություններ, և օրինագծի ընդունմամբ նպատակ կա նաև բազաների տվյալները հստակեցնելու և անճշտությունները վերացնելու: «Այդ ի՞նչ մարմիններ են, որ մինչև հիմա չեն զբաղվել այդ անճշտություններով: Կա՞ արդյոք վերլուծությու, թե որտեղ և ում մեղքով են այդ բազմաթիվ անճշտությունները տեղի ունեցել»,-հարցրեց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, սակայն վրդովեցրեց գործընկերների կողմից «կարևորագույն խնդիրների մասին մունաթով խոսելը»: «Էստեղ քննադական խոսք է հնչում, որ ընդհանրապես օրենքի հետ կապ չունի,-ասաց նա,-ինչ վերաբերում է նրան, թե սա ընտրակաշառք է, ապա ասեմ, որ դա պրիմիտիվ դատողություն է, քանի որ սա ոտքի վրա սարքված օրենք չէ, այլ երկար ժամանակ է` քննարկվում է: Մունաթ գալու փոխարեն բերեք ձեր առաջարկությունները»:

Վարդան Այվազյանն էլ օրինագիծը շոու համարող պատգամավորներին խորհուրդ տվեց. «Դուք էլ լավ բան արեք, թող շոուի համար լինի»:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply