Սեյսմիկ ռիսկի գնահատման ճապոնական որակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 15:01

 

Փետրվարի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգի փորձարկում-շնորհանդեսը։

 

Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրով» (2010-2012 թթ.) նախատեսվեց ներդնել Երևան քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգ` հինգ նոր սեյսմիկ կայաններով, որոնք հագեցված կլինեն ժամանակակից թվային ինժեներային սեյսմոգրաֆներով:

 

Ստեղծվող համակարգը հնարավորություն կընձեռի սեյսմոգրաֆների գրանցումների օգնությամբ անմիջապես որոշել (իրական ժամանակում) երկրաշարժի հիմնական պարամետրերը: Հինգ սեյսմիկ կայաններից ստացված տեղեկատվությունը կհաղորդվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրված համակարգի սերվերին: Իսկ սերվերի ժամանակակից ծրագրային ապահովման փաթեթների օգնությամբ ավտոմատ կգնահատվի Երևան քաղաքի տարբեր տեղամասերում երկրաշարժի ուժգնության ազդեցությունը, ինչն էլ ավտոմատ շուրջօրյա կարտապատկերվի մոնիտորի վրա:

 

ԱԻՆ ՍՊԱԾ մասնագետները կներկայացնեն նոր համակարգը, այնուհետև այցելություն կկազմակերպվի համակարգի «Դավիթաշեն» սեյսմիկ դիտակայան, որից հետո ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում արհեստական երկրաշարժի միջոցով կիրականացվի նոր համակարգի փորձարկումը։

 

Շնորհանդեսի սկիզբը` ժամը 11.00-ին, ԱԻՆ մեծ դահլիճում (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)։


Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply