«Այնքան դժվար է ամեն օր արթնանալ, տեսնել Անիի ավերակները… ի՞նչ սահման բացել` թուրքը մնում ա թուրք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 11:36

Թուրքիայի հետ սահմանամերձ, 93 տնտեսություն ունեցող Շիրակի մարզի Հայկաձոր համայնքի համայնքապետ Ռուդիկ Գևորգյանը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Ընդ որում իր դեմ լինելը ավելի շատ պայմանավորված է ոչ թե քաղաքական դիրքորոշմամբ, այլ թուրքերի հետ ծնված օրվանից, այսպես ասած, հարևանություն անելու հետևանքով.
«Այնքան դժվար է ամեն օր արթնանալ, տեսնել Անիի ավերակները, տեսնել մի տարածք, որ քոնն է եղել ու հիմա թուրքինն ա…. Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ սահման բացել: Ի՞նչ` ընկերություն անենք թուրքի հետ, թե՞ մոտիկություն»,- համայնք այցելած մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ-ական համայնքապետը:

Նրա խոսքով` «կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխում» և «թուրքը հազար տարի էլ անցնի ուզենալու է անել այն, ինչի մասին ասել ու ասում է, ընդ որում հայերեն» (համագյուղացիներին ևս, ինչպես և իրեն, «բախտ է վիճակվել» հենց հայերենով լսել թուրքի սպառնալիքները), իսկ Թուրքիայի հետ սահմանը բացելը, համոզված է, շատ-շատ մեկ տարի բնականոն կյանք կապահովի` դրանից հետո քաոս է սկսվելու. «Շատ խելացի մարդիկ կան, որ այդ հարցը քննարկում են, բայց եթե կառավարության անդամները, որ կողմ են, ապրեին մեր գյուղում, թուրքի հարևանությամբ, հաստատ իրենց կարծիքը կփոխեին»,- ընդգծեց արմատներով մշեցի գյուղապետ Գևորգյանը:

2000թ-ին գյուղի 47 անասուններ անհետացել են արոտավայրից: Ավելի ճիշտ անհետացման պատճառը նշվում է թուրքերի կողմից գողությունը, սակայն գյուղի քունջ-փունջախ խոսում են, որ իրականում թուրքերը չէ, որ բոլոր անասուններին հաջողացրել են անցկացնել մի երկիրը մյուսից Ախուրյան գետով տարանջատող սահմանով: Բայց` անասուններին տիրություն անող չոբանը, ամեն դեպքում, գողոնի տերերին վճարել է ողջ գումարը` շուրջ 2 մլն դրամ: Այլ դեպքեր էլ են եղել, երբ հայկաձորցիներն ու թուրքերն առնչվել են, սակայն Ռ.Գևորգյանը գերադասեց լռել:

Հայկաձորը ուղեկալի հարևանությամբ է հենց, սակայն բնակիչներն ինքներն էլ պակաս չեն սահմանապահի գործառույթներն իրականացնում. բոլորովին վերջերս դեպք է եղել, երբ հենց իրենք են բռնել մեկին, ով ցանկանում էր անօրինական այդ ճանապարհով անցնել Թուրքիա: Բռնել ու հետ են պահել այդ ճամփից` թուրքի անուն լսել անգամ այս գյուղում չեն ուզում… Ու թեև գյուղի մեծերը հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում ու այդպես ընտանիք պահում, նրանցից և ոչ մեկը, մանավանդ կանայք, Թուրքիայում երբևէ չի աշխատել ու, վստահորեն շեշտեց համայնքապետը, չի էլ աշխատելու:
Բնականաբար, փոքր համայնքապետը չի կարող հայ-թուրքական սահման բացել-չբացելու հարցերին խառնվել, առավել ևս միջամտել, բայց իրենց գյուղի մակարդակով որոշ քայլերի գնում են:

Օրինակ. քանի որ շուրջ 1015 տարվա պատմություն ունեցող և նախկինում Ղոշովանք անունը կրող այժմյա Հայկաձորը Անի քաղաքի շրջակա գյուղերից է և Անիի միջնաբերդից հեռու է ընդամենը 3կմ, գյուղապետը պատվիրել է Անիի մակետը, որը մինչ տարեվերջ կտեղադրվի թանգարանատիպ կառույցում` այն նոր է կառուցվում է: Կառույցն էլ, իր հերթին, գտնվելու է այն տեսաբլրի հարևանությամբ, որտեղից սովորաբար Հայաստանի այս ծայրը հասած զբոսաշրջիկները` հիմնականում սփյուռքահայերը, սրտում դառը կսկիծով դիտում են Անիի ավերակները. «Նրանք սկզբից հնարավորություն կունենան մակետի շնորհիվ տեսնել այն քաղաքը, որ եղել է նախկինում և դրանից հետո արդեն հեշտությամբ պատկերացնել, թե ներկայիս ավերակներից, որ մեկն ի՞նչ է եղել դարեր առաջ»,- պատմեց առաջիկա ծրագրերի մասին սահմանամերձ գյուղի ղեկավարը:

Մի ցանկություն ևս ունի Ռ.Գևորգյանը. գյուղի հարակից արոտավայրերում պահպանվել է մի քար, որի վրա Ցեղասպանության ժամանակ գլխատում էին հայերին` մեծ ու փոքրին և գյուղապետը ցանկանում է այն ևս հասու դարձնել զբոսաշրջիկներին, քանի որ` «դրանից հետո էլ հաստատ չեն ուզի սահման բացել թուրքի հետ. թուրքը մնում ա թուրք»:

Բացի Անիի ավերակներին հեռվից նայելու հնարավորությունը, գյուղում ևս մեկ հնություն կա, որ այստեղ է բերում սփյուռքահայերին` 9-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն այժմ ուղեկալի տարածքում է: Ամեն անգամ այն այցելելու համար սահմանապահները անցագիր են դուրս գրում, բայց առաջիկայում, հավաստիացրեց գյուղապետը, այդ խնդիրը ևս կլուծվի ու այլևս հայկական եկեղեցուն հասնելու համար նման անհարմարություն հաղթահարելու կարիք չի լինի:
…Սահմանամերձ այս գյուղի կյանքը թերևս ոչնչով չի տարբերվում նմանատիպ գյուղերի ճակատագրից` աշխատանք չկա, հող կա` փող չկա այն մշակելու համար, երիտասարդությունը հիմնականում լքում է գյուղը մեծ քաղաքներում ավելի լավ բախտի արժանանալու ակնկալիքով և միայն տարեցներն են, որ շարունակում են իրենց հողը թուրքից պահել. «Բա որ մենք էլ գնանք, էս հողը ո՞ւմ ենք թողնելու: Բա չտենա՞ն, որ ստե մարդ կա, իրանց դիմադրող կա, ՀԱՅ կա.. »: Ու այդպես էլ հայրենի հողը պահում են` ձմեռվա պարապ ամիսները ինտերնետում անցկացնելով` ի վերջո սահմանամերձ է, հո՞ հետամնաց գյուղ չէ:

 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply