Խոշոր ավտովթար «Չայնիի ոլորաններում». փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 6 վիրավորի (ֆոտոշարք)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 11:18

Այսօր՝ փետրվարի 26–ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան–Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ–ին՝ «Չայնիի ոլորաններում», իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 43 ՕՏ 820 համարանիշի և «Սուբարու» մակնիշի 22 ՏԼ 627 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»–ի միջից վիրավորներին դուրս բերելու համար շտապ վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարար վարչության, ինչպես նաև Աբովյանի հրշեջ–փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ Կոտայքի մարզի փրկարար վարչության պետ Գեղամ Գրիգորյանի և Աբովյանի հրշեջ–փրկարարական ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջամտության արդյունքում ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին, ովքեր տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանը հայտնում է, որ «Ֆորդ Տրանզիտ»–ը վարել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 50-ամյա Արամ Հովակիմյանը, իսկ «Սուբարու»–ն վարել է Երևանի Կարապետ Ուլնեցու 5-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Սոս Սարգսյանը։ Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Սուբարու»–ի ուղևոր, 67-ամյա Սվետա Ղափլանցյանը։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն  Խանամյանը։ Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ։ Քննիչի հանձնարարականով ոստիկանությունը փորձում է պարզել հիվանդանոց տեղափոխված մյուս 5 անձանց ինքնությունը։ Վթարի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ «Ֆորդ Տրանզիտ»–ը տեղափոխում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդներին։

aravot.am

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply