Ժեստերի լեզուն եթեր կվերադառնա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 27, 2012 10:46
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը կատարված փոփոխություններով` 5.1-րդ` սուրդոթարգմանության մասին հոդվածով, ուժի մեջ է մտնելու 2012 թ-ի փետրվարի 28-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի տեղեկատվության եւ արտաքին կապերի բաժնի պետ Լիլիթ Գազազյանը, համաձայն օրենքի` Հանրային հեռուստառադիոընկերությունը եւ մանկական եւ/կամ լրատվական հեռուստահաղորդումներ հեռարձակող մասնավոր հեռուստաընկերությունները պարտավորվում են հեռարձակել օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական եւ/կամ լրատվական հեռուսահաղորդում uուրդոթարգմանությամբ (ժեստերի լեզվով) կամ հայերեն լուuագրով:
«Լսողական խանգարումներ ունեցող երեխաների առաջնային խնդիրը տեղեկատվության պակասն է, այսօր լրատվական դաշտը փակ է լսողական խանգարումներ ունեցող երեխաների համար,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը: Նրա խոսքով` լսողական խանգարումներ ունեցողներին օդի ու ջրի նման անհրաժեշտ սուրդոթարգմանությունը կարեւոր է առաջին հերթին տեղեկատվությունը մատչելի ձեւով ստանալու տեսանկյունից: Ավետիսյանի կարծիքով` հատկապես մանկանան մուլտֆիլմերը եւ հաղորդումները պետք է ուղեկցվեն սուրդոթարգմանությամբ:
«Տասը տարի է` խոսում եմ այս մասին, հանդիպել եմ ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների հետ. դա թանկ հաճույք չէ իրականում»,- շեշտեց կրթահամալիրի տնօրենը:
Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` Ավետիսյանը նշեց, որ սուրդոթարգմանություն իրականացնելու համար բավական է միայն թարգմանչի առկայություն, քանի որ այն պարզ գործընթաց է, որը որեւէ տեխնիկական բարդություն չի առաջացնում: Տնօրենի հավաստմամբ` բազմաթիվ հեռուստաընկերությունների պատճառաբանությունը, թե լրատվական թողարկումներն ուղեկցվում են վազող տողով, անընդունելի է, քանի որ վազող տողը հաճախ նորմալ տեսողություն եւ լսողություն ունեցող մարդկանց համար էլ դիտման եւ տեղեկատվությունը արագ ընկալելու առումով որոշակի բարդություններ է առաջացնում: Ավետիսյանը վստահեցրեց, որ կրթահամալիրի մասնագետները պատրաստ են օգնության ձեռք մեկնելու հեռուստաընկերություններին այս հարցում:
Լսողական խնդիրներ ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքի եւ նրան առնչվող խնդիրների մասին բարձրաձայնվեց 2011 թ-ի հունվարին, երբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվեց 18-ի: Սուրդոթարգամանությամբ լրատվություն ապահովող հեռուստաընկերությունը՝ ԱԼՄ-ն ՀՌԱՀ-ի հայտարարած կապուղիների մրցույթում թվային հեռարձակման լիցենզիա չստացավ եւ հունվարի 20-ից զրկվեց հեռարձակման իրավունքից:
«Լրագրողներ հանուն ապագայի»-ի ՀԿ-ի նախաձեռնությամբ` «Լռության ձայն» համայնքն ակտիվ պայքար սկսեց լսողական խնդիրներ ունեցող անձանց տեղեկացված լինելու իրավունքի համար, դիմեց տարբեր գերատեսչական մարմինների` հասնելով նրան, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը համալրվեց 5.1-րդ հոդվածով:
Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում լսողական խնդիրներ ունեցող անձանց թիվ 3500 է:






Facebook
Tweet This
Email This Post
