Երիտասարդներին բնակարանով ապահովման ծրագիրը նոր թափ է ստացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 11, 2009 13:41

untitled4ՀՀ կառավարության «Երիտասարդներին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից օգտվելու համար արդեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն դիմել են մոտ 1000 երիտադարդներ և երիտասարդ ընտանիքներ: Նախարար Արմեն Գրիգորյանը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ չնայած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով այն նախատեսված էր իրականացնել 2010թ-ին, սակայն ՀՀ վարչապետի հստակ հանձնարարականով աշխատանքներն այս տարի մեծ թափ են ստացել:

Ստեղծված համապատասխան հանձնաժողովն ավարտել է պահանջարկի ստուգման աշխատանքները և ներկայացրել է կառավարություն: Նախարարի հավաստիացմամբ` ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ քննարկված ծրագիրը պատրաստ է և այս տարի կարող է գործարկվել:

Ծրագիրը ենթադրում է ճկուն համակարգով պետության կողմից 10-15 տարի մարման ժամկետով անտոկոս փոխառության տրամադրում` հիփոթեքային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի միջինը 30 տոկոսի չափով: Նախարարը նշեց, որ Երևանում կֆինանսավորվի հիփոթեքային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի 20 տոկոսի չափով, մարզերում` 30, իսկ սահմանամերձ գոտիներում` 40 տոկոսի չափով:

Ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդները (18-30 տարեկան ՀՀ քաղաքացիներ) և երիտասարդ ընտանիքները (որտեղ ամուսիններից առնվազն մեկի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը կամ երեխա խնամող միայնակ ծնող, ում տարիքը չի գերազանցում 30 տարեկանը): Նախարարի խոսքերով` առաջնահերթությունը կտրվի այն ընտանիքներին, որտեղ առավել թվով երեխաներ կան:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply