ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկել են ձգձված հակամարտությունների հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2012 15:41

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական` ձմեռային նստաշրջանն անցկացվել է փետրվարի 23-24-ը Վիեննայում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը, նստաշրջանի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորմանը:

«Ձգձգված հակամարտությունների կարգավորումը եզակի հնարավորություն է ստեղծում ԵԱՀԿ տարածքում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է ԵԱՀԿ նախագահության անունից հանդես եկող Իռլանդիայի` եվրոպական հարցերով նախարար Լյուսինդա Քրեյգտոնը: Այս համատեքստում նա նաև կարևորել է խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը, որը, նրա կարծիքով, նույնպես կարող է նպաստել ԵԱՀԿ տարածքում երկխոսության ամրապնդմանը: 

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման ձևաչափերին` իռլանդացի նախարարն ընդգծել է, որ ԵԱՀԿ նախագահությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Ժնևյան բանակցային ձևաչափին` Վրաստանում առկա հակամարտությունների կարգավորման համար, 5+2 ձևաչափին` Մերձդնեստրի հակամարտության կարգավորման համար և Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Մենք սերտորեն աշխատելու ենք Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ընդգծել է Քրեյգտոնը:

Ձգձված հակամարտությունների խնդրին անդրադարձ է կատարել նաև խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը: Վերջինիս նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել լատվիայի պատվիրակ Վիլիյա Ալեկնեյտե-Աբրամիկիենեն, ով ընդգծել է, որ ԵԱՀԿ տարածքի ձգձգված հակամարտությունները շարունակում են մնալ անվտանգության և կայունության հիմնական խաթարող հանգամանքները: Զեկուցողը ողջունել է անցած տարի 5+2 ձևաչափով Մերձնդեստրի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկը:      

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցում են ԵԱՀԿ անդամ երկրների 320 պատվիրակները: Վեհաժողովում հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը:   

 

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply