Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2012 19:00

Այսօր Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեցին Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները: Քննարկամանը ներկա էին ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այլև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ` ազգային խնդիրները համակարգող Նաիրա Գուլյանը:

Հանձնաժողովի նախագահ Սուրեն Զոլյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի մասնակցությունը նիստին նպատակ ունի սերտացնել ազգային փոքրամասնությունների հետ արդյունավետ համագործակցելու եղանակները:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մի շարք հարցեր ուղղեցին Գենյա Պետրոսյանին` այդ թվում նաև կրթական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ: Մի օրինակ բերվեց, որ դպրոցներից մեկի տնօրենը մերժել է մալականի երեխային ընդունել ռուսական դպրոց` պատճառաբանելով, թե նա ռուս չէ: Հայաստանում բնակվող մի ուկրաինացի էլ ցանկանում է իր թոռնիկին ռուսական դպրոց ընդունել տալ, սակայն նրան մերժում են, քանի որ երեխայի ծնողների անձնագրերում գրված է, որ նրանք հայ են:

Բարձրացվեց նաև պետական գերատեսչություններում պաշտոնական փաստաթղթերը ռուսերեն լեզվով տրամադրելու հարցը (հիշեցնենք, որ ՀԽ համապատասխան հանձնաժողովը նախորդ տարի քննարկել էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պաշտոնական փաստաթղթերը ռուսերենով տրամադրելու հարցը, համապատասխան դիմում էր ներկայացվել ՀՀ կառավարությանը, և խնդիրը լուծվել էր): Սակայն խնդիրն այն է, որ այդ որոշման մասին որոշ գերատեսչություններում` մասնավորապես մարզերում, տեղյակ չեն:

Վարդան Ասցատրյանի խոսքով, պետական կառույցների համապատասխան պաշտոնյաները պետք է քաջատեղյակ լինեն ազգային փոքրամասնությունների խնդիրներին, ինչի նպատակով նրանց համար նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:

Ասորիներն էլ բարձրացրին Հայաստանում ասորիների դեմ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը հիշատակող հուշարձան կառուցելու հարցը, որի վերաբերյալ ժամանակին Երևանի քաղաքապետարանը հողհատկացման դրական որոշում է կայացրել, սակայն հետագայում որոշումը կասեցվել է:

Սուրեն Զոլյանի կարծիքով, ընդհանուր առմամբ  Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են, ինչի երաշխիքն է նաև այն, որ Հայաստանը միացել է Եվրախորհրդի` ազգային փոքրամասնությունների իրավունքների խարտիային:

Գենյա Պետրոսյանն էլ նկատեց, որ տարվա ընթացքում իրենք անհատական բողոքներ գրեթե չեն ստացել:

 

 

 

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply