ԱՄՆ դատարանը զրկել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում ստանալուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2012 17:00

ԱՄՆ դատարանի որոշումը ցույց է տալիս Սպիտակ տան մեղսակցությունը Թուրքիայի` Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով ԱՄՆ 9-րդ դաշնային Վերաքննիչ  դատարանի փետրվարի 23-ին ընդունած որոշունը, համաձայն որի` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները չեն կարող ԱՄՆ դատարաններ հայցեր ներկայացնել գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ եւ այդ ընկերություններից փոխհատուցում պահանջել իրենց նախնիներին վաճառած պոլիսների համար:

«Արմենպրես»-ին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից տեղեկացրին, որ Արամ Համբարյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է հավուր պատշաճի ճանաչի մարդկության նկատմամբ իրականացված ամենամեծ ոճրագործությունը:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի ունեցվածքի հատուցման մասին Կալիֆորնիայի օրենքի վերաբերյալ դատարանի որոշման կապակցությամբ: «Ես հիասթափված եմ դատարանի այս որոշմամբ եւ չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այս որոշմանը իրավական հիմնավորում տալ»,-նշել է Շիֆը: Los Angeles Times պարբերականը տեղեկացնում է, որ համաձայն դատարանի որոշման` միայն ԱՄՆ դաշնային կառավարությունն իրավունք ունի դատարան հայց ներկայացնել օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ: 2000թ-ին Կալիֆորնիայի նահանգի Կոնգրեսն օրենք է ընդունել, համաձայն որի` Կալիֆորնիայի դատարաններին թույլատրվել է քննել 1875-1923 թթ-ի Ասիայում եւ Եվրոպայում հայերին վաճառված ապահովագրական պոլիսների համար գերմանական ապահովագրական ընկերության իրավանախորդ կամ դուստր ընկերություններից փոխհատուցում պահանջելու առնչությամբ հայցերը: Դատարանի որոշման մեջ նշված է. «Սահմանադրությունն իրավունք է վերապահում դաշնային կառավարությանը արտաքին հարաբերություններ վարելու: Արտաքին հարաբերությունների հայեցակարգի համաձայն` նահանգային օրենքները, որոնք միջամտում են դաշնային իրավունքին, կանխարգելվում են»: Համաձայն պարբերականի` այս որոշման մեջ հաղորդվում է, որ նահանգային դատարաններն իրավունք չունեն որոշումներ կայացնել հարցերի շուրջ, որոնք կարող են ազդել արտաքին հարաբերությունների վրա: Սա երրորդ անգամն է, որ դատարանն այս հարցը քննության է առնում:

 

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply