Զարգացման բանկը 15 մլն դոլար տրամադրեց Հայաստանին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2012 16:41

Այսօր Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` սպասարկման մի շարք տարածքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով:

Ծրագրի շրջանակում մասնավորապես կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR+փոփոխական մարժա: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թվականի հունիսի 30-ին:

 

 

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply