2010թ. բյուջե. կառավարությունը կրճատում է չինովնիկների կոմֆորտի ծախսերը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | սեպտեմբերի 29, 2009 14:47

tigran-davtyanՍեպտեմբերի 28-ին կառավարությունը հաստատեց 2010թ. բյուջեն 859,6 մլրդ դրամ ծախսով (դոլարի այսօրվա փոխարժեքով՝ մոտ 2.2մլրդ դոլար):

Բյուջեի եկամուտները կլինեն 676,6 մլրդ դրամ(մոտ 1.7 մլրդ դոլար), դեֆիցիտը կկազմի` 183 մլրդ դրամ,(0.47 մլրդ դոլար) այսինքն՝ ծախսերի 20 տոկոսը։

«ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը նոյեմբերին կներկայացվի ԱԺ։
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այն բնորոշեց որպես «տնտեսության կայունացման» բյուջե: Նա ասում է, որ 2010թ. բյուջեն կազմվել է հաշվի առնելով այս տարվա տնտեսական անկումը:

«Կայունացման միտումները, որոնց մասին մենք արդեն կանխատեսել էինք, արդեն ստացան իրենց թվային արտահայտությունները(հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական անկումը կազմել էր 18.4 տոկոս, այսինքն՝ 0.1 տոկոսով աճ է արձանագրել հունվար-հուլիս ամիսներին՝ 18.5 տոկոս անկման համեմատ),- ասաց նախարարը,- մենք կատարել ենք հաշվարկներ, և տարվա կտրվածքով հավանաբար կլինի 15 տոկոս անկում»:

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ մյուս տարվա բյուջեի կատարողականը կախված է այն բանից, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ կիրականացնի կառավարությունը: «Ծախսային մասի 20 տոկոս կազմող դեֆիցիտը լուրջ թիվ է, որն իրականացնելու համար պետք է նորից դրսից միջոցներ ներգրավեն,- ասում է Թևանյանը,- Թե ինչքանով է իրատեսական մյուս տարվա բյուջեն, չեմ կարող ասել: Այս տարվա համար կառավարությունը հայտարարել էր 3 տոկոս տնտեսական աճ, բայց ունեցանք համարյա 20 տոկոսանոց անկում»:

Տիգրան Դավթյանն ասում է, որ կառավարությունը չգնաց բյուջեի ծախսային մասի կրճատման (սեկվեստորի), որովհետև ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսվարող սուբյեկտները խուսափում են ներդրումներ անելուց, պետությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա տնտեսությունում` անկման ցուցանիշերը նվազեցնելու համար:

Բյուջեի ծախսային մասն ապահովելու համար կառավարությունը դիմեց ԱԺ, որ թույլատվություն ստանա բարձրացնել դեֆիցիտի չափը: Այն ընդունվեց մինչև 7.5 տոկոս (դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատամամբ), իսկ այս դեֆիցիտը ծածկելու համար այս տարի պետությունը 3 վարկեր ստացավ`Ասիական զարգացման բանկից 80 մլն դոլար, Համաշխարհային բանկից 60մլն դոլար և Արժույթի միջազգային հիմնադրամից 305մլն դոլար:

2010թ. բյուջեի 183 մլրդ դեֆիցիտի մոտ 50 տոկոսը նախատեսված է ծածկել այս միջոցներից:

2010թ. բյուջեի ծախսերը լինելու են ավելի քիչ(նախորդ տարվա համեմատ 10 տոկոս քիչ), և հիմնականում պակասեցվել են պետական կառավարման համակարգային ծախսերը: Ֆինանսների նախարարն ասում է, որ համարյա զրոյացվել են տրանսպորտային և այլ գույքային գնումները, իսկ պատվիրակությունների ընդունման և գործուղումների հետ կապված ծախսերը կրճատվել են մոտ 50 տոկոսով: «Չեն կրճատվել միայն սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտի ուղղվածության ծախսերը»:

Դավթյանն ասում է, որ 2010-ին սպասվում է 1.2-1.3 տոկոս աճ:

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Աստարյանն ասում է, որ մյուս տարի Հայաստանում կլինի 1.5-2 տոկոս տնտեսական անկում:

Դավթյանն ասում է, որ մյուս տարվանից սկսած ՀՀ կառավարությունը որդեգրելու է բյուջեի դեֆիցիտի նվազեցման քաղաքականություն: Այս տարին նախատեսում է ավարտել 6.5-7 տոկոս դեֆիցիտի չափ, իսկ 2010թ. բյուջեի օրենքում այդ ցուցանիշը սպասվում է, որ լինի մինչև 5-6 տոկոս. «որից հետո մենք տարիների ընթացքում այն աստիճանաբար կիջեցնենք և կվերադառնանք 3 տոկոս ցուցանիշին»:

Թևանյանն ասում է, որ կարևորը տնտեսության վիճակն է. «պետք է նայել, թե ինչքանով այդ բյուջեն կնպաստի տնտեսության վերականգնմանը: Իսկ այդպիսի միտումներ ես չեմ տեսնում»:

Դիտվել է 1963 անգամ:

Leave a Reply