Սփյուռքահայն էլ հայ է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 24, 2012 16:03

Սփյուռքահայ ներդրողների հանդեպ իրականացվող քաղաքացիաիրավական, տնտեսական, դատական, հարկային և մաքսային պրոցեսները  սոսկ տնտեսական վեճեր չեն: Հայաստանում լուրջ ու աղմկահարույց խնդիրների հանդիպած սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ այսօր անդրադարձ կատարվեց տնտեսական Հայաստանի իրականություններին:

“Մենք ունենք գործարար միջավայրը բարելավելու, պետական մարմինների և գործարարների միջև հարաբերությունները բարելավելու, ինչու ոչ` նաև քաղաքացիների մտածելակերպը փոխելու խնդիրներ: Տարբերությունն այստեղ կայանում է նրանում, որ, լինելով փոքր երկիր, ուր ավելի մեծ դեր են խաղում կապերը, այն մարդիկ ովքեր հայաստանցի են և Հայաստանում են բիզնես գործունեություն իրականացնում, իմ կարծիքով, կարողանում են ինչ-ինչ կապերով ու եղանակներով իրենց հարցերը լուծել:  Բնական է, որ օտարերկրացու` նաև սփյուռքահայի համար, այդ ամենն անելն ավելի դժվար է”,- այս կապակցությամբ նշեց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը:

Սփյուռքահայ “քցված ” ներդրողները, ինչպես Էդմոնդ Խուդյանը, այդ ամենից գլուխ չեն հանում, ընկնում են խարդախ խաբեբաների լարած թակարդներն ու արդյունքում տուժում է Հայաստանի գործարար իմիջը:

“Ես շատ ցավով եմ լսում այն գնհատականները, որոնք հատկապես նոր ստեղծված նորանկախ 20 տարեկան պետության մեջ օբյեկտիվ պատճառով գոյություն ունենալու պայմաններում կարող են որակվել և առանձին դեպքում նաև վարկաբեկել մեր պետությունը: Սփյուռքահայերը Հայաստանում օգտվում են նույն իրավունքներից, ինչ Հայաստանի հայերը: Եվ որևիցե տարբերություն այդտեղ չկա: Ավելին` օրենսդրության մեջ օտարերկրյա ներդրումները խթանող  դրույթներ են եղել, որոնցից օգտվել են նաև սփյուռքահայերը”,- ասաց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նա նշեց նաև, որ համաձայն է Արա Նռանյանի հետ, որ համակարգը դեռևս կատարյալ չէ, բայց հավելեց, որ չկա այնպիսի երկիր, ուր չլինեն տնտեսական վեճեր: Սակայն տնտեսական վեճ ձևակերպմանը դեմ է Սփյուռքահայ “քցված” ներդրող Էդմոնդ Խուդյանը: Նրա համոզմամբ` “Այստեղ տնտեսական վեճ չի, այլ բացահայտ հանցագործություն, որի բոլոր մանրամասնությունները ներկայացված են եղել դատական մարմիններին: Ընկերության տնօրենը, որոշ մարդկանց հետ հանցավոր համաձայնության գալով,  կանխամտածված  թալանել են ինձ”:

 

 

 

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply