Սփյուռքահայը փողի տոպրակ չէ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 24, 2012 15:39

Հայաստանում սփյուռքահայերին ընկալում են, որպես փողի տոպրակ, որ պետք է անպայման դատարկվի: Ամեն ոք մտածում է ինչ-որ ձևով ստանալ այդ փողերը: Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտնեցին դատական քաշքշուկների և սկանդալների մեջ գտնվող սփյուռքահայ մի քանի գործարարների շահերի պաշտպան փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Սամվել Ջաղինյանը:

“Հայաստանում գոյություն ունի խնդիր օրենքի միատեսակ կիրառման հետ կապված, և սփյուռքահայն ավելի խոցելի է այդ առումով և չի կարողանում իր իրավունքներն այստեղ պաշտպանել: Եվ, այսպես ասած` քցված լինելով, նա թողնում ու հեռանում է հայրենիքից, ինչն իր հետևից ծանր հետևանքներ է բերում: Նա այնտեղ պատմում է, որ Հայաստանում անօրինականություններ են, իրենք չեն  կարողանում իրենց իրավունքները պաշտպանել և այլն: Իմ կարծիքով` Հայաստանցիների համար սփյուռքահայը փողի քսակ է, և երբ նա գալիս է Հայաստան, ուրեմն պետք է անպայման այդ փողերը ինչ-որ հեշտ ձևով յուրացնել: Ուղղակի հասարակության մեջ նման խնդիր կա”,- ասաց սփյուռքահայ մի շարք գործարարների շահերի պաշտպան, փաստաբան Սամվել Ջաղինյանը:

Սփյուռքահայերի հարցերին արագ ու արդյունավետ լուծում տալու, ինչպես նաև համասփյուռ հայության իրավունքներն ու շահերը ներկայացնելու համար ստեղծված սփյուռքի նախարարությունն էլ պետք է հարթի առաջացող խնդիրները` իր իրավասությունների և հնարավորությունների սահմաններում` իհարկե: Նախարարության ներկայացուցիչը չհերքեց, որ որոշ սփյուռքահայերի նկատմամբ, այնուամենայնիվ, օրենքը ոչ միատեսակ է կիրառվում:

“Ես կարող եմ ասել, որ մեր նախարարութանը միշտ տարբեր հարցերով դիմում են սփյուռքահայեր: Եվ մենք, ամեն դեպքում, փորձում ենք նրանց աջակցել և հետևում ենք այն գործերին, և փորձում ենք պաշտպանել նրանց շահերը, որպեսզի նրանք իրենց պաշտպանված զգան Հայաստանում: Մենք ունեցել ենք տարբեր դիմումներ, որոնք կապված են և’ մաքսային հարցերի հետ, և’ կացության վիճակի հետ: Այսինքն` որոշակի խնդիրներ են ունեցել մարդին: Շատ դեպքերում այդ խնդիրներն առաջանում են նրանից, որ իրենք իրականում չեն պատկերացնում, ծանոթ չեն օրենսդրության հետ, որոշ դեպքերում` երևի,  որոշակի խախտումներ են տեղի ունենում”,- ասաց  սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյան:

Կողմերը նշեցին, որ այս հարցը հրատապ լուծման կարիք ունի. հակառակ դեպքում` սպառնում է հայրենիք սփյուռք հարաբերություններում և հայաստանցի-սփյուռքահայ շփումներում անվստահության ու հիասթափության մթնոլորտը խորացնել:

 

 

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply