«Եվրատեսիլ 2012»-ին չմասնակցելու հայ երգիչների հայտարարությունը համալրվում է նոր անուններով
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | February 24, 2012 15:33
Հայ երգիչները փետրվարի 23-ին հանդես եկան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին չմասնակցելու հիմնավորված հայտարարությամբ: Ներկա պահին հայտարարության մեջ նշված են 18 հայ երգիչների անուններ, որոնց թվում են Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Նունե Եսայանը, Էմմին, Արթուր Իսպրյանը:
«Հայտարարության մասնակից երգիչների թիվը գնալով աճում է, ամեն վայրկյան համալրվում է նորերով»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նրա խոսքով` Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ տարածած հայտարարությունն այն մասին, որ Բաքվում կայանալիք մրցույթում Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասները հայտնի կդառնան մարտի 18 –ին դեռեւս ուժի մեջ է, եւ Հայաստանի մասնակցության վերաբերյալ պատվիարկությունը որեւէ վերջնական որոշում ներկա պահին չունի:
«Փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եվ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին, Ադրբեջանը, ինչպես երեւում է, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլեւ ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար:
Այս պարագայում մենք` ներքոստորագրյալներս, հրապարակավ հայտարարում ենք, որ լրջագույն վերապահում ունենք` կապված Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցության հետ կապված»,-նշված է երգիչների` փետրվարի 23-ին տարածած հայտարարության մեջ: Նրանք հայտարարում են, որ հրաժարվում են մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին, մասնավորապես այն բանի համար, որ մրցույթը հյուրընկալող երկրում զանգվածային ջարդերը, կոտորածները, հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի:
«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում եւ Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր եւ կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը եւ մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը «Եվրատեսիլ-2012»-ին չմասնակցելու կոչ անողները մասնակցելու հավանականությունը չեն հերքում այն պարագայում, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշում կայացնի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտ, որը երգիչների համոզմամբ` առկա էր այս տարի Հայաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի օրերին, որին Ադրբեջանը մասնակցության հայտ չէր ներկայացրել: Երգիչները բարձրաձայնում են, որ պատրաստ են մասնակցել «Եվրատեսիլ»-ի բոլոր հետագա մրցույթներին, հայտկապես այն պարագայում, երբ 2006 թ-ից` Հայաստանի եվրատեսիլյան կենսագրության մեկնարկի տարեթվից սկսած մեր երկիրն ակտիվորեն մասնակցել է մրցույթի ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական ձեւաչափում: Միջազգային երգի 57-րդ մրցույթին, որն անց է կացվելու Բաքվում մայիսի 24-26–ը, մասնակցության հայտ է ներկայացրել 43 երկիր:






Facebook
Tweet This
Email This Post
