Այսպես վատնվում է սփյուռքահայերի վստահությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 24, 2012 15:31
Հայաստանում ներդրումներ կատարող և բիզնես հիմնող սփյուռքահայերի համար արհեստական խոչընդոտներ, պրոբլեմներ ստեղծելով և նրանց փողերը յուրացնելով` Հայաստանի Հանրապետությունը կորցնում է իր վստահությունը սփյուռքահայերի շրջանում: Այս խնդիրը քննարկելու համար այսօր հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին մի շարք պետական և հասարակական գործիչներ` ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանն ու Ստյոպա Սաֆարյանը, սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, խնդիրներ ունեցող սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպան փաստաբաններ Նիկիոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Սամվել Ջաղինյանը:
“Մեն մի քանի գործեր ենք վերլուծել, և մեզ մոտ այն կարծիքն է, որ կորել է սփյուռքահայ ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ: Մենք տարբեր վստահորդներ ունենք, որ իրենց բիզնեսն արդեն տեղափոխում են հարևան Վրաստան: Եվ մենք ուզում ենք կանխել այդ գործընթացը: Չասենք, որ նման միտում, նման երևույթ մեզանում գոյություն չունի”,- նշեց քննարկման նախաձեռնող Նիկոլայ Բաղդասարյանը:
Սփյուռքահայ ներդրողների կատարած գործին անդրադարձավ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը, ով ասաց, որ սփյուռքահայերը գալիս են այստեղ, նախևառաջ նպատակ ունենալով իրենց գումարները ներդնել ոչ թե ինչ-որ երկրներում և նպաստելով այնտեղ աշխատատեղերի ստեղծմանը, այլ նպաստելով իրենց հայրենիքի զարգացմանը: Պատգամավորը հասկանում է, որ շահույթ հետապնդելու նպատակ էլ կա, բայց կարծում է, որ այդ նույն սփյուռքահայերը Հայաստանից դուրս էլ կարող են ներդրումներ կատարել և ավելի շատ շահույթ ստանալ կամ ավելի ապահով բիզնես վարել, քան Հայաստանում: ԵՎ հայրենասիրության գործոնը, այս առումով, սփյուռքահայերի մոտ շատ բարձր է:
“Մենք խոսում ենք սփյուռքահայ ներդրողների մասին, բայց եթե անդրադառնանք օտարերկրացի ներդրողներին, ընդհանրապես, ապա կտեսնենք, որ օտարերկրյա լայնածավալ ներդրումներ Հայաստանում գոյություն չունեն: Մի քանի խոշոր օբյեկտներից բացի, որոնք իրականում գրավիչ են եղել օտարերկրացիների համար, այլ` մանր ու միջին բիզնեսի բնագավառում, արտահանման ուղղվածությամբ արտադրության կազմակերպման գործում և այլն, որևէ լուրջ ընկերություն Հայաստան չի մտել”,- նշեց Արա Նռանյանը:
Քննարկմանը մասնակցող մյուս պատգամավորը` Ստյոպա Սաֆարյանը, պարզաբանեց, որ տեղացի և արտասահմանցի ներդրողների միջև օրենքի ոչ միատեսակ կիրառումը փաստ է: Նա ԱՄՆ կոնգրեսականների հայտնած մտահոգությունների հիման վրա համոզմունք հայտնեց, որ դա մեկ մարդու վարկաբեկման կամ չարախոսության հետևանք չէ` “Միացյալ նահանգներից Աֆղանստան գնացող կոնգրեսականների մի խումբ շատ կարճ` մի քանի ժամանոց վայրէջք ունեցավ Երևանում: Նրանք երկու հանդիպում են ունեցել, մեկը` ՀՀ նախագահի հետ, մյուսը` ԱԺ-ում նախագահի և խումբ-խմբակցությունների հետ: Եվ եթե արդեն ծագումով ոչ հայ Միացյալ Նահանգների կոնգրեսականներն են բացահայտ ասում, որ Հայաստանը տանուլ է տալիս, որովհետև բարենպաստ ներդրումային միջավայր չունի, որ միատեսակ մոտեցում չկա և անգամ սփյուռքի հայ գործարարները կամ մեծահարուստները չեն ցանկանում Հայաստանում գործ դնել, ապա ես չեմ կարծում, որ սա որևէ հայի կողմից հայրենիքի վարկաբեկման, կամ չարախոսության հետևանք է”:






Facebook
Tweet This
Email This Post
