Իրենք գիրք չեն գնում, դրա համար էլ թանկացնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | փետրվարի 24, 2012 15:37

ՀՀ կառավարությունը որոշել է անակնկալ նվեր մատուցել բոլոր ընթերցողներին, գրողներին, հրատարակիչներին` հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել: Եվ քանի որ Գրքի համաշխարհային մայրաքաղաքում արդեն իսկ մի շարք գրախանութներ փակվել են, կառավարությունը միակ համարժեք նվերը սա է համարել` ըստ 2011թ. դեկտեմբերին ընդունված «Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի», գրքի գնին ավելանում է նաեւ ավելացված արժեքի հարկ, այսինքն` գիրք գնողը պետք է վճարի 20 տոկոս ավելի:

Խնդրի հետ կապված` արդեն իսկ սոցիալական կայքերում թեժ քննարկում է գնում: Գրող Արամ Պաչյանն անգամ բացել է «Դեմ ենք գրքերի թանկացմանը» էջը:

«Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ հպարտությամբ ասեց, որ բենզին ներկրող ընկերությունները իր հետ շատ լավ հարաբերությունների մեջ են: Ուրեմն ինչի՞ քաշվավ 1500 տարվա գրքի պատմություն ունեցող ժողովուրդը, վարչապետը լավ հարաբերություններ չունի՞ գրահրատարակիչների ու ընթերցողների հետ, թե՞ նրանց հետ ընդհանրապես հարաբերություն չունի: Հետո էլ մտավորականները բողոքում են, թե ժողովուրդը գիրք չի առնում, ո՞նց առնի, որ կառավարությունը չի թողնում»,- գրում է Պաչյանը:

Լրագրող, բլոգեր Վահան Իշխանյանն էլ նշում է, որ աշխարհի շատ երկրներում կառավարությունները գրավաճառությանն ու հրատարակությանը բազմաթիվ արտոնություններ են տալիս, նույնիսկ Ֆրասնիայում, ուր Փարիզը աշխարհի գրքի կենտրոններից մեկն է, գրախանութների վրա նույն հարկերը չեն, ինչ սուպերմարկետների. «Սա ինձ մի ֆրանսահայ ասաց, ափսոս, չհետաքրքրվեցի, թե որոշակի ինչ արտոնություններ կան: Լավ կլինի` ուսումնասիրվի ուրիշ երկրների փորձը ու դեմ արվի քաղաքական ուժերին»:

Գրող Կարեն Անտաշյանն էլ, իր հերթին, նշում է, որ ամբողջ աշխարհում գիրքը թանկ արժե, որովհետև գրքի գնագոյացման մեծ տոկոսը հեղինակային իրավունքի ու հրատարակչության մարքեթինգային ներդրումների ծախսերն են. «Իսկ Հայաստանում այն թանկացվում է լրացուցիչ հարկային բեռով, այնպես, ինչպես ծխախոտը քաղաքակիրթ երկրներում, որի սպառումից ամեն գնով պետք է հետ պահել սեփական ժողովրդին»:

Yerkir.am

 

Դիտվել է 754 անգամ:

Leave a Reply