Ատոմակայանի հոսանքը կթանկանա, իսկ Երեւաի ՋԷԿ-ինը` կէժանանա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2012 11:32

Հայկական ատոմակայանից առաքվող էլեկտրաէներգիան ապրիլի 1-ից կարժենա 5.79 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այդ մասին համապատասխան որոշում ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից; Նշենք որ ներկայում ատոմակայանի էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցին մատակարարվում է 5.076 դրամ/կՎտժ սակագնով: Այսպիսով` ատոմակայանի հոսանքը թանկացվելու է 12.4 %-ով: Սակայն վերջնական սպառողներին մատակարարվող սակագնի վրա դա որեւէ ազդեցություն չի թողնի: Ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ինչպես կայանի ֆինանսական վիճակը բարելավելու (աշխատավարձերը բարձրացնելու), այնպես էլ` ապրիլին ՄԱԳԱՏԵ-ի կողմից սթրես-թեսթ անցնելու հետ, երբ 2 ամիս հայկական ատոմակայանը փաստացի կդադարեցնի հոսանք արտադրել:

ՀԾԿՀ-ն փոփոխել է նաեւ մյուս էներգետիկ կազմակերպությունների սակագները: Հրազդանի ՋԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը կկազմի 30.479 դրամ/կՎտժ, ներկայիս 28.879 դրամի համեմատ: Իսկ «Հրազդան-5»-ի նոր գործարկված կայանից էլեկտրաէներգիան կմատակարարվի 25.98 դրամ/կՎտժ սակագնով:  «Հրազդան-5»-ի համար առաջին անգամ է սակագին սահմանվում:

Էապես իջեցվել է Երեւանի ՋԷԿ-ի սակագինը` 0.490 դրամ/կՎտժ ներկայիս 8.04 դրամի համեմատ: Այսինքն` սակագինն իջեցվել է 16.4 անգամ: Դա պայմանավորված է Երեւաի ՋԷԿ-ում նոր, շոգեգազային ցիկլով էներգաբլոկի տեղադրմամբ, ինչն էապես նվազեցնում է էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը: Երեւանի ՋԷԿ-ը արտադրելու է էներգեիկ համակարգի ամենաէժան էլեկտրաէներգիան:

Որոտանի կասկադի էլեկտրաէներգիան նույնպես թանկացվել է` 4.894 դրամ/կՎտժ, ներկայիս 4.450 դրամի դիմաց: Մեկ այլ կարեւոր կասկադից` Սեւան-Հրազդանի 7 հէկերից էլեկտրաէներգիան կմատակարարվի 0.929 դրամ/կՎտժ սակագնով:

Պատրաստեց` Սամվել Ավագյան
NEWS.am

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply