ՀԱԿ-ի համամասնական ցուցակն ուրվագծված է, եթե ոչ՝ պատրաստ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 24, 2012 11:24

Հայ ազգային կոնգրեսում շարունակում են քննարկել համամասնական ցուցակի ձեւավորման հարցը: Մինչեւ այսօր այն գրեթե ավարտուն տեսք էր ստացել, բայց, ինչպես փոխանցում են Կոնգրեսին մոտ կանգնած aravot.am-ի աղբյուրները, այդ ցուցակը, թերեւս, վերստին խմբագրելու անհրաժեշտություն կառաջանա, որովհետեւ մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությունը, իր տարածած հայտարարությանհամաձայն, հրաժարվել է, բացի իր առաջնորդ Արամ Սարգսյանից, որեւէ այլ թեկնածուով ներկայացված լինել:

Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը ձեւավորվել է հետեւյալ սկզբունքով՝ երեք կուսակցությունների առաջնորդներ, երկու անհատ (անկուսակցական) գործիչներ, մանր-մունր կուսակցությունների ղեկավարներ, որոնց հաջորդում են անհատ քաղաքական գործիչներ, կուսակցականներ, եւ այսպես՝ հաջորդաբար: Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածուներին, ապա Կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրան հաջորդող 3 տեղերում համապատասխանաբար հայտնվել են ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրանց, ըստ տրամաբանության, պիտի հաջորդեին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ահա այստեղ ՀԱԿ-ի ցուցակում շփոթ է առաջացել. քանի որ նոր ԸՕ-ն պարտադրում է, որ քաղաքական ուժերի համամասնական ցուցակում յուրաքանչյուր վեցերորդ թեկնածուն անպայմանորեն կին լինի, ուստի՝ Զուրաբյանի եւ Փաշինյանի թեկնածությունների հաջորդականությունը խախտվել է: Ցուցակի 6-րդ տեղի համար, ըստ մեր տեղեկությունների, հավակնել են երկու կանայք՝ Մանուշակ Պետրոսյանն ու ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Մեր տեղեկություններով՝ այս երկընտրանքը լուծվել է հօգուտ Լյուդմիլա Սարգսյանի: Մեր տեղեկություններով՝ ցուցակում նրան հաջորդում է Նիկոլ Փաշինյանը, թեեւ ասում են՝ Զուրաբյանի եւ Փաշինյանի հաջորդականության շուրջ դեռ վերջնական որոշում չկա: Փոխարենը հայտնի է, որ ՀԱԿ-ական կանանցից համամասնական ցուցակում է լինելու նաեւ Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանի զոքանչը՝ հասարակական գործիչ Նատալյա Մարտիրոսյանը:

ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, ենթադրաբար, «անցողիկ» տեղում, ի թիվս մանր-մունր համարվող կուսակցությունների առաջնորդների, տեղ են գտել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունները: Փոխարենը ցուցակում ի սկզբանե, դեռ մինչեւ «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը, չեն եղել կամ՝ «անցողի՛կ» տեղերում չեն եղել 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի նախընտրական առանձին շտաբների՝ այն ժամանակ ահռելի աշխատանք կատարած պետեր, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Սիմոնյանը, Թալինի շտաբի պետ Ժորա Սափեյանը: Ի դեպ, վերջինս ու նաեւ նրա եղբայրը՝ նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը, ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, կտրականապես հրաժարվել են նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու առաջարկից:

Ընդհանրապես «Հանրապետություն» կուսակցությունից համամասնական ցուցակում նախապես ընդամենը մի քանի հոգի են ներկայացված եղել. 17-րդ տեղում՝ Սմբատ Այվազյանը, 30-ում՝ Աշոտ Զաքարյանը, 51-ում՝ Սուրեն Աբրահամյանը: Դե, վերջիններս արդեն իրենց կուսակցության որոշմամբ այլեւս ո՛չ համամասնական ցուցակում կլինեն, ո՛չ մեծամասնականով կառաջադրվեն: ՀԱԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրվելուց կտրականապես հրաժարվել է նաեւ նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը («Լեդի Հակոբը»):

Մեր տեղեկություններով՝ Մասիսում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է ՀՀՇ-ական Գեւորգ Գեւորգյանը, թեեւ նախապես ենթադրվում էր, որ այս ընտրատարածքում առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Հուսիկ Բաղդասարյանը, իսկ ահա Սիսիանում կառաջադրվի ՀՀՇ-ական Քոչար Դավթյանը, Արագածոտնի երկու ընտրատարածքներից մեկում, որը ներառում է Ապարանը՝ Մյասնիկ Մալխասյանը:

 

aravot.am

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply