Քաղաքապետարան. Եթե Մաշտոցի այգու շինարարության որոշման փոփոխություն լինի, պաշտոնապես կհայտնենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 24, 2012 11:20

Մաշտոցի այգում տաղավարների կառուցման վերաբերյալ քաղաքապետարանի որոշումներում փոփոխություն չի եղել: «Եթե նման բան լինի, մենք ձեզ պաշտոնապես կտեղակացնենք»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով Մերուժան Տեր-Գուլանյանի հայտարարությանը, պատասխանեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Հայտարարության վերաբերյալ հստակեցումներ ստանալու խնդրանքով դիմեցինք նաև Տեր-Գուլանյանին, ով լսելով հարցը, ասաց, թե դեռ քնած է, խնդրեց զանգահարել մեկ ժամից:

Հիշեցնենք, որ Մերուժան Տեր-Գուլանյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում երեկ երեկոյան հայտարարեց, թե հարցը լուծված է: «Քիչ առաջ տեղի է ունեցել քաղաքաշինության նիստ, Չարենցի վրա, որտեղ նաև Երևանի գլխավոր ճարտարապետն է մասնակցել: Ես զանգ տվեցի գալուցս առաջ: Որոշվել է, որ այդ տաղավարները այդտեղ չպետք է կառուցվեն, սխալ է, հարցը լուծված է»,-հայտարարել է հրապարակախոսՄ. Տեր-Գուլանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդը ևս քննարկել է հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ է արել քաղաքապետարանին դադարեցնել շինարարությունը, սկսել բանակցություններ ոչ միայն երիտասարդների, այլ նաև խնդրով մտահոգ կազմակերպությունների հետ և գործընթացը սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ այդ քննարկումներն ավարտի չեն հասել:

 

 

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply