Վազգեն Մանուկյանը կոչ արեց քաղաքապետարանին սառեցնել Մաշտոցի պուրակի շինարարությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 19:15

Այսօր Հանրային Խորհրդում քննարկվեց վերջին օրերին հասարակության շրջանում լայն արձագանք գտած ամենասուր խնդիրներից մեկը՝ Մաշտոցի այգում ստեղծված իրավիճակը:

Քննարկումը բավականին թեժ էր, քանի որ մասնակցում էին խնդրի հակադիր կողմերը:

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որ ևս ներկա էր քննարկմանը, նշեց, թե Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու պատճառը այգու բարձիթողի վիճակն ու նոր ճանապարհի կառուցումն է: «Խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ նույնպես քննարկվել են, սակայն Աբովյան փողոցի մաքրելը ավելի է կարևորվել, քան Մաշտոցի պուրակի հարցը,-ասաց նա,-սակայն կառույցները մի քանի տարի կլինեն այստեղ. քաղաքապետարանն իր փոխհատուցման խնդիրները կավարտի Աբովյան փողոցի հետ, հին Երևան ծրագիրը երկուսից երեք տարի հետո կյանքի կկոչվի, և  պավիլյոններն էստեղից կվերանան»:

Նրա խոսքով, կրպակներն առայժմ ոչ ոքի չեն տրամադրվել: «Ամբողջ անհանգստությունն այն է, որ այնտեղ չլինեն խանութներ, բայց մենք դեռ չգիտենք՝ այնտեղ ինչ է լինելու,-ասաց նա,-բոլորովին չենք բացառում, որ այնտեղ լինի գրքերի վաճառքի տեղ կամ այգի, որտեղ գրականության հետ գործ ունենանք»:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին, սակայն, հետաքրքրեց, թե այդ դեպքում ինչո՞ւ այդ կրպակները հանվեցին, եթե պետք է մի քանի տարի հետո ապամոնտաժվեին և ինչո՞վ էր ավելի հարմար այդ պուրակը՝ Աբովյան փողոցի համեմատ: Մանուկյանին նաև հետաքրքրում էր, թե ովքե՞ր են «այն ընտրյալները, որոնց քաղաքապետարանն ավելի լավ պայմաններ է տվել, քան մյուս կրպակատերերին»:

Վազգեն Մանուկյանի խոսքով, երբ ապամոնտաժման գործընթացը սկսվեց նախկին քաղաքապետի օրոք (այդ ժամանակ մոտ 1000 կրպակի մասին էր խոսվում), ինքն անձամբ խոսեց Կարեն Կարապետյանի հետ և պարզեց, որ հանվում են միայն այն կրպակները, որոնց պայմանագրային ժամկետներն ավարտվել են: «Ես հարցրի, իսկ դա վերաբերո՞ւմ է Աբովյան փողոցի կրպակներին, քաղաքապետը պատասխանեց, որ նրանց պայմանագրերի ժամկետը լրանալու է երկու ամիս հետո և հավաստիացրեց, որ այդ ժամանակ էլ այդ կրպակներն այնտեղից կհանվեն,-ասաց Մանուկյանը,-հիմա հարց է առաջանում՝ այդ ինչպես՞ է, որ հիմա քաղաքապետը այդ հազարի նկատմամբ պարտավորություն չունի, իսկ այս մի քանի աբովյանական կառույցի նկատմամբ ունի»:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, սակայն տեղեկացրեց, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների գերակշռող մասի վարձակալության պայմանագրի գործողության միջին ժամկետը ավարտվելու է մոտավորապես 7-10 տարի հետո՝ միաժամանակ հայտնելով, որ տաղավարները և հողը քաղաքապետարանինն են, պարզապես մի քանի տարի ժամկետով տրվում են վարձակալության:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, ով նաև այգին պաշտպանող երիտասարդների շահերն էր ներկայացնում (վերջիններս չէին եկել քննարկմանը՝ դրանով իրենց վրդովմունքն ու անվստահությունը հայտնելով քաղաքապետարանին), Նարեկ Սարգսյանին նախ հարցրեց, թե որքանո՞վ է օրինական եղել այդ կրպակները Աբովյան փողոցում տեղադրելու և հանրային տարածքն օգտագործելու որոշումը, ապամոնտաժելու ժամանակ քննարկվե՞լ են այլընտրանքային տարբերակներ կամ ընտրված տարածքը ենթարկվե՞լ է էկոլոգիական փորձաքննության և այլն: Կարինե Դանիելյանի պատկերացմամբ, Երևանի կանաչ տարածքները կառուցապատելու գործընթացը սկսվում է նրանից, որ նախ ջուրն են կտրում, որ ծառերը չորանան, հետո աղբ են լցնում ու ասում, որ դա աղբանոց էր, պետք չէ դրա համար պայքարել:«Եվ ի վերջո, ովքե՞ր են կրպակների տերերը, միգուցե մենք նրանց հետ բանակցենք, և նրանք բարի կամք դրսևորեն, համաձայնեն այլ տարածքներ վերցնել, որոնք այդքան ցավալի չեն լինի երևանցիների համար»:

Վազգեն Մանուկյանն էլ ավելացրեց. «Եթե դրանք անձեր են, որոնք հեղափոխություն են արել Հայաստանում, տարել են մեր ժողովրդին դեպի անկախություն, պատերազմի ժամանակ առաջին գծում են կանգնած եղել, միգուցե մենք ողջ ժողովրդով կանգնենք, ասենք՝ հալալ է էդ մարդկանց, եկեք երկու տարով նրանց զիջենք»:

Առաջարկվեց նաև դատարանի միջոցով կրպակատերերի հետ կնքված պայմանագրերն անվավեր ճանաչել, քանի որ  ժամանակին էլ դրանց տեղադրումն անօրինական է եղել: Իսկ փոխհատուցման հարցը քննարկելու ժամանակ գուցե պարզվի, որ ոչ թե պետք է կրպակատերերին փոխհատուցում տալ, այլ կրպակատերերը` քաղաքապետարանին:

Չնայած որ երիտասարդները ներկա չէին քննարկմանը, այնուամենայնիվ նրանցից մեկը եկել էր արտահայտելու իրենց դիրքորոշումները. «Նախ, հանրային լսումներ չեղան պուրակը զավթելուց առաջ, երկրորդ՝ ցուցանակ չկար, թե ինչ աշխատանք է իրականացվում, երրորդ՝ տաղավար հասկացությունը թեթև կոնստրուկցիան է, բայց այնտեղ տաղավարներ չեն, այլ մետաղաբետոնե 15 սմ-անոց հիմք է դրվել, որը հիմնական շինարարություն է»,-թվարկեց նա:

Նա նաև նշեց, որ իրենք չեն վստահում քաղաքապետարանին, վիրավորված են, քանի որ իրենց խաբել են՝ ասելով, թե շինարարություն չի լինի, սակայն գիշերը գաղտնի շինարարություն են իրականացրել:

Երիտասարդը Նարեկ Սարգսյանի խոսքում մի հակասություն էլ նկատեց. «Եթե դուք ասում եք, որ Աբովյան փողոցի պայմանագրերը միջինը 5-7 տարի է, իսկ վարձակալության իրավումքով 1-3 տարով եք տալու, նշանակում է՝ դուք արդեն ունեք պայմանագիր, բայց ասում եք՝ չգիտեք՝ ում եք տալու տաղավարները: Ում որ հանել եք Աբովյանից, նրանց էլ հատուցելու եք, իսկ եթե չեք հատուցելու, ապա որտե՞ղ է սեփականության իրավունքը»,-հարցրեց երիտասարդը:

Հարցերը մնացին անպատասխան:

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց հարցը լուծել՝ կրպակատերերին դրամական փոխհատուցում տալով, ինչին Նարեկ Սարգսյանը հակադրվեց՝ նշելով, թե քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի: Խոսրով Հարությունյանը, սակայն, նկատեց, որ ինքը այդքան միամիտ մարդ չէ և գիտի, թե ինչ առաջարկ է անում. «Եթե հաշվարկեք, կտեսնեք, որ դեռ կրպակատերերը  ձեզ պետք է գումար տան,-ասաց նա-իսկ այդ որոշումը կարող է նախադեպ դառնալ՝ նման սխալներ այլևս թույլ չտալու համար»:

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ արեց քաղաքապետարանին դադարեցնել շինարարությունը, սկսել բանակցություններ ոչ միայն երիտասարդների, այլ նաև խնդրով մտահոգ կազմակերպությունների հետ և գործընթացը սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ այդ քննարկումներն ավարտի չեն հասել:

 

 

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply