Ավարտվեց “Եվրանեսթի” երևանյան նիստը. Հաջորդը` Բաքվում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 23, 2012 17:15

Այսօր Ազգային Ժողովում ամփոփվեց “Եվրանեսթի” Երևանյան` երկու օր տևած նիստը: Ամփոփիչ ասուլիսով հանդես եկան “Եվրանեսթ”ի ԽՎ սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահներ` լիտվացի Լայմա Լյուչիա Անդրիկիենեն և ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Բանախոսները ներկայացրեցին երևանյան նիստի ժամանակ ներկայացված երկու զեկույցները, որոնցից մեկը վերաբերում է քաղաքացիական հասարակության դերի հզորացմանը, մյուսը` աղքատության և սոցիալական մեկուսացման դեմ պայքարի խնդիրներին:

Արտակ Զաքարյանը կարևորեց երևանյան նիստի օրակարգում ներկայացված զեկույցների դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության, մեր երկրի քաղաքացիների և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման տեսանկյուններից:

Երևանյան նիստը կարևորեց նաև Լայմա Լյուչիա Անդրիկիենեն:

“Արգասաբեր, և որ ամենակարևորն է, բաց բանավեճ ծավալեցինք թեմաներով, որ շատ կարևոր են մեր քաղաքացիների համար:` թե’ Եվրոպական Միությունում, և թե’ “Արևելյան գործընկերության պետություններում”: Ես զարմացա, որ ամենաաշխույժ քննարկումները ծավալվեցին կանանց իրավահավասարության խնդրի շուրջ: Մեր քննարկումները հարստացան այն հանգամանքով, որ մասնակցեցին երիտասարդները և քաղաքացիական հասարակության պլատֆորմի ներկայացուցիչները և երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, մարդու իրավունքների պաշտպանը, միջազգային տարբեր կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչները:

“Եվրանեսթ” վեհաժողովը կարևոր հարթակ է երկխոսությունների համար` փոխըմբռնման մակարդակը որոշում կայացնողների միջև բարձրացնելու”,- նշեց տիկին Անդրիկիենեն:

Ասուլիսին ներկա չէին  Ադրբեջանի և, առհասարակ, այլ երկրների  ներկայացուցիչները: Իսկ հաջորդ արտագնա նիստին, որ պետք է կայանա Ադրբեջանում, Հայկական պատվիրակության մասնակցության հարցը դեռ մնում է հարցական: Արտակ Զաքարյանն ասաց, որ եթե տրվեն անվնատգության համապատասխան երաշխքիներ, ապա Հայաստանը կմասնակցի «Եվրանեսթի» հաջորդ նիստին։ Նա նշեց, որ եթե Ադրբեջանի պատվիրակները Հայաստանում նույնիսկ, անվտանգության ապահովման խնդիր չեն ունեցել, ապա դժվար է նույնն ասել Բաքվի դեպքում` հաշվի առնելով անցյալի փորձը: Իսկ որպես վերջին նման օրինակ, նա հիշեց Ռուսաստանի ընբշամարտի հավաքականում ընդգրկված  հայ մարզիկի նկատմամաբ Ադրբեջանում գործադրված ճնշումները:

Անդրադառնալով «Եվրանեսթի» հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև ծագած բանավեճին, Արտակ Զաքարյանը նշեց, որ կազմակերպության տեսանկյունից սխալ է կոնֆլիկտների կամ այլ ձևակերպումների մասին խոսելը: Իսկ լիտվացի պատգամավորը նշեց, որ ԼՂՀ հակամարտությունը կարգավորումը պետք է իրականանա` համաձայն երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման:

Հիշեցնենք, որ Փետրվարի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեստի` սոցիալական հարցերով, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով Խորհրդարանական ժողովի մշտական հանձնախմբի երկօրյա նիստը, որն առաջին անգամ է կայանում Եվրախորհրդարանի սահմաններից դուրս: Եվրանեստը “Արեւելյան համագործակցություն” ծրագրի խորհրդարանական բաղկացուցիչն է, որն իրականացվում է Եվրամիության կողմից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ:  Նախկին սովետական 6 երկրների եւ Եվրամիության ներկայացուցիչները Եվրանեստի շրջանակներում կազմակերպում են կոնֆերանսներ, նիստեր, որոնց ընթացքում քննարկում  եւ կայացնում են որոշումներ  տարբեր հարցերի շուրջ:

 

 

 

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply