«Թո’ղ սեղմեն ում կոճակն ուզում են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2012 16:20

Այլ պատգամավորների փոխարեն քվեարկելով` պատգամավորը հանցանք կամ զանցանք չի գործում: Պատգամավորների կողմից այլոց փոխարեն քվեարկելու երևույթի վերաբերյալ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնեց, որ Ազգային Ժողովի նախագահը իրավասություն չունի նման դեպքերի համար որևէ մեկին պատժելու: Իսկ  քվեարկությունների մասով օրենքը ենթադրում է ոչ թե կեղծ քվեարկություն, այլ խախտում:

“Եվ օրենքի ամբողջ տրամաբանությունն այն է, որ նման դեպքերում հենց ինքը` Ազգային Ժողովը, պետք է հաղթահարեր խնդիրը: Հրաշալի խոսում են նաև այլ պատգամավորներ և քննադատում են, չմտածելով, որ Գալուստ Սահակյանը բազմիցս տեսել է, որ պատգամավորների կողմից նման խնդիրներ առաջանում են, բայց երբեք վերագրումներ չի արել այլ խմբակցությունների: Բոլոր խմբակցություններում էլ դեպքից դեպք լինում են նման դեպքեր: Դա է պատճառը, որ օրենքում տրված է այդ խախտումը հաղթահարելու բոլոր սցենարները”,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նա մեջբերեց ԱԺ կանոնակարգ-օրենքի  “գաղափարախոսությունը” և մեկնաբանեց, որ օրենքի 56 հոդվածն ասում է , որ նիստի նախագահողը կարող է լուսատախտակին պահել քվեարկությունները և  ցույց տալ, թե ովքեր են խախտել քվեարկության կարգն` ընդհանրապես: “Սա էլ 61 հոդվածն է, որ եթե նախագահողը տեսնում է, որ նշված պատգամավորների անունները կամ քվեարկությունները այդպես չեն ազդում ընդհանուր քվեարկության պրոցեսին, ուրեմն այդպես էլ շարունակվում է,-ասաց Գալուստ Սահակյանը և շարունակեց,- իսկ եթե ազդում են, ապա կրկնակի քվեարկության է դնում հարցը: Սա է ամբողջ գաղափարախոսությունը: Առավել ևս` սա ոչ զանցանք է, ոչ հանցանք է, որովհետև զանցանքների համար էլ ունենք օրենքում 45-րդ հոդվածը, որտեղ ասվում է, թե զանցանքի դեպքում ինչպես է հաղթահարում Ազգային Ժողովը:”

Ըստ Գալուստ Սահակյանի դիտարկման, պատգամավորների կողմից այլ պատգամավորների փոխարեն քվեարկելը  ո’չ քրեական, ո’չ քաղաքացիական օրենսգրքերի խնդիր է  և ո’չ էլ բարոյական խնդիր է:

 

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply