Իշխանանիստ Հաթերքը դեռ վերքեր է բուժում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 24, 2012 15:00

19 տարի առաջ` 1993 թ. փետրվարի 19-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերն ազատագրեցին Խաչենի իշխանանիստ կենտրոն պատմական Հաթերք գյուղը: Ընդհանուր առմամբ, այդ թվականը շրջադարձային եղավ ոչ միայն Մարտակերտի բազմաթիվ գյուղերի համար, որոնք թշնամու կողմից գերվեցին 1992 թ. հունիսի 16-ից սկսած, այլև` պատմական Քարվաճառի (Նոր Շահումյան) :

Հաթերքը Մարտակերտի արևմտյան մասում, Թարթառ գետի ձախափնյա բարձրադիր սարահարթում գտնվող գյուղ է, որի գեղատեսիլ և իշխող դիրքն ըմբոշխնելու առիթ ունեցա Գետավան գյուղից:  1988-ին գյուղն ուներ 2700 բնակիչ և Թալիշից հետո ոչ միայն Մարտակերտի ամենամեծ գյուղն էր համարվում, այլև ենթաշրջանի կենտրոնը, որն ուներ 20 մահճակալանոց հիվանդանոց, միջնակարգ դպրոց: Հաթերքի միջնակարգ դպրոցն էին ավարտում նաև հարևան Զագլիկ, Զարդախաչ, Չափար գյուղերի աշակերտները:

Գյուղի բարձրադիր դիրքը, շրջակա գեղատեսիլ անտառները, Թարթառի անզուգական կիրճն ու ջրվեժները, պատմական բազմաթիվ հուշարձանները Հաթերքը դարձրին Արցախ աշխարհի նշանավոր վայրերից մեկը: Եվ ոչ միայն: Հին Հաթերքի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից, իսկ որպես իշխանանիստ կենտրոն` XII-XIII դարերից է հիշատակվում: Գտնվելով Պարտավ-Դվին ճանապարհի վրա` այն  եղել է տնտեսական և առևտրական հանգուցակետ:

Գյուղի շրջակայքը հարուստ է պատմական հուշարձաններով:  Հաթերքի գահերեց իշխան Վախթանգի ապարանքում Մխիթար Գոշն ավարտեց իր «Դատաստանագիրք» աշխատությունը: Իսկ Հաթերքի մեծ իշխան Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1212  թ. կառուցեց Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որը ներկայիս պահպանված շինություններից է:

Հաթերքցիք միշտ հաջողությամբ են դիմագրավել  իրենց հողն ասպատակող սելջուկ- թուրքերին և պահպանել իրենց անկախությունը: Անցյալի պատմությունը, ցավոք, կրկնվեց նաև XX դարավերջին, երբ հաթերքցին էլ արցախցու հետ  միասին անկախության պայքարի ելավ, պայքար, որ պսակվեց և՛  հաղթանակներով, և՛ կորուստներով: Թեև դժվար է հիշել, մտաբերել պատերազմական մի իրավիճակ, որը միայն ու միայն  հաղթանակով ավարտվի:

Երբ 1992 թ. հունիսի 13-ին ընկավ Շահումյանը և սկսվեց խաղաղ բնակչության աննախադեպ գաղթը, շահումյանցիների առաջին հանգրվանը Հաթերքը եղավ: Թերևս այդ ժամանակ որևէ հաթերքցու մտքով չէր անցնի, որ նույն ուղտն  օրեր անց իրենց դռանը պիտի չոքի, և տնավեր եղած հաթերքցին էլ արդեն պիտի բռնի Ստեփանակերտի, Երևանի, Գորիսի, Աղվերանի ճամփան: Նույնիսկ գյուղի անասունները Գորիսի Շաքի գյուղ տեղափոխեցին:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, ներքինհոռաթաղցի Վլադիմիր Դավթյանը` Վլադիկը, ցավով է հիշում այդ օրերը, երբ Շահումյանի անկումից հետո գրեթե ողջ Մարտակերտին էր պատել  ճամպրուկային տրամադրությունը: «Շատ տղաներ նույնիսկ լացում էին, որ չեն կարողանում այս խուճապը կանգնեցնել: Իսկ խուճապի պատճառ իրոք կար, գուցե դրա ժամանակն էլ կգա, և ամեն ինչ կպարզվի»,- վստահեցնում է  Դավթյանը: Այնուամենայնիվ, 20 օր անց` հուլիսի 19-ին, նրանք կարողացան ազատագրել Հաթերքի ձախափնյա մասը` Զագլիկը, Ումուդլուն, Չափարը:

«Տղաները հանձնարարական ստացան հուլիսի 19-ի առավոտյան ժամը 5-ին լինել Ճախենանց տեղամասում: Օպերացիան ղեկավարում էր Հաթերքի ջոկատի հրամանատար Սուրեն Հարությունյանը, ես էլ այդ ջոկատում էի, որը Հաթերքին պիտի մոտենար Զագլիկից, ուղղորդողը Իսկանդարյան Գարուշն էր, իսկ Սուրիկի տղաներին բաժին էր հասել Գետավանի ուղղությունը: Այսինքն` Հաթերքը երկու ուղղությամբ պիտի շրջափակվեր: Հրետանային համազարկը պիտի ապահովեր Գրադ Ժորան»,- պատմում է Դավթյանը:  Տղաները շատ լուջ էին պատրաստվել այդ օպերացիային: Եվ քանի որ թուրքը նրանց չէր սպասում, հաջողվեց թեթև մարտով, առանց զոհի Հաթերք մտնել, մինչդեռ թուրքը, ըստ ականատես Դավթյանի, «հանկարծակիի գալով` 20-30 զոհ տվեց և  Օմարի լեռնանցքով փախավ»: Մարտի ժամանակ Դավթյանը վիրավորվում է, նա իր կյանքով երախտապարտ է բժիշկ Արցախ Բունիաթյանին, որի հմտության շնորհիվ ոչ միայն ինքը կարճ ժամանակ անց ջոկատ վերադարձավ, այլև` հազարավոր տղաներ:

Այսպիսով, տղաները ոչ միայն գյուղն ազատագրեցին, այլև բավական ռազմավար վերցրին. 4 հրետանի, 5 բեռնատար և 2 մարտական մեքենա (ԲՄՊ):  Երբ գյուղ մտան, գյուղից դուրս եկող 4 թուրք թալանչի ձիավորի հանդիպեցին: Մի գերի վերցրին, որն էլ խոստացավ բոլոր պահակակետերի տեղն ասել:

Դավթյանի հաջորդ գործը  պապոնց տուն գնալը եղավ: Կիրովաբադցի թուրքն  այն արդեն իրենով էր արել ու անուն-ազգանունը թողել տան վրա: Այգու թութը հասել ու քարե կարկուտի պես թափել էր ծառատակին, բանից անտեղյակ հավուճիվն այս ու այն կողմ էին վազվզում` տանտիրոջ ճամփին սպասելով: Թուրքը դեռ չէր հասցրել գյուղն ամբողջովին  թալանել, որովհետև այստեղ բնակվելու լուրջ մտադրություն ուներ: Մեկ այլ ճշմարտություն էլ կար. Հաթերքը հեռու էր թուրքաբնակ բնակավայրերից, ու 20 օրվա ընթացքում դեռ չէին հասցրել իրենց սև գործն անել, լիահույս էին, որ  գյուղն արդեն իրենցն է, և շտապելու խնդիր չունեն:

Գյուղն ազատագրվեց, և որ ամենակարևորն է` ժողովրդի հավատը վերականգնվեց, ձորակի բնակիչները ուրախությամբ տուն վերադարձան, բայց այդ ուրախությունը, ցավոք, կարճ տևեց: Արդեն օգոստոսի 24-ին թուրքին հաջողվեց կրկին խուճապ առաջացնել, որի հետևանքով ստիպված կրկին Հաթերքի դիրքերը զիջեցին: «Այդ օրերին Վաղուհասի կողմից մարտեր էին մղվում Ղարաբաղի ներկայիս պաշտպանության  նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Մարտունուց մեզ օգնող ջոկատ էր եկել Վաղուհաս, արդեն նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներին, Գանձասար-Կիչան հատվածը պահելով, չթողեցինք, որ թշնամին մտնի Խաչենի հովիտ: Այդ դիրքերը պահելով` կամաց-կամաց Վաղուհասի կողմից առաջխաղացում ունեցանք, թեև համատարած հուսալքություն էր»,- խոստովանում է պրն Դավթյանը: Բանակն էլ դեռ նոր պիտի կազմավորվեր:

Օրերը խոնավ ու ցուրտ էին, բայց շատերը չէին հաշտվում իրենց կորուստների հետ: Հարկավոր էր հուսահատված և հուսալքված, մարտի դաշտը թողած մարտիկներին կրկին մարտադաշտ վերադարձնել: Պիտի հավատան,որ ամեն ինչ դեռ կորած  չէ: Թերևս այդ հավատամքով էլ Դավթյանի և մի շարք մտավորականների նախաձեռնությամբ «Արցախ» հայրենակցական միությանը կից ստեղծվեց Մարտակերտի ազատագրման և պաշտպանության հիմնադրամ, «Արծիվ-23»-ի անվան տակ ջոկատներ կազմավորվեցին, հաջողվեց 300 նախկին կռվող տղաների հավաքագրել, իսկ զենք-զինամթերք, հանդերձանք արդեն պետականորեն էին ստանում: «Պաշտպանության նախարարն արդեն Վազգեն Մանուկյանն էր, որի ժամանակ նորմալ սպառազինվում էինք, ինչ հարցով դիմում էինք, սկսած զենք-զինամթերքից, հագուստից, տրամադրում էր, մեզ արդեն չէր հետաքրքրում, թե ինչպես էր այն ձեռք բերվում»,- փաստում է ժամանակին համալսարանական լսարանը թողած դոցենտը:

1993 թ. ձմեռը հիրավի շրջադարձային եղավ Մարտակերտի համար: Բանակն էլ արդեն կազմավորման փուլում էր: Փետրվարի 5-ից,  կոտրելով թշնամու դիմադրությունը, հայ ազատամարտիկներն ազատագրեցին Կիչանն ու Չլդրանը և դուրս եկան Մարտակերտ-Քարվաճառ մայրուղու Դրմբոն հատվածը: Փետրվարի 15-16-ը ազատագրվեցին Վերին Հոռաթաղը, հարևան Հարությունագոմերը,Դրմբոնը, Կտղոտը, իսկ արդեն 19-ին հերթը պատմական Հաթերքին հասավ:

Վաղ առավոտյան Վանքի «Տզանուտ Ղաչ» տեղամասից արձակած հրանոթի պայթյունները անակնկալի բերեցին Հաթերքում 6 ամիս շնթռած թշնամուն, որի նյարդերն արդեն տեղի տվեցին և գող շան պես ինչպես եկել էր, այնպես էլ եկած ճամփով հեռացավ: Հաթերքցին գյուղ վերադարձավ, որի 70 տոկոսը ավերակ գտավ:

Ըստ հավաստի տվյալի` վերադարձից մինչ օրս գյուղի բնակչությունը 1000-ով պակասել է: Դեռ խորհրդային տարիներին` Հաթերքի հարևանությամբ թուրքաբնակ երկու գյուղ ծնունդ առան` Ումուդլուն և Քյարամլուն: Ապրել են կողք կողքի, բայց հաթերքցիք երբեք չեն մոռացել պապական «Շան հետ սեղան նստիր, բայց մահակդ երբեք վայր մի դիր» իմաստուն խոսքը: Տարիներ շարունակ ստիպված ապրել են, բայց երբեք չեն հավատացել նրանց կեղծ «եղբայրությանը»:

Ումուդլուեցի Զալիֆը, որ Հաթերքի դպրոցում ադրբեջաներեն էր դասավանդում, երբեմն էլ  Ասատուր Բեգլարյանի տանն ապրում, խուճապի առաջին իսկ օրերին  եկավ ու հայտարարեց, թե սա իմ տունն է, հեռացեք: Բայց հետագայում  այդ տունը նրան էլ չմնաց, թուրքի շտաբ դարձրին: Ասատուրի որդի Վիկտոր Բեգլարյանին, որ իր ճերմակ մազերի չափ գործ է արել, բայց մինչ օրս «ընդհատակում» մնացել, այլ բան չէր մնում: Նա Գրադ Ժորային հայրական տունը հողին հավասարեցնելու հանձնարարական է տալիս: Վիկտորն այդ պատերազմում նաև 25 ազգակից է կորցրել: Ներողամտություն եմ հայցում պրն Բեգլարյանից, որ դրժեցի  նրա անունը չտալու խոստումս: Իսկ ընդհանուր առմամբ գյուղն այս ազատամարտում 53 զոհ է տվել:

Գյուղում հոգսերն այսօր էլ հազարապատիկ են, բայց առաջնայինը աշխատատեղերն  ու բարվոք ճանապարհներն են, նաև Թարթառ գետ վրա մի փոքրիկ  կամուրջ ունենալը, որը ոչ միայն 1,5 ժամով  կհեշտացնի Դրմբոնի հարստացուցիչ ֆաբրիկայում աշխատող հաթերքցու, այլև այս ու այնտեղ շտապողների գործը:

Հաճախ եմ խորհել, որ մարդու համար ամենամեծ բեռը զղջումի և դրանից ծնված ցավի զգացումն է: Եթե չեք հավատում` հարցրեք շահումյանցուն, այգեստանցուն, մարաղեցուն: Փառք Աստծո, որ կարողացանք թոթափել այդ բեռը և ազատագրել Մարտակերտի հայոց բնակավայրերը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1672 անգամ:
Print Friendly

Leave a Reply