Կյանքը կտավից ներս

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 29, 2012 12:00

Աշխենն ապրումի  նկարչուհի է.  քանի դեռ չի զգում, չի ապրում, չի կարողանում նկարել: Կտավների  գույները զգայական են, տրամադրությունը` փոփոխական, սակայն բոլոր կտավներում ամենագրավիչը հեքիաթայինն է:

Աշխեն Քուրդյանին հանդիպեցի մի ցուցահանդեսում: Ներկայացրել էր իր աշխատանքներից մեկը. կտավից նայող կերպարը մանկան լուսավոր-թախծոտ նրբությամբ կարծես վայելում է իր հեքիաթային իրականությունը: Հայացքով փնտրեցի հեղինակին. նման էր կտավի կերպարին: Ջինսե տաբատով այս աղջիկը  պատկերված հեքիաթի  այլ իրականության արտացոլումն  էր:

Աշխենի աչքերում մի տեսակ  թախիծ կա, ջերմություն, լուսավոր մի գիծ, որ արտացոլվում է նաև  նրա աշխատանքներում:

Մինչ արվեստը

Աշխենը նախքան նկարչությանը տրվելը երկար ժամանակ փնտրտուքների մեջ է եղել:

«Սովորում էի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, բայց արդեն երրորդ կուրսում թողեցի ուսումս, քանի որ լեզվաբանությունն իմը չէր, ես դա ուշ հասկացա: Մինչ այդ չէի էլ կարող մտածել, թե կարող եմ նկարչությամբ պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել: Կարծում էի` այնքան տաղանդավոր չեմ, որ  կարողանամ նկարել այնքան լավ, որ ընդունվեմ Գեղարվեստի ակադեմիա»,- պատմում է նա: Այդուհանդերձ, Աշխենը որոշում է փորձել և մասնակցում է ակադեմիայի ընդունելությանը: «Այնքան անտեղյակ էի նկարչությունից,  յուղաներկից, որ չգիտեի` պալիտրան նկարելուց հետո պետք է մաքրել: Հենց քննության ժամանակ տեսա, սովորեցի. մյուսները մաքրում էին, ես էլ մաքրեցի, այդպես սկսվեց իմ առաջին դասը»,- պատմում է նկարչուհին:

Հետո աստիճանաբար իր աշխատասիրության շնորհիվ սկսեց զարգացնել տեխնիկան, քիչ-քիչ գտավ իրեն, վերջապես  ազատ զգաց:

Կտավները` ոսկեգույն երազներ

Հետո տեսա նաև Աշխեանի մյուս աշխատանքները. ամեն մեկն իր ծննդյան պատմությունն ունի.  «Այս նկարի ծնունդը հրաշքի է նման. ես նկարում էի  Քրիստոսին, ու վրձինս անընդհատ մաքրում էի մի թղթի վրա: Նկարն անչափ շուտ ավարտեցի` տասնհինգ րոպեում: Հետո, երբ նայեցի թղթին, որի վրա պարզապես վրձինս էի մաքրել, ապշեցի.  այնտեղ տեսա ապագայի մասին իմ ողջ կյանքում ունեցած մտապատկերը: Այդ անփույթ վրձնահետքերը դարձել էին պատկերներ, չնչին շտկումներից հետո այն դարձավ ուրիշ, առանձին մի աշխատանք: Այդպես հրաշքով ծնվեց այս աշխատանքը»,- պատմում է Աշխենը:

Աշխատանքներից մեկում էլ վառ գույներով բնապատկերում զգացվում է արևի ներկայությունը, իսկ լույսի ու ստվերի  խաղը հաղորդում է պայծառ տրամադրություն: Գույները կարծես դրդում են երազել:

Աշխենի աշխատանքները տարբեր են, հատուկ ոճով չի նկարում: Թվում է` դեռ փնտրտուքների մեջ է, սակայն մի բան հաստատ է. նրա նկարները զգայական են:

Մանուկների աչքերով ու նրանց համար

Աշխենը նաև մանկական գրքեր է նկարազարդել.  Էդվարդ Միլիտոնյանի «Օդեղեն տունը» գրքի նկարազարդումն էլ Աշխենի ձեռքի աշխատանքն է. ժպտուն, անչափ բարի մանկական պատկերները քեզ են  նայում մանկության հրաշքից ու ժպտում:

Մի ժամանակ նաև նկարել է մանուկների համար «Ներկիր ինքդ» շարք` պատկերելով մանկական տարբեր կերպարներ, որոնք հետո երեխաներն իրենք են գույնով շունչ հաղորդել: «Ես շատ եմ սիրում այդ գործը, սիրում եմ երեխաների համար նկարել, նրանց ծիծաղն ամենամեծ պարգևն է»,- պատմում է նա: Այս պահին, սակայն, նա այդ գործով չի զբաղվում:

Քանզի ոչ միայն բանիվ

Աշխենի ընտանիքն ԱՄՆ-ում է բնակվում, այստեղ միայն ինքն է, ինքն էլ է ցանկանում նրանց հետ լինել. «Հարցն այն չէ, որ ուզում եմ անպայման գնալ, ուզում եմ ուղղակի ընտանիքիս հետ լինել»:

Նա Հայաստանում բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել, սակայն այստեղ հեռանկար չի տեսնում մասնագիտության համար, ինչպես որ այդ հեռանկարը չունեն հայ արվեստագետներից շատերը: «Գուցե շատերը քննադատեն ինձ խոսքերիս համար, բայց փաստը դա է: Օրինակ` այստեղից ԱՄՆ հեռավորությունից ես ավելի շուտ այնտեղ կարող եմ մասնակցել որևէ լուրջ ցուցահանդեսի, քան Հայաստանում…  Չգիտեմ, բարդ հարց է, առանց Հայաստանի շատ դժվար կլինի, իմ տունը Հայաստանն է, բայց առանց ընտանիքիս` ավելի դժվար է»:

Այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր արվեստագետի համար գերխնդիր է դարձել սեփական մասնագիտությամբ արժանավայել ապրելը, և եթե այդ ասպարեզում երիտասարդ արվեստագետի հարազատներից գոնե մեկն արդեն կայացած չէ, անչափ դժվար է կայանալը: Այդ դժվարությունները ճաշակել է նաև Աշխենը: Դրանով հանդերձ` նա չի բողոքում, պարզապես շարունակում է ստեղծագործել, ապրել իր հեքիաթում ու հավատում է, որ այն երբեք չի ավարտվի:

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 2137 անգամ:
Print Friendly

Leave a Reply