Ընտրություններին մասնակցողների թվի վերահսկողության հնարավորություն չկա

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 27, 2012 7:00

Փետրվարի 12-ին ՀՀ 40 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ առաջին անգամ «փորձարկվեց» նոր կամ բարեփոխված ընտրական օրենսգիրքը: Ցանկանում ենք ուշադրություն դարձնել գործող ընտրական օրենսգրքի միայն մեկ դրույթի վրա: Խոսքն ընտրողների ցուցակների մատչելիության մասին է: Ըստ գործող օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի` «Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև  ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար: Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում»:

Օրենսգրքի այս դրույթի հետ կապված որոշ խնդիրներ ակնհայտ դարձան հենց  ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ, երբ լրագրողները ընտրատեղամասերում տեսանկարահանել և համացանցում տեղադրել էին ընտրողների ստորագրություններ պարունակող տեսանյութեր: Այս խնդրին անդրադարձավ նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Խնդիրը, որը կար ու բավականին մտահոգություն էր առաջացնում, վերաբերում է ընտրական տեղամասերում իրականացվող տեսա- և լուսանկարահանումներին: Բոլորս գիտենք, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է նման հնարավորություն, բայց և միաժամանակ տալիս է տվյալ իրավունքն իրականացնելու սահմանը: Նշված հանգամանքը պայմանավորված է քվեարկության մասնակցության գաղտնիության սկզբունքի պահպանման հետ»:

Ահավասիկ առաջանում է առաջին տրամաբանական հարցը: Ցանկացած մարդ  կարող է ընտրության օրը տեսնել, թե ով եկավ ընտրատեղամաս: Իսկ ընտրողներն ընտրացուցակում  ստորագրում են միայն քվեաթերթիկ, ծրար ստանալու և ընտրությանն իրենց մասնակցությունը հաստատելու համար: Այսինքն` ստորագրված ընտրացուցակի հրապարակումը քվեարկության գաղտնիությանը չի սպառնում և չի էլ կարող սպառնալ, որովհետև ընտրողը ոչ թե ցուցակում ստորագրելով, այլ քվեաթերթիկի վրա համապատասխան նշագրումով է կատարում իր ընտրությունը: Այսինքն` ընտրության գաղտնիության սկզբունքը պահպանվում է: Իսկ ընտրողների ստորագրություններով ցուցակների հրապարակայնությունը գոնե ավելի թափանցիկ կդարձներ ընտրությունների գործընթացը:

Ստորագրություններով ցուցակների հրապարակայնությանը Ազգային Ժողովում  օրինագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Դաշնակցությունն առաջարկել էր ընտրությունների հաջորդ օրը ընտրատեղամասերում փակցնել ընտրությանը մասնակցած անձանց գրանցամատյանների պատճենները` ստորագրություններով: Այս առաջարկը մերժվեց այն հիմնավորմամբ, որ դա խախտում է ընտրությունների գաղտնիության սկզբունքը: Փոխարենն ամրագրվեց, որ վստահված անձը կարող է պահանջել գրանցամատյանից քաղվածք ընտրությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ:

«Խնդիրն այն էր, որ Հայաստանում հիմնական ընտրակեղծիքը, որ կատարվում է, և հիմնական հարցը, որ անվստահություն է ծնում և՛ ժողովրդի, և՛ քաղաքական ուժերի շրջանում ընտրությունների արդարության վերաբերյալ, լցոնման խնդիրն է: Մենք առաջարկեցինք պարզ սխեմա` հրապարակել այն ցուցակները, որտեղ երևում են, թե ովքեր են մասնակցել ընտրություններին: Այսինքն` մենք չենք բացահայտում բուն ընտրությունը: Եթե այդ ցուցակները հրապարակվում են, մենք տալիս ենք մեր շենքերի պատասխանատուներին, մեր ընկերներին, ու մարդիկ անզեն աչքով կարող են տեսնել ու ստուգել այդ ցուցակների իսկությունը: Ու արդեն շատ պարզ են դառնում ցուցակներում տեղ գտնող այն մեռած հոգիների, տվյալ վայրում չգրանցված մարդկանց և այլ կեղծ անունները: Յուրաքանչյուր թաղամասում, բակում, շենքում ապրող մարդը նույնիսկ ստուգելու անհրաժեշտություն չունի: Նա միայն նայելով կարող է տեսնել, որ այսինչ բնակարանի բնակիչները բացակայում են, այսպիսի մարդ իրենց մուտքում չի ապրում և այլն»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Իսկ եթե դիտորդները, վստահված անձինք կամ ԶԼՄ-ների ներկայացուցիչները  չեն տեսնում այդ ցուցակները, ապա հնարավորություն է ստեղծվում նաև, որ հանձնաժողովի անդամները կարողանան համաձայնության գալ ու ավելացնել կամ պակասեցնել ընտրության մասնակիցների իրական թիվը: Ոչ ոք այլևս չի կարող այս հարցում նրանց վերահսկել:

Այս առաջարկը մերժվեց օրինագծին կողմ քվեարկած կոալիցիայի ներկայացուցիչների կողմից, այսինքն` սա քաղաքական դիրքորոշում էր:

«Ես կարծում եմ, որ այս ձևով տեղ է թողնվում զանգվածային ընտրակեղծիքների համար, որոնք կդրսևորվեն տեղից տեղ մարդկանց տեղափոխելու միջոցով, զինվորների մեծ քանակի մասնակցությամբ, և ես անհիմն չեմ համարում այն կասկածը, որ նախորդ անգամ կար, այսինքն` կեղծ, նոր տպագրված անձնագրերով մասնակցությունը ընտրություններին»,- գնահատական տվեց Արտյուշա Շահբազյանը:

Ինչևիցե, առաջիկա ընտրությունները ցույց կտան` ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն ընտրության գաղտնիության ապահովմա՞ն, թե՞ այլ նպատակով:

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply