Չեմպիոններ, որոնք չեն դարձել նախկին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 29, 2012 7:00

Մարզասերները տեղյակ են, որ այս տարի  Լոնդոնում կայանալու են ամառային  օլիմպիական 30-րդ խաղերը:

Օլիմպիական խաղեր կազմակերպվել են դեռ վաղնջական ժամանակներում` հին Հունաստանում: Ընդ որում, այնքան մեծ է եղել խաղերի նկատմամբ պատկառանքը, որ մրցումների օրերին թշնամանք ունեցող երկրների միջև դադարեցվում էին պատերազմական գործողությունները:

Ինչ վերաբերում է մերօրյա  համալիր ստուգատեսին, ապա այն կազմակերպվում է XIX դարի վերջից: Ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ  Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ 1896-ից կրկին վերկսել են խաղեր կազմակերպվել, և առաջին  մրցումներն անցկացվել են Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Այս մրցումները նախորդից տարբերելու համար անվանում են ժամանակակից  օլիմպիական խաղեր:

Դրանք անցկացվում են չորս տարին մեկ, տարբեր երկրներում: Եթե  դրանք չեն կայացել, ապա պատճառը եղել են հարկադրական իրավիճակները` պատերազմները: Այդուհանդերձ, օլիմպիական խաղերի նկատմամբ հետաքրքրությունը բոլոր ժամանակներում էլ մեծ է եղել: Ի դեպ,  օլիմպիական խաղերի չեմպիոններին բարձր գնահատելով, հարգելով, երբեք չեն անվանում նախկին: Նրանց հաղթանակը միշտ բարձրարժեք և անկրկնելի է մնում:

Ուրախալի է, որ Հայաստանն ունի օլիմպիական խաղերի 13 չեմպիոն: Ցավոք, երկար  ժամանակ է, որ այս թիվը չի ավելանում: Փաստորեն, 1996-ից հետո այլևս մենք նոր չեմպիոն չենք ունեցել: Մնում է սպասել, որ մառախլապատ Լոնդոնում կայանալիք խաղերում մեր երկրի ներկայացուցիչները բեկում կմտցնեն. կունենանք  նոր չեմպիոններ:

Ընդ որում, եթե այդպիսի մարզիկ ի հայտ գա, ապա նրան ոչ միայն փառք, այլև գայթակղիչ պարգևներ են սպասում:  Մեր երկրի կառավարությունը, ինչ խոսք, կխրախուսի այդ մարզիկին, սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ  Գագիկ Ծառուկյանը խոստացել է չեմպիոնին երեքսենյականոց բնակարան նվիրել Ազգային օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ գտնվող շենքերից մեկում: Նրան նաև դրամական պարգևներ են հանձնվելու: Ի դեպ, օլիմպիական խաղերի չեմպիոնները ցմահ  ամիսը 200 դոլար են ստանում: Այնպես որ  նորընծա չեմպիոնը կհարստանա  շուրջ մեկ միլիոն դոլարով:

Իսկ ժամանակակից օլիմպիական խաղերում Հայաստանից 1952-ին առաջին անգամ չեմպիոն է դարձել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը: Այն ժամանակ Հայաստանը ԽՍՀՄ-ի  կազմում էր, և մերոնք հանդես էին գալիս միասնական թիմում: Եվ ԽՍՀՄ-ի պատվիրակները ժամանակակից օլիմպիական խաղերում իրենց նորամուտը նշեցին հենց այդ թվականին` Հելսինկիում: 15-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք էին ժամանել 69 երկրների 5 հազար մարզիկներ: ԽՍՀՄ-ի հետ  միասին ուժի և գեղեցկության այդ ստուգատեսում նորամուտ էին նշում  ևս 10 երկրների պատվիրակություններ:

Փայլուն հանդես եկավ Հրանտ Շահինյանը` տիրանալով երկուական ոսկե և արծաթե պարգևի: Նա ԽՍՀՄ  հավաքականի կազմում չեմպիոն դարձավ թիմային մրցումներում, երկրորդն էր բազմամարտում, ապա մեկական ոսկե և արծաթե մեդալների էլ տիրացավ բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս:

Ահա թե ովքեր են հետագա տարիների օլիմպիական մեր չեմպիոնները. մարմնամարզիկ Ալբերտ Ազարյան (1956` Մելբուռն, 1960` Հռոմ), ժամանակակից հնգամարտիկ Իգոր Նովիկով (1956` Մելբուռն, 1964` Տոկիո),  Վլադիմիր Ենգիբարյան (1956` Մելբուռն), սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկ (1972` Մյունխեն), ծանրորդ Յուրի Վարդանյան (1980` Մոսկվա), մարմնամարզիկ Էդուարդ Ազարյան (1980` Մոսկվա), հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյան (1988` Սեուլ), ծանրորդ Օգսեն Միրզոյան (1988` Սեուլ), ծանրորդ Իսրայել Միլիտոսյան (1992` Բարսելոնա), գնդակային հրաձիգ Հրաչյա Պետիկյան (1992` Բարսելոնա), հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյան (1992` Բարսելոնա), հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյան (1996` Ատլանտա):

Ուշագրավն այն է, որ անկախացումից հետո 1992-ին Բարսելոնայում մերոնք արդեն «անկապ», սակայն դարձյալ միացյալ թիմի կազմում հանդես եկան, իսկ դրանից հետո արդեն խաղերին մասնակցում են առանձին պատվիրակությամբ: Հետաքրքիրն այն է, որ նորանկախ Հայաստանի` օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը 2000-ին արդեն ոսկե մեդալ բերեց Բուլղարիայի հավաքականին: Ինչ խոսք, բարձրագույն այդ պարգևը կարող էր նաև մեր երկրինը լինել, սակայն սոցիալական պայմաններն իրենցն էին թելադրում, և հայ մարզիկը հայտնվել էր օտար ափերում, այլ երկրի հավաքականում:

Չի բացառվում, որ Արմենը Բուլղարիայի պատիվը պաշտպանի նաև առաջիկա օլիմպիական խաղերում: Համենայն դեպս, 38-ամյա մարզիկն այդպիսի ցանկություն հայտնել է:

 

 

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply