Հավաքականի դռները բաց են

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 26, 2012 7:00

Փետրվարի 23-26-ը Երևանի մարզական քոլեջի դահլիճում կայանալիք ծանրամարտի Հայաստանի առաջնությանը մարզիկները լրջորեն են նախապատրաստվել: Տարին օլիմպիական է, իսկ մեր երկրի այս մարզաձևի հավաքականն իրավունք է ստացել «Լոնդոն 2012»-ի խաղերում մրցահարթակ հանել 4 ծանրորդի և 2 ծանրորդուհու: Այդ ուղեգրերն անհատական չեն, այնպես որ մարզիկներից յուրաքանչյուրը նպատակ ունի ընդգրկվելու հավաքականում, նաև հավակնելու հետագայում օլիմպիական մեդալի: Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրորդները նախորդ` 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում տիրացել են բրոնզե երեք պարգևի:

Մեր երկրի առաջնությունից առաջ մի քանի հարց ուղղեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանին:

– Առաջնությանը Հայաստանի բոլո՞ր ուժեղագույններն են մասնակցելու:

– Տղամարդկանց հավաքականը նախապատրասվել է Աբովյանում, իսկ կանանց հավաքականը` Գյումրիում: Այդուհանդերձ, բոլոր ուժեղագույնները չեն մասնակցի: Մի մասը կշարունակեն նախապատրաստվել անհատական ծրագրով: Կարիք չկա, որ այս շրջանում այդ մարզիկները լավագույն մարզավիճակում լինեն, դրսևորեն իրենց ամբողջ կարողությունները: Եթե ներկայումս նրանք  կազմուպատրաստ լինեն առավելագույնը ցուցադրելու, ապա  ամռանը դժվար կլինի նույնը կատարել օլիմպիական մրցահարթակում: Ֆիզիկապես և հոգեբանորեն դա հնարավոր չէ: Կարիք է զգացվելու կրկին լիցքաթափվելու և  հետո էլ բարձրանալու, վերագտնելու լավ մարզավիճակը: Եվ որպեսզի խնդիրներ չառաջանան, մեր տիտղոսակիր մարզիկներից աշխարհի չեմպիոն Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը, ևս մի քանի առաջատարներ բաց կթողնեն այս առաջնությունը: Մարզիչները հիմնականում  ցանկանում են տեսնել հավաքականի նոր թեկնածուներին: Ովքեր ձգտում են մեր օլիմպիական հավաքականում հայտնվել, այս ստուգատեսում է, որ պետք է ձեռնոց նետեն հնաբնակներին,  շատ կիլոգրամներ հաղթահարեն: Այնպես որ լուրջ մրցակցություն է սպասվում: Բացի այդ, առաջնությունն ընտրական է,  և դրա արդյունքով որոշվելու է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում, որը կայանալու է ապրիլի 6-16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:

– Մեր մարզուհիների մասին ոչինչ չասացիք: Այս առումով ի՞նչ են անելու առաջատար ծանրորդուհիները:

– Հռիփսիմե Խուրշուդյանը ձեռքի վիրահատությունից հետո  ապաքինվել է և վերսկսել մարզումները, սակայն չի մասնակցի այս առաջնությանը: Նա  արդեն հեշտորեն հրում վարժությունում հաղթահարում է 100-110 կգ: Խանգարող որևէ հանգամանք չունի նաև Մելինե Դալուզյանը, որի վիրահատությունը ևս նորմալ է անցել, և արդեն նա 130 կգ է հրում:  Հավանական է, որ վերջինս մասնակցի առաջնությանը: Դա  Հայաստանի կանանց հավաքանի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պետք է որոշի:

– Իսկ իմաստ ունե՞ր այս շրջանում Հայաստանի առաջնություն անցկացնել, երբ բոլորը չեն մասնակցելու, ոմանք էլ հանդես են գալու ոչ իրենց քաշային կարգերում, որպեսզի կարճ ժամկետում ավելորդ կիլոգրամներից մի քանի անգամ ձերբազատվելու խնդիր չունենան:

– Առաջնությունն անպայման պետք  է անցկացվի, որպեսզի Հայաստանի մրցանակակիրները որոշվեն:  Բացի այդ, առջևում Եվրոպայի առաջնությունն է, անհրաժեշտ  է պարզել, թե ով ինչի է ունակ: Իսկ եթե ուժեղագույններից ոմանք բացակայում են, դա լավ հնարվորություն է մյուսների համար, որպեսզի մեդալներ նվաճեն: Ինչ վերաբերում է քաշի խնդրին, ապա ֆեդերացիան թույլատրել է Եվրոպայի առաջնության մասնակից Հայաստանի հավաքականի թեկնածու մարզիկներին  հանդես գալ իրենց ներկայիս քաշերով, այլ քաշային կարգերում: Այսինքն`  քաշ «չգցել», քանի որ դա անելու են Եվրոպայի առաջնությունից առաջ: Հակառակ պարագայում նրանք կարող են ուժասպառ լինել: Իսկ այն երիտասարդ մարզիկները, որոնք պայքարելու են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, պետք է քաշը պակասեցնեն, մրցեն իրար հետ, որպեսզի որոշեն արժանավորներին, հավաքականի անդամներին: Այն քաշային կարգերում, որոնցում մրցակցություն չկա, ունենք ակնհայտ առաջատարներ, դրանց ներկայացուցիչները նույնպես առաջնությանը կմասնակցեն այն քաշերով, որոնք  այժմ ունեն:

– Վիրահատված, վնասվածք ունեցող մարզիկներից ի՞նչ վիճակում է Արա Խաչատրյանը:

– Նա նորմալ վիճակում է, հնարավոր է` մասնակցի Հայաստանի առաջնությանը: Այդուհանդերձ,  ցանակալի չէ, որ նա այժմ մրցահարթակ դուրս գա: Թերևս նպատակահարմար կլիներ, որ Արան կարողությունները փորձեր մարտի կեսին կայանալիք Հայաստանի երիտասարդական առաջնությունում: Բանն այն է, որ նա նոր է վիրահատվել, և երկու ամիս անց միանգամից մրցման մասնակցելը մարզիկի համար դժվար է: Պարապմունքների ժամանակ խնդիրներն այլ են: Մրցումների ընթացքում ծանրորդը պարզապես պարտավոր է շատ կիլոգրամներ հաղթահարել, իսկ դա Խաչատրյանի համար ներկայումս անվտանգ չէ: Արայի ձեռքը լրիվ ապաքինվել է,  ինչ վերաբերում է ոտքի վիրահատությանը, թեև հաջող է անցել, օրգանիզմը դեռ պետք է վերականգնվի:

– Կա՞ն այնպիսի ծանրորդներ, որոնք երկար ժամանակ տեսադաշտից դուրս են մնացել, սակայն օլիմպիական տարում կրկին ցանկանում են փորձել իրենց կարողությունները:

– Նկատի ունեք  մեր տիտղոսակիրների՞ն` օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Գևորգ Դավթյանին և Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին: 2008-ի օլիմպիական խաղերից հետո այդ մարզիկները Հայաստանի և միջազգային որևէ մրցաշարում նորմալ արդյունք ցույց չեն տվել: Ընդ որում, մասնակցելիս հաճախ չեն բարձրացրել իրենց իսկ պատվիրած կիլոգրամները և 0 գնահատական են ստացել: Մարտիրոսյանը երկու անգամ  աշխարհի առաջնության է մասնակցել և այդպիսի ճակատագրի արժանացել: Ընդ որում,  նա մեկ անգամ հրում վարժությունը կատարելիս է 0 ստացել, մեկ անգամ էլ ` պոկում վարժության ժամանակ: Դավթյանն էլ մեկ անգամ է աշխարհի առաջնության մասնակցել և  դարձյալ անփառունակ մրցելույթ է եղել: Այդքանից հետո ի՞նչ հույսեր կապելու մասին կարող է խոսք լինել: Այդուհանդերձ, եթե նրանք ցանկություն ունեն և  կարող են ապացուցել, իրենց բարձրացրած կիլոգրամներով վստահություն կներշնչեն, ապա  կրկին կարող են հավաքականում հայտնվել: Ընդհանրապես, հավաքականի դռները բաց են բոլորի առջև: Իսկ մեր խնդիրն է ընտրել արժանավորներին և անել հնարավորը սևեռուն նպատակին հասնելու` օլիմպիական խաղերի չեմպիոն ունենալու համար:

– Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկվելու համար հատկապես ո՞ր քաշային կարգերում է սուր մրցակցություն ակնկալվում:

– 69, 77, 85, 94 կգ, ծանր և գերծանր քաշային կարգերում մրցակցություն կա: Այսինքն` գրեթե բոլոր քաշային կարգերում էլ ունենք  արժանավորներ, ընտրություն կատարելու հնրավորություն: 10 մարզիկ հավակնում է  օլիմպիական հավաքականի 4 տեղին, այնպես որ մրցակցությունը սուր է:

– Հայաստանի հավաքականի վերջնական կազմը ե՞րբ է որոշվելու:

– Մայիսի վերջին կանցկացվի փորձամրցում, որից հետո էլ ամեն բան պարզ կդառնա: Շենգավիթի համայնքում գտնվող  ծանրամարտի  մարզադպրոցը հիմնովին վրանորոգվել է: Տեղադրվել են այնպիսի մրցահարթակներ, որոնք լինելու են օլիմպիական խաղերի ժամանակ: Օլիմպիական են նաև նոր ծանրաձողերը: Այնպես որ այդ մարզաբազայում ծանրորդները կպարապեն, այդտեղ էլ կկազմակերպվեն նրանց փորձամրցումները:

– Եվոպայի առաջնությանը մեր հավաքականը քանի՞ մարզիկով կներակայանա, ի՞նչ սպասելիքներ կլինեն:

– Մարտի կգնան երիտասարդները: Նախատեսում ենք մրցահարթակ դուրս բերել  մինչև 8 ծանրորդի:  Ուրախացնող արդյունքներ կլինեն:

– Իսկ Հայաստանի երիտասարդ ծանրորդներին առաջիկայում ի՞նչ փորձություն է սպասում:

– Մայիսի 9-16-ը Գվատեմալայում աշխարհի երիտասարդական առաջնությունն է: Հայաստանից կմասնակցի 4-5 մարզիկ: Սպասում ենք բարձր արդյունքներ:

 

 

Դիտվել է 4527 անգամ:
Print Friendly

Leave a Reply