Սիլվա Համբարձումյան. Բացահայտումներ, որ երբեք չեք լսել…

Հարցազրույց | | February 23, 2012 14:45

Սիլվա Համբարձումյանը, որի մասին մեր երկրում քչերն էին լսել, արդեն գիտեն, որ խոշոր գործի տեր է թե՛ հանքարդյունաբերության ոլորտում և թե՛ ներմուծման ու հացաթխման գործում: Նա միակ խոշոր գործարարն է, որ փորձում է լուծել իր բիզնեսխնդիրները` որպես հզոր զենք օգտագործելով հրապարակայնությունը` մամուլի ասուլիսները, հարցազրույցները տարբեր լրատվամիջոցներին: Իսկ մինչ օրս ընդունված էր համարել, որ նմանօրինակ խնդիրները պետք է լուծվեն միայն ու միայն քաղաքական փակ վարագույրների ետևում` հետնաբեմում: Նա դեռ շարունակում է, վիկիլիկսի օրինակով, լուրջ բացահայտումներ անել:

Մենք հանդիպեցինք տիկին Համբարձումյանին ու հիմնականում զրուցեցինք իր առաջիկա անելիքներից...

– Տիկին Համբարձումյան, google-ով հետևում էի հրապարակումներին, ու զարմացա՝ տեսնելով, որ այս օրերին ամենաորոնվող անուններից մեկը հենց Սիլվա Համբարձումյանն է:

– Չգիտեի, հետաքրքիր է: Գուցե կան մարդիկ, որոնց հետաքրքրում է անելիքներս, առաջիկա ծրագրերս: Ես հարցազրույցները հիմնականում չեմ մերժում, համբերատար ու սիրով պատասխանում եմ բոլոր լրագրողների զանգերին: Փաստորեն, ստացվում է, որ լրագրողներին շատ ժամանակ եմ տրամադրում:

– Դուք հաճախ կրկնում էիք, որ հնարավոր է` քաղաքական դաշտ մտնեք: Կարծեմ նույնիսկ թեկնածության հարցն էիք ծրագրել...

– Այո, ես ասացի, որ եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դնի իր թեկնածությունը, ես էլ եմ դնելու: Բավական տևական ժամանակ ծանոթանում էի մեր խոշոր կուսակցությունների գաղափարախոսությանը, իրենց առջև դրված խնդիրներին ու առաջիկա անելիքներին: Հիմա արդեն հստակ որոշել եմ, թե որ կուսակցությունն է ինձ ավելի հոգեհարազատ:

– Եվ եթե գաղտնիք չէ, ո՞ր կուսակցությունը:

– Ես խորհրդարան կմտնեմ ստացած քվեով, որպեսզի բոլորը հասկանան, որ առանց փողի էլ կարելի է տեղ ունենալ խորհրդարանում: Թեկնածությունս կառաջադրեմ Մեղրիում: Այնտեղ մարդիկ ինձ շատ լավ են ճանաչում, ու ավելի շատ վստահում: Իսկ թե որ կուսակցությանն եմ անդամակցելու, կասեմ ավելի ուշ, երբ հրավիրեմ մամուլի ասուլիս:

– Լավ, թողնենք քաղաքականությունն ու խոսենք ձեր բիզնեսի գործերից: Նախորդ հանդիպման ժամանակ արձանագրեցիք, որ դեկտեմբերին պետք է բացվի ձեր նոր գործարանը: Ասացիք նաև, որ հացի արժեքը ներկայիս գներից 20-30 տոկոսով ցածր կլինի: Ստացվում է, որ հիմա հաց արտադրողները գերշահո՞ւյթ են ստանում

– Ոչ, գերշահույթի խնդիր չկա, հակառակը, օրինակ` ես այսօր հացից շահույթ չեմ ստանում, որովհետև հումքեր կան, որ օգտագործում եմ, բայց ոչ ոք չի օգտագործում: Ասենք, սև հացը ստանում եմ դոշաբով. ներկ չեմ խառնում: Մենք խմորիչ չենք օգտագործում, որովհետև ունենք հասունացման վառարան: «ԿԱԼԱՉ»-ը

իմ ներկայիս արտադրությունն է, որը կազմակերպվում է իտալական սարքավորումներով, և գինը ցածր չէ: Բայց նոր գործարանում մենք կարտադրենք ֆրանսիական, ռուսական ու հայկական հաց, և բոլորի ինքնարժեքը 20-30 տոկոսով, այո, կիջնի: Կիջնի աշխատատեղերի հաշվին, այսինքն՝ աշխատուժի սակավության հաշվին հացի գինը կնվազի: Բացի դրանից, նաև գազի հաշվին, որովհետև նոր սարքավորումները՝ վառարանները, բավական տնտեսող են:

Իսկ հացի արտադրությունը գերշահույթ չի կարող ապահովել: Գերշահույթ կունենա այն մարդը, որը արտադրության բոլոր փուլերում` սկզբից մինչև վերջ` ցորենի ներկրումից մինչև հացարտադրություն ինքը կզբաղվի: Նոր գործարանի բացումից հետո (գործարանը կբացվի առաջիկայում-հեղ.) ես անցնելու եմ ալրաղացի շինարարությանը, ու ցորենը ես կբերեմ: Ինչ որ կբերեմ դրսից, կլինի միայն իմ արտադրության համար՝ ալյուր, կարագ, շաքարավազ, անհրաժեշտ բոլոր հումքերը:

-Բոլորին է հետաքրքրում, թե սենսացիոն բացահայտումներ անող տիկինը իրականում քանի՞ հանք ունի: Անշուշտ, խոսքը վերաբերում է Հայաստանին:

– «Լուլիար» ՍՊԸ-ով` 6 հատ, «Սիփան-1»-ով` 2 հատ, բայց մեկը՝ Տերտերասարինն է մնացել. Լիճքվազ-Թեյի հանքավայրը տվել են ռուսներին՝ «Սագամարին», հիմա դատական գործընթացների մեջ ենք: «Հանքաբուրգ» ընկերությունով մեկ հատ ունեմ, բայց այնտեղ հանք չկա:

2008 թ. 30 միլիոն դրամով գնել եմ Սանահինի հանքավայրը, որտեղ իրականում գերեզման է: Աճուրդի ժամանակ նախարարությունը մեզ տվել է 2 թերթից բաղկացած մի թուղթ, որում ընդամենը տվյալներ են հանքավայրի տարածքի պարունակության մասին: Ցավն այն է, որ եթե հետ նայենք, հատուկ լիցենզիաների հետ կապված` երևի ամենաշատ ներդրումը ես եմ արել: Հանքեր կան, օրինակ, որոնք առանց աճուրդի տրվել է տարբեր ընկերությունների, որոնց տերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Վարդան Այվազյան, Հովիկ Աբրահամյան և այլք: Շուտով ԱԺ-ում 3-րդ ընթերցումն էլ կլինի, և օրենք կընդունեն: Այսինքն՝ առանց աճուրդի ում ուզեն, նրան էլ կտան հանքերը:

ԼիճքվազԹեյից Սուրեն Խաչատրյանի գողության մասին նորություն կա՞:

– Քննությունը դեռ ընթացքի մեջ է: Գիտեք ինչ, դեռ 2009 թ. ես դիմել եմ գլխավոր դատախազություն և ասել, որ «Սիփան-1»-ում խոշոր չափերի հափշտակություն է եղել: Գործն ուղարկեցին ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ քննիչ Անդրանիկ Թումաղանյանի մոտ: Նա է 102 մլն դրամի սարքավորումը հայտնաբերել Սյունիքի մարզպետի «Գեղվա ձոր» հանքավայրում: Քննիչը գնացել ասել է, որ այս գույքն արգելանքի տակ է, սա «Սիփան-1»-ի սարքավորումն է: Դրանից հետո Սուրեն Խաչատրյանը որոշեց ինձ հետ հանդիպել: Նախորդ տարվա գարնանը մենք հանդիպեցինք: Նա ասաց. «Լավ, որ դու ես, քեզ 100 հազար դոլար կտամ, մեկ ա, էդ սարքավորումը էլ հետ չի գալու, իմ հանքում դրած աշխատում ա»: Ասացի՝ ոչ, եթե վաճառեմ, միայն 102 միլիոն դրամով, որովհետև այդ արժեքն իմ հաշվեկշռում նստած է, և ես պետությանը դրանից պետք է 20-25 միլիոնի հարկ վճարեմ: Ասաց. «Դե, լավ ա, էլի, 100 հազարից էդ վճարումը կանես, մի 10 միլիոն էլ քեզ կմնա»: Ու դրան էլ հաջորդեց «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած դեպքը:

Չե՞ք անհանգստանում, որ հյուրանոցի հայտնի դեպքը կարող է կրկնվել ԱԺում:

– Չէ, որովհետև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատգամավոր չէ: Վտանգ չեմ տեսնում:

Այ, ես տեսնում եմ, թե ձեզ, իրոք, ինչքան շատ են զանգահարում հենց լրագրողները:

– Այո, առաջիկայում ասուլիս եմ տալու, շատ ավելի էական բացահայտումներ կանեմ: Բայց քանի որ քեզ խոստացել էի հարցազրույց տալ, չէի կարող ասել՝ ասուլիսին արի:

Մանկապիղծ Սերոբ ՏերՊողոսյանի կինը՝ Մադլեն Թաշչյանը, վերջին օրերին հայտարարեց, որ ձեզ նույնիսկ դեմքով չի ճանաչում և իր հետ կապված ձեր պատմածներն իրականությանը նույնիսկ մոտ չեն...

– Գիտեմ, թե նա ինչ է ասել: Թաշչյանն ինձնից 1 լումա է պահանջում և ուզում է, որ պարտավորեցնեն իրենից ներողություն խնդրել:

Եթե հիշում ես, ասուլիսի ժամանակ ես Հոկտեմբերի 27-ի մասին ոչինչ չեմ ասել, ես նշել եմ «1999 թվական», բայց հետո մարդիկ կային, որ իմ ասած 1999 թվականը կապեցին Հոկտեմբերի 27-ի հետ: Իսկ ես նույնիսկ չգիտեի էլ, որ Հոկտեմբերի 27-ի գործով Սերոբ Տեր-Պողոսյանի անունն անցել է: Ես հանքերից էի խոսում և 1999 թվական ասելով՝ նկատի ունեի, որ այդ թվականին են առաջին հանքավայրը՝ Ախթալան, կոպեկներով տվել Սերոբ Տեր-Պողոսյանին: Եվ հանելուկ էր հենց 1999-ին նրա կողմից հանքավայրի ձեռքբերումը: Հետո ամեն ինչ տրվեց նրան. նա շատ հանքեր ուներ:

Իսկ Մադլեն Թաշչյանին դատարանում ես կպատմեմ, որ երբ ընկերուհուս հետ «Մարիոթ» հյուրանոցում էի, մեզ միացավ քույր Արուսյակը: Դեռ 10 օր չէր անցել, որ Սերոբ Տեր-Պողոսյանին բռնել էին: Քույր Արուսյակն ասաց, թե նա շատ լավ մարդ է, իրենց բարեգործական հիմունքներով 50 հազար գումար է տվել, և ասաց, որ Տեր-Պողոսյանի կնոջն է սպասում:

Հետո եկավ Մադլեն Թաշչյանը. շատ վրդովված էր: Ես նրան չեմ ճանաչում, բայց որ դատարանում ինձ տեսնի, կճանաչի, այդ օրվա խոսակցությունը կհիշի: Ասաց. «Տեսեք, թե ես ինչեր եմ անելու, ցուցակներն եմ տալու, թե ում ինչքան փող է տրվել»: Նման բաներ էր խոսում, այսինքն՝ կաշառք տալու հարցն էր:

Թաշչյանն ասաց, որ եթե ամուսնուն բաց չթողնեն, այդ ամենը կհրապարակի: Ես էլ ասացի՝ լրագրողների հետ հանդիպեք, ասաց, որ պետք լինի, կհանդիպի:

Հիմա նայեք, թե ինչ արեցին. Ախթալայի հանքը Մադլեն Թաշչյանի, նրա ընտանիքի անունով դարձրին ու երևի ինչ-որ բան լրացրին, թե չէ կարող էին նաև մյուս հանքերի պես Ախթալան էլ վերցնել և փոխարենը ոչինչ չտալ: Իրականում ասելու բան ուներ, դրա համար էլ այդ հանքը տվեցին:

Ասում են՝ պատգամավորական մանդատը պարտավորեցնում է զբաղվել օրենսդրությամբ, ոչ թե սեփական բիզնեսով

– Մեր իրականության մեջ դա արդեն սովորական բան է դարձել: Իմ բիզնեսը հիմնականում արտասահմանում է, ես ոչ թե Հայաստանից եմ փող տանում, այլ հակառակը` բերում եմ:

Կայծակնային արագությամբ շշուկներ էին շրջանառվում, որ դուք գուցե հայտնվեք նաև կառավարությունում նախարարի «հաստիքով»...

– Բայց ես նախարար չեմ ցանկանում դառնալ: Եթե ցանկանայի, շատ վաղուց կդառնայի: Իրականում շատ աշխատանքներ կան, որ անշնորհակալ են համարվում: Ըստ իս, նախարարի աշխատանքը շնորհակալ գործ չէ:

Շնորհակալություն հարցազրույցի համար...

– Շնորհակալություն քեզ և «Անկախին»: Շատ ընթերցողներ եմ մաղթում:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

Դիտվել է 2670 անգամ:
Print Friendly

Leave a Reply