Լինե՞լ, թե՞ չլինել թափանցիկ. 100 մլն-ի ծրագրի խորհուրդը դեռ աշխատակարգն է քննարկում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 23, 2012 12:41

Գևորգ Վարդանյան

2011-ի դեկտեմբերին գիտնականների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ երիտասարդ գիտնականներին հատկացնել 100 մլն դրամ: Խոստացավ նաև, որ ծրագիրը կլինի շարունակական, և անգամ հատկացվող գումարի չափը կարող է ավելանալ, եթե առաջին ծրագիրն իրականացվի հաջողությամբ:

Հատկացված գումարը պատշաճ տնօրինելու համար գիտնականները հանդիպումներ են ունեցել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Որոշվել է ստեղծել 9 անդամ ունեցող խորհուրդ: Խորհրդին անդամակցում են երեքական ներկայացուցիչներ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնությունից, ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդից և ՀՀ բուհերի ՈՒԳԸ-ներից:

Ձևավորվել է նաև խորհրդատուների խորհուրդ, որում ընդգրկված են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ավետիս Բերբերյանը, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, և ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:

Խորհրդատվական մարմինը պետք է վերջնական հաստատման արժանացնի երիտասարդական խորհրդի մշակած ծրագրերը:

Որոշվել է, որ 100 մլն-ը հատկացվելու է եռամսյակային կտրվածքով` 4 չափաբաժնով: Առաջին գումարը կհատկացվի արդեն մարտի կեսերին:

100 միլիոնի ծրագրի խորհուրդը, սակայն, դեռևս հաստատված աշխատակարգ չունի. որոշ կետերի շուրջ տարակարծություններ են առաջացել:

ՊԳՖԱ-ն առաջարկում է, որ խորհրդի բոլոր նիստերը լինեն դռնբաց, նիստերի սղագրությունը և տեսաձայնագրությունը հասանելի լինեն ինտերնետային աղբյուրներում, որպեսզի ապահովվի խորհրդի գործունեության թափանցիկությունը:

ՊԳՖԱ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանի խոսքով` առաջարկի նպատակը առավելագույնս թափանցիկություն ապահովելն է` խուսափելու հնարավոր անտեղի խոսակցություններից. «Պատահում է, որ միանգամից հանրությանը պատրաստի աշխատանքն են ցույց տալիս, և այդպես էլ անհայտ է մնում, թե այդ արդյունքին ինչպես հասան, մարդկանց մեջ հարց է առաջանում, թե ինչու այսպես, ոչ թե այնպես: Նման իրավիճակից խուսափելու համար ուզում ենք, որ հնարավոր բոլոր ռեսուրսներով մեր աշխատանքը ներկայացվի, հասանելի լինի բոլորի համար»:

ԳԱԱ երիտասարդական գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը նշում է, որ գործունեության թափանցիկության կողմնակից է, բայց ամեն քննարկման բաց լինելը, նիստը հեռարձակելը ցանկալի չի համարում: Սակայն նշում է, որ խնդիրներ չի տեսնում, եթե, ի վերջո, խորհուրդը որոշի, որ բոլոր նիստերը հեռարձակվելու և դռնբաց են լինելու:

Կառլեն Խաչատրյան

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը ևս սկզբունքային տարակարծություններ չունի նիստերի թափանցիկության առնչությամբ. «Նիստերի հեռարձակման հետ կապված խնդիր չեմ տեսնում, բայց մյուս կողմից` չեմ կարծում, թե դրանից կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը: Աշխատանքների ժամանակ խորհրդի անդամները կաշկանդված են լինելու իրենց տեսակետը արտահայտելու հարցում, նաև կողքից դիտողների համար գուցե նիստը «թատրոնի» տպավորություն թողնի»:

Խաչատրյանը կարծում է, որ ճիշտ գործելու դեպքում առանց նիստերի հեռարձակման էլ կառույցի նկատմամբ վստահության պակաս չի լինի. «Այսպես թե այնպես, կառույցի նկատմամբ վստահություն կլինի, երբ կառույցը շոշափելի արդյունքներ  տա` ծրագրեր իրականացնելով: Հետևաբար այս փուլում մեր ուժերը պետք է կենտրոնացնենք մաքսիմալ արդյունավետություն ունեցող ծրագրեր իրականացնելու վրա: Մեկ-երկու նմանատիպ ծրագրեր իրականացնելուց հետո, կարծում եմ, վստահության խնդիր չի լինի»:

Մյուս առաջարկը վերաբերում է որոշումների ընդունման կարգին: Անդամների մի մասը կողմ է, որ որոշումները կայացվեն ձայների 2/3-ով, մյուս մասն էլ` բացարձակ կոնսենսուսով:

Գևորգ Վարդանյանը, օրինակ, կողմ  է բացարձակ կոնսենսուսի սկզբունքին, միաժամանակ նշում է, որ գործնականում դա չի պատկերացնում. «Ինը տարբեր մարդիկ են, ներկայացնում են տարբեր բնագավառներ, յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը: Բացարձակ կոնսենսուսի սկզբունքը շատ ցանկալի տարբերակ է, բայց կարող է չգործել»:

Տիգրան Հարությունյանը, մեկնաբանելով բացարձակ կոնսենսուսի անհրաժեշտությունը, նշում է, որ գումարը առավելագույնս ճիշտ օգտագործելու խնդիր կա, պետք է ամեն ինչ ակնհայտ լինի, որևէ մեկի մեջ հարցեր չառաջանան: «Եթե խորհրդի անդամների թիվը մեծ լիներ, ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելն ընդունելի կլիներ, քանի որ այդ դեպքում սխալվելու հավանականությունը կնվազեր,- ասում է Հարությունյանը:- Մենք ընդամենը 9 անդամ ենք և պետք է ընդհանուր համաձայնություն լինի, իսկ դա բարդ բան չէ: Առաջնորդվելու ենք հստակ և գործուն չափանիշներով, այնպես որ ծրագրի համապատասխանությունը չափանիշներին չպետք է տարակարծություններ առաջացնի»:

Հարությունյանի խոսքով` բացարձակ կոնսենսուսը գործող տարբերակ է, և դա արդեն ապացուցվել է, քանի որ խորհուրդը, օրինակ, կոնսենսուսի է հասել գործունեության ուղղությունների հարցում:

Երրորդ վիճահարույց հարցը անդամների ռոտացիայի սկզբունքն է: ՊԳՖԱ-ն առաջարկում է խորհրդի անդամներին փոխել 6 ամիսը մեկ:

Գևորգ Վարդանյանը դեմ է անդամների ռոտացիայի սկզբունքին. «Կազմ է ձևավորվել, որը հմտանում է գործում: 6 ամիսը մեկ անդամներին փոխելու դեպքում գործի արդյունավետությունը կընկնի, քանի որ նոր կազմը պետք է նորից ծանոթանա գործերին, թրծվի»: Վարդանյանի կարծիքով` անդամների չփոխվելը ո՛չ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ո՛չ էլ խոսակցությունների տեղիք կտա. «Այդ ինը անդամները չեն որոշում` դրամաշնորհները ում տան կամ չտան, համագործակցելու ենք միջազգային փորձ ունեցող ընկերությունների հետ, առաջնորդվելու ենք հստակ չափորոշիչներով»:

Կառլեն Խաչատրյանը նույնպես դեմ է պարտադիր ռոտացիայի սկզբունքին: Նրա կարծիքով` խորհրդում ներգրավված 3 կառույցների հայեցողությանը պետք է թողնել` փոխեն խորհրդում իրենց ներկայացուցչին, թե ոչ: Նաև կարծում է, որ ռոտացիայի կիրառումը կնվազեցնի ծրագրի արդյունավետությունը, քանի որ խորհրդի նոր անդամների ընտելանալու համար ժամանակ  պետք կլինի: «Ֆինանսական պատասխանատվության մասին եմ մտահոգված: Եթե գումարի տնօրինումը վստահված է 9 հոգու, ապա մեզանից յուրաքանչյուրը, բնականաբար, որոշակի ֆինանսական պատասխանատվություն պետք է կրի: Ռոտացիան ինչ-որ չափով նաև դրան է խանգարելու»: Խաչատրյանը կարծում է, որ այս տարի ծրագիրն անհրաժեշտ է առանց անդամների փոփոխության է իրականացնել: Իսկ հետագայում, եթե ծրագիրը շարունակություն ունենա, կարելի է արդեն մտածել ռոտացիայի սկզբունքի մասին:

Տիգրան Հարությունյանի խոսքով, սակայն, ռոտացիան անհրաժեշտություն է, որպեսզի բոլորի համար պարզ լինի` խորհրդում ոչ ոք աթոռի խնդիր չի լուծում. «Նախաձեռնությունը գործունեության ողջ ընթացքում փորձել է կարևորել գիտությունը, հիմա էլ պետք է ցույց տանք, որ գիտության աջակցության հարց ենք լուծում, ոչ թե անձնական խնդիրների»: Հարությունյանը համամիտ չէ նաև այն կարծիքին, թե նոր անդամների  ընտելացման համար ժամանակ հարկավոր կլինի. «Ի սկզբանե պայմանավորվել ենք, որ մեր արած ամեն քայլի մասին տեղյակ ենք պահում մյուս անդամներին: Եթե մարդիկ տեղյակ են գործունեության ընթացքին, ցանկության դեպքում կարող են մասնակցել նիստերին, ապա ռոտացիան խնդիր չի առաջացնի: Այնպիսի բան չենք անում, որից մենակ մենք ենք տեղյակ, և եթե մենք չլինենք, գործը կձախողվի»:

Ըստ Հարությունյանի` եթե 100 տոկոս համոզված լինեին, որ ծրագիրը շարունակական է լինելու, ապա դեմ չէին լինի, որ ռոտացիոն սկզբունքը տարին մեկ կիրառվի: «Սակայն ծրագրի շարունակականությունը կախված է նրանից, թե այս անգամ ինչպես կիրականացվի այն, եթե այս անգամ չհաջողեցինք, հավանականությունը, որ ծրագիրը շարունակվելու է, նվազում է: Խնդիր ունենք այս մեկն առավելագույնս լավ անելու, հիմքեր դնելու, տրադիցիա ստեղծելու: Հետագայում արդեն թող տարին մեկ լինի»:

Առաջիկայում խորհրդի անդամները կփորձեն քննարկումների միջոցով վերջնականապես աշխատակարգը հաստատել, որպեսզի արդեն մտածեն ծրագրերի իրականացման ուղղությամբ: Խորհուրդն արդեն իսկ համաձայնության է եկել, որ աշխատելու են հետևյալ ուղղություններով. գիտական դրամաշնորհների մրցույթների հայտարարում, երիտասարդ գիտնականների` միջազգային կոնֆերանսներին մասնակցության աջակցություն, հանրապետական և միջազգային բնույթի գիտաժողովների կազմակերպում, տարբեր անվանակարգերում կրթաթոշակների հատկացում և մրցույթների իրականացում:

Հարությունյանը նշում է, որ ունեն գերակա նպատակ` ծրագրերի մեծ մասը պետք է այլ աղբյուրներից էլ ֆինանսավորում ունենա, ինչը հնարավորություն կտա 100 մլն դրամ գումարն առավել արդյունավետ ծախսել: Հնարավորինս խթանելու են նաև, որ երիտասարդ գիտնականները տպագրվեն միջազգային ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում, ինչի շնորհիվ հայ գիտնականները միջազգային ասպարեզում ավելի հայտնի կդառնան, միջազգային ասպարեզում կապեր ձեռք կբերեն, նաև հնարավորություն կստեղծվի դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու գիտությունում:

Նորարարություն է այն գաղափարը, ըստ որի` պետք է հայ ականավոր գիտնականների անուններով մրցանակներ սահմանվեն. խորհուրդն ամենամյա մրցանակ կսահմանի ոլորտի լավագույն երիտասարդ գիտնականի համար, նաև կփորձի գտնել գիտության ոլորտում ներգրավված այլ կազմակերպություններ, որոնք էլ նույն անվանակարգում մրցանակ կսահմանեն արդեն լավագույն գիտնականի համար:

Հարությունյանը նշում է, որ նպատակն է գիտությանը և գիտնականին արժանի գնահատականի արժանացնելը. «Մեր հիմնական ռեսուրսը մարդիկ են և նրանց ուղեղները: Պետություն` առանց գիտության, մեր պարագայում հնարավոր չէ, լավ արդյունաբերություն, տնտեսություն, գյուղատնտեսություն կարող ենք ունենալ, եթե ունենանք լավ գիտություն և պետություն, որն ըստ արժանվույն գնահատում է գիտնականին»:

 

 

 

Դիտվել է 1898 անգամ:
Print Friendly

Leave a Reply