Ալեքսանդր Իսկանդարյանը ՀՀ կողմից հայ-թուրքական արձանագրության վավերացումն անխուսափելի է համարում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | September 29, 2009 13:41
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու ՀՀ ազգային ժողովում դրանց ընդունումը քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանն անխուսափելի է համարում, բայց թե ինչ տեղի կունենա Թուրքիայի պառլամենտում, դժվարանում է պատասխանել:
«Ելնելով թուրք և ադրբեջանցի գործընկերների կարծիքներից` արձանագրությունների ընդունումը Թուրքիայի պառլամենտում կարող է ձգձգվել»,-այսօր ասաց Իսկանդարյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների այսպիսի ընթացքը մեծ ձեռքբերում համարելով` Իսկանդարյանը դժվարանում է հեռանկարների մասին հստակ խոսել:
«Քաղաքականությունը խաղ է, և Հայաստանն էլ այդ խաղի մեջ է: Առայժմ ամեն ինչ մեր օգտին է ընթանում, իսկ թե ինչ տեղի կունենա վաղը, ոչ ոք չի կարող ասել»:
Նախագահի համահայկական շրջագայությունը, ըստ Իսկանդարյանի, դրական քայլ է` անգամ ուշացած:
«Անհնար է Սփյուռքում բոլորին համոզել, որ սա ճիշտ է, քանի որ Սփյուռքն այս հարցի նկատմամբ շատ ավելի զգայուն վերաբերմունք ունի, այնուամենայնիվ աշխատանք պետք է տանել»,-կարծում է Իսկանդարյանը:
Քաղաքական վերլուծաբանը նաև կարծում է, որ հայ հասարակության մեծ մասի բացասական վերաբերմունքն արձանագրությունների վերաբերյալ ևս չի կարող կասեցնել դրանց ընդունումը, քանի որ չկա այնպիսի քաղաքական մի ուժ, որը կմիավորի ժողովրդին` ընդդեմ քաղաքական այս գործընթացների:
«Անկախ»-ի հարցին` կարո՞ղ է, թե՞ չի ուզում Դաշնակցությունը այդ ուժը դառնալ, Իսկանդարյանը պատասխանեց.
«Քաղաքականության մեջ չկարողանալն ու չուզելը միևնույն բանն է: Եվ եթե չի ուզում, նշանակում է` չի կարող»:
«Արարատ» ռազմավարական կենտրոնի` «Կովկասյան ինստիտուտի» դեմ ուղղված դատական հայցի ( կարդա ավելին՝ http://ankakh.com/?p=17129) վերաբերյալ Իսկանդարյանն ասաց հետևյալը.
«Կարծում եմ, որ դատը, եթե իհարկե այն տեղի ունենա, կտևի ընդամենը 10 րոպե, քանի որ գրքում հստակ նշված է, որ Կովկասյան ինստիտուտը պատասխանատվություն չի կրում գրքում տեղ գտած կարծիքների համար»:
Իսկանդարյանն այն կարծիքին է, որ պետք է չէ հայ ընթերցողին արգելել՝ իմանալու ադրբեջանցի հեղինակի կարծիքը:






Facebook
Tweet This
Email This Post
