Արձակուրդում գտնվող զինվորը մահացել է ավտովթարից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 23, 2012 9:53
Փետրվարի 22-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Միջնավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Արմիկ Բալասանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 51 ԼԼ 925 համարանիշի ավտոմեքենան, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող տեղական նշանակության ճանապարհի 4-րդ կմ–ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը, այս մասին «Առավոտին» հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Վթարի հետևանքով վարորդն ու նրա որդիներից 17-ամյա Արտյոմ Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 19-ամյա Ալբերտ Բալասանյանը, տեղում մահացել է։
Մահացած տղան ծառայում էր ԼՂՀ Ջաբրաիլի զորամասում։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ։
Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Սիմոնյանը։
Քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Բալասանյանները կարճատև արձակուրդից մեկնում էին զորամաս։






Facebook
Tweet This
Email This Post
