Իսրայելի դեսպանատան հետ կապված միջադեպի հետեւանքով …
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | February 22, 2012 19:43
Թբիլիսին ամրապնդել է բարեկամական հարաբերությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ եւ առճակատման մեջ ներքաշվելու ոչ մի ցանկություն չունի:
Մինչ վրացական ոստիկանությունը քննում է իսրայելյան դիվանագետի մեքենայում տեղադրված պայթուցիկի հետ կապված միջադեպը, վերլուծաբանները նշում են, որ իշխանությունները խիստ անհանգստացած են եւ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի միջադեպը չվնասի Վրաստանի արտաքին քաղաքականությանը:
ԱՄՆ-ի դաշնակիցը լինելով`Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաեւ հարեւան Իրանի հետ`փորձելով այսպիսով նվազեցնել սեփական կախվածությունը Ռուսաստանից:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատան աշխատակցի մեքենայում ռումբի հայտնաբերման եւ վնասազերծման հետ կապված գործի նախաքննությունը «առաջնահերթ խնդիր» է հանդիսանում ոստիկանության համար:
Նախագահի աշխատակազմի կողմից տարածված առանձին հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ Սահակաշվիլին այս «միջադեպը խիստ նշանակալի մարտահրավեր է համարում մեր պետության համար»:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թեհրանում տեղի ունեցած միջուկային ֆիզիկայի մասնագետների մի շարք սպանությունները սպասվող հնարավոր վրեժխնդրության վերաբերյալ մտավախություններ են առաջացնում:
Իսրայելն իր հերթին մեղադրում է իրանցի գաղտնի գործակալներին Թբիլիսիում իսրայելյան դիվանագետի մեքենայում ռումբ տեղադրելու եւ Հնդկաստանում պատահած նմանատիպ միջադեպը կազմակերպելու մեջ, որի պատճառով երկու մարդ է վիրավորվել: Եվս 3 իրանցիներ ձերբակալվել են Թայլանդում`նրանց մոտ հայտնաբերված պայթուցիկ նյութերի հետեւանքով տեղի ունեցած պատահարի պատճառով:
Վրաստանի կառավարությունը պատրաստ չէր մեկնաբանելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությունը, որ ռումբերը Թեհրանի եւ նրա պատվիրատուի`«Հեզբոլլահ»-ի ձեռքի գործն են:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, փորձեց խույս տալ Իրանի ներգրավվածության խնդրի հետ կապված մեկնաբանություններից:
«Հույս ունենք, որ ոչ ոք չի կասկածում մեր իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը: Նրանց կատարած նախաքննության ավարտին մենք հրապարակայնորեն կներկայացնենք մեր մեկնաբանությունները», – հայտարարել էր նա:
Վրաստանը եւ Իրանը համեմատաբար լավ հարաբերություններ ունեն, իսկ 2010-ից երկու երկրների քաղաքացիների համար մինչեւ 45 օր տեւողությամբ այցերի դեպքում մուտքի արտոնագրեր այլեւս չեն պահանջվում:
Հակամարտությունների եւ բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին ասում է, որ կառավարությունը ձգտում է կարգավորել բարդ արտաքին հարաբերությունները`փորձելով ամրապնդել իր դիրքերը այս տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին:
«Իշխանությունները փորձում են պատշաճ մակարդակի վրա պահպանել հարաբերությունները Իրանի հետ. նրանք ընդունել են առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը եւ մի շարք այլ համաձայնագրեր են ստորագրել`միեւնույն ժամանակ իրենց ծառայություններն առաջարկելով ԱՄՆ-ին, եթե իրադրությունը վատթարանա: Շատ դժվար է պահպանել հավասարակշռությունը նման հանգամանքներում», – ասում է Խուցիշվիլին:
Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր եւ քաղաքական վերլուծաբան Ռամազ Սակվարելիձեն ասում է, որ Վրաստանը կարող է օգտագործել այս միջադեպը իր արեւմտյան դաշնակիցներից հետագայում աջակցություն ստանալու նպատակով:
«Քաղաքականության էությունը երբեք չի փոխվում: Եթե հնարավոր է իրադրությունն օգտագործել սեփական շահերի համար, ապա այդպես էլ արվում է: Այս իրադրությունը նման հեռանկարներ ունի», – կարծիք է հայտնել նա:
Սակվարելիձեն նշում է, որ Վրաստանը ներկայում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարդ իրադրության մեջ է հայտնվել, սակայն դժվար թե տարածաշրջանային հակամարտությունն ուղղակի ազդեցություն ունենա երկրի վրա:
«Երբ բարիդրացիական հարաբերություններ ունեք մի կողմի հետ եւ հանդիսանում եք մյուս կողմի ռազմավարական դաշնակիցը, բայց այս երկու երկրները թշնամական հարաբերությունների մեջ են, ապա մեծ խնդիրներ կարող են առաջանալ: Եթե իրադրությունն ավելի բարդանա, Վրաստանի իշխանություններին դժվար կլինի պահպանել հավասարակշռությունը», – ասում է նա:
«Բայց մենք կարող ենք մխիթարվել այն փաստով, որ երկու կողմերը խուսափել են նմանատիպ կոնֆլիկտային իրադրություններում հարեւաններին ներգրավելուց: Պետք է հիշել, թե ինչպես ԱՄՆ-ը հաշվի առավ Թուրքիայի շահերը Իրաքյան հակամարտության ժամանակ», – հավելել է Սակվարելիձեն:
Թեո Բիչիկաշվիլի, Կովկաս
Կովկասյան լրատու # 629
Թեո Բիչիկաշվիլին «GHN» լրատվական գործակալության թղթակիցն է:






Facebook
Tweet This
Email This Post
