Ամփոփվել են ընթերցանության մրցույթի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 18:50

“Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛”ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվեց. 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ը անցել կիսաեզրափակիչ. հաղթել են 55-ը. նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են: Դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երևանի քաղաքապետարանի և «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ: Արդյունքներից կազմակերպիչները գոհ են. Մրցույթը թեև ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգևորությամբ: Շուրջ տասը ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և  ասմունքել: 55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային և հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Հաղթողները նվերներ են ստացել կազմակերպիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Կուսակցության կանանց խորհուրդը 41 խրախուսական մրցանակակիրներին գրքեր ու բառարաններ է նվիրել, իսկ տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երևանի քաղաքապետարանից որպես պարգև netebook է ստացել: Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝  Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների և ուսուցիչների:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply