Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 22, 2012 18:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին և պատրաստ ենք առաջիկայում ևս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան և ամրապնդվեն: Այսօրվա դրությամբ հայ-ղազախական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնություն չլինի: Երկուստեք առկա է ամբողջական փոխըմբռնում, ինչի համար ուրախ ենք», – ասել է վարչապետը:
Նշելով, որ առկա է մեծ ներուժ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում հայ-ղազախական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ տեսակետից, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ինչը կնպաստի գործարար կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Տիգրան Սարգսյանը և Այիմդոս Բոզժիգիտովը մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են նաև մեր երկրում ձևավորվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը խնդրել է մեր երկրի աջակցությունը՝ «Էքսպո-2017» միջազգային տնտեսական ցուցահանդեսն Աստանայում անցկացնելու հայտը պաշտպանելու հարցում:

 

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply