Ցնցող պատմություններ կանանց խաթարված ճակատագրերի մասին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | February 22, 2012 19:34

Այս պատմությունները կանանց նկատմամբ բռնության վկայություններ են, որոնք բացահայտում են մեր իրականության ցավոտ կողմերից մեկը: Շատ կանայք տառապում են` անգամ չմտածելով, որ իրենք ընտանեկան բռնության զոհ են:

60 տարեկան

«Ամուսինս հարբեցող էր: Ամեն անգամ, հարբած տուն գալով, ինձ ծեծում էր, վիրավորում: Ծեծում էր նաև աղջիկներիս: Մի անգամ փոքր աղջկաս գլխին այնպես խփեց, որ կարճատեսություն առաջացավ: Մի օր էլ, երբ նորից հարբած տուն էր եկել, ձեռքին մի շիշ կար: Ես սկսեցի բղավել, լաց լինել, իսկ նա լռեց ու լսեց ինձ, հետո վեր կացավ, բացեց իր բերած շիշը և լցրեց երեսիս: Էլ ոչինչ չեմ հիշում: Զարթնել եմ հիվանդանոցում` վիրակապերի մեջ: Միլիցիայի հարցաքննությունից իմացա, որ ամուսինս թթվի լուծույթ էր լցրել դեմքիս: Նրան դատեցին: Բանտում էլ մահացավ: Բայց չեմ կարողանում նրան ներել: Նա կործանեց իմ կյանքը»:

39 տարեկան

«Արդեն 10 տարի է` ամուսինս մեկնել է արտասահման աշխատելու և բարեբախտաբար, ոչ մի լուր չկա նրանից: Ես ատում եմ նրան: Ափսոսում եմ այն տարիները, որ վատնել եմ նրա կողքին: Նա թմրանյութեր էր օգտագործում: Ինձ այնպիսի վիճակի էր հասցրել, որ մի օր էլ որոշեցի ինքնասպան լինել, բայց երեխաներիս ձայնը լսելով` հետ կանգնեցի: Հաճախ նրա համար մոխրամանի դեր էի կատարում, նա սիգարետը մարմնիս վրա էր հանգցնում և այդպիսով հանգստանում: Հաճախ փորձում եմ մոռանալ նրան, նոր կյանք սկսել, բայց այրվածքների սպիները կրկին ու կրկին հիշեցնում են դժբախտ անցյալս»:

Քրոջ պատմածից

«Քույրս սիրում էր մի ամուսնացած տղամարդու: Այդ տղամարդն էլ քրոջս էր շատ սիրում և որոշել էր ամուսնալուծվել ու քրոջս հետ ամուսնանալ: Հայրս, իմանալով այդ մասին, շատ զայրացավ: Նա ոստիկանությունում էր աշխատում և ատրճանակ ուներ: Մի անգամ էլ ծեծեց քրոջս և ատրճանակով վախեցրեց: Դրա պատճառով քույրս կորցրեց հոգեկան հավասարակշռությունը: Նրան տեղափոխեցին հոգեբուժարան: 20 տարի տառապելուց հետո հոգեբուժարանում մահացավ»:

Հարևանի պատմածից

«Մեր հարևանի աղջիկը սովորում էր Երևանի բուհերից մեկում: Նրա ընկերները, ընկերուհիներնը հաճախ էին գալիս մեր գյուղ` հանգստանալու, քեֆ անելու: Ամբողջ գյուղը խոսում էր նրանց անվայելուչ վարքի, հագուստի մասին: Այդ ամենից նեղվելով` աղջկա հայրն արգելեց, որ նրա ընկեր-ընկերուհիներն իրենց տուն գան: Մի քանի ամիս անց խոսակցություններ տարածվեցին, որ այդ աղջիկը քաղաքում անառակությամբ է զբաղվում: Տուն էր գալիս 2-3 ամիսը մեկ անգամ: Մի օր էլ այդ ընկեր կոչվածները նրան հարբած, պատառոտված շորերով բերել, իջեցրել էին իրենց դռան մոտ ու փախել: Հայրը, խայտառակությանը չդիմանալով, քնած տեղը կացնով սպանել էր աղջկան»:

Հարևանուհու պատմածից

«Նա գեղեցիկ աղջիկ էր, լավ էր սովորում, շատ էր կարդում, բայց քանի որ ընտանիքում լարված իրավիճակ էր, նրա հոգեկան անդորրը խանգարվել էր:

Հարազատ մայրը վաղուց չկար, իսկ խորթ մայրն անընդհատ ծեծում էր, ստիպում ծանր աշխատանքներ անել: Երբ դպրոցն ավարտեց, այդ մայր կոչվածը, որ աշխատում էր ճաշարանում, ստիպեց նրան չնչին վարձի դիմաց սպասարկել հարբած հաճախորդներին: Աշխատած դրամը «մայրը» վերցնում էր ձեռքից: Այդպես խաթարվեց աղջկա ճակատագիրը: Շուտով նա հղիացավ: Երբ երեխան ծնվեց, այդ «մայրն» առանց աչքը թարթելու, փոքրիկին գցեց կոյուղու մեջ: Անցորդները փրկեցին երեխային, բայց «մայրը» նրան չընդունեց: Այդպես ծնվեցին նաև մյուս երկու երեխաները: Հիմա նրան հաճախ կարելի է տեսնել փողոցում` ծեծված, արնաշաղախ, սոված ու կիսամերկ»:

30 տարեկան

«Ամուսնուս ընտանիքը նյութապես շատ ապահով է, բայց ես ինձ վատ եմ զգում, որ ոչնչով չեմ կարողանում օգնել ծնողներիս, որոնց նյութական վիճակը շատ ծանր է: Ինքս չեմ աշխատում, իսկ իմ ձեռքը երբեք գումար չեն տալիս: Մայրս խանութում պարտքեր ունի, և հարևաններն ինձ ամոթանք են տալիս: Մի քանի անգամ փորձել եմ տնեցիներիս հետ խոսել, որպեսզի համաձայնեն` աշխատանքի ընդունվեմ, բայց զարմացել են, թ ի՞նչս է պակաս, որ ուզում եմ աշխատել: Իսկ սկեսուրս ծնողներիս մասին ասում է. «Մենք հո չե՞նք կարող ամբողջ ազգ ու ցեղդ պահել: Աղջիկ ուզելիս վարդը պոկում են, փուշը թափում»:

45 տարեկան

«Մանկությունս դաժան է անցել, բայց այն ժամանակ գոնե ապագայի նկատմամբ հավատ ունեի: Գիշերը, երբ մենակ էի մնում, իմ երազանքների աշխարհն էի ստեղծում: Ամբողջ հոգով երազում էի, որ գոնե մնացած կյանքս այդ աշխարհում անցներ: Հետո, երբ լուսանում էր, մնում էր միայն դաժան իրականությունը` ծեծ, հայհոյանք: Ինչքա՜ն էի ուզում փախչել այդ դժոխքից ու բոլոր հույսերս կապում էի ամուսնության հետ:

Ամուսնացա հորս ընկերոջ տղայի հետ և…մի դժոխքից ընկա մյուս դժոխքի մեջ: Նույնն այստեղ է շարունակվում` հայհոյանք, կոպտություն, ծեծ…Տարբերությունն այն է, որ հիմա արդեն կորցրել եմ նաև հույսը, որ ապագայում կարող եմ երջանիկ լինել: Գիշերները տառապում եմ, նողկանք եմ զգում ամուսնուս հանդեպ: Փորձել եմ հեռանալ, բայց ու՞ր: Հիմա ապրում եմ միայն երեխաներիս համար: Մի բան հաստատ գիտեմ. երբեք թույլ չեմ տա, որ աղջիկս էլ ինձ պես տառապի:

43 տարեկան

«Ինձ միշտ ասում են` երջանիկ կին ես, ամեն ինչ ունես, ընտանիքում քեզ հարգում են: Այո, դրսից հենց այդպես էլ երևում է, որովհետև այդպես եմ ձևացնում: Ո՞ւմ կարող եմ պատմել, որ ամբողջ կյանքում հագնվել, սանրվել, անգամ կերել եմ ուրիշի թելադրանքով:

Շատերն ինձ համարում են ուժեղ, կայացած անձնավորություն, ինձանից խորհուրդ են հարցնում, իմ ճաշակի հետ հաշվի նստում, այնինչ մեր տանն ամեն պատեհ ու անպատեհ առիթով ինձ հիշեցնում են իմ գյուղական ծագումը: Ես հոգնել եմ ձևացնելուց, հոգնել եմ սկեսուրիս գնածները հագնելուց, հոգնել եմ ամուսնուս ոսկեգույն սպասիքց, հոգնել եմ մեր տան վարագույրներից: Ես ուզում եմ իմ տունը կահավորել, վերանորոգել իմ ճաշակով, սակայն իմ ննջասենյակի պաստառներն, անգամ, ինձ թույլ չտվեցին ընտրել` պատճառաբանելով, որ ես երբեք նման գործերի չեմ խառնվել:

Այս տան մեջ երբեք իմ կարծիքը հաշվի չեն առնում, և այնպիսի տպավորություն է, որ ապրում եմ կայարանում: Այս տունը երբեք իմը չի եղել, անգամ մինչև հիմա գրանցված եմ այլ հասցեում»:

Քրոջ պատմածից

«Ուզում եմ պատմել քրոջս մասին: Երբ հիշում եմ նրա ապրած օրերը, սիրտս կտոր-կտոր է լինում. ինչու՞ եկավ աշխարհ և ինչու՞ գնաց: Առաջին ամուսինը մահացավ ավտովթարից, ամուսնությունից երկու ամիս հետո, երբ նա արդեն հղի էր: Երեխան 3 տարեկան էր, երբ ամուսնացավ երկրորդ անգամ: Նոր ամուսինը իր մոր խոսքով էր շարժվում, որը շատ չար կին էր: Մայր ու որդի դաժանորեն ծեծում էին նրան: Մի օր էլ արդուկով խփել էին գլխին և իրենց ապահովագրելու համար ժավել էին խմացրել, իբր քույրս ինքնասպանություն է գործել: Որ ստիպողաբար էին խմեցրել, երևում էր նրա կապտած շուրթերից ու ջարդված ատամներից:

Հիմա քրոջս որբացած երեխային մենք ենք պահում : Նրա որդին 4 տարեկան է: Գնալով ավելի է խորանում ատելությունս այդ անիծված գյուղի բնակիչների, արդարադատության ծախված աշխատողների նկատմամբ»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

Դիտվել է 3377 անգամ:
Print Friendly

Leave a Reply