էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթում Ադրբեջանին մեղադրանքներ ներկայացրեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 13:16

«Հայաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խաթարել երկխոսությունը կամ խոչընդոտել խաղաղ գործընթացը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը` երեկ ՄԱԿի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին ունեցած ելույթի ընթացքում:

Նախարարն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները կանոնավոր կերպով հանդիպում են՝ քննարկելու հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները: «Միջազգային ասպարեզում Ադրբեջանը, ինչպես երկու օր առաջ այս ատյանում, շարունակաբար խեղաթյուրված է ներկայացնում ԼՂ խնդրի էությունը` փորձելով կոծկել ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտումներն ու վարած բռնության քաղաքականությունը: Միջազգային հանրությունը հիշում է ԼՂ դեմ Ադրբեջանի ծավալած բացահայտ ագրեսիան, լայնածավալ ռազմական գործողություններն ու պատերազմը` նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ: Այն խլեց բազմահազար մարդկային կյանքեր»,- ասել է նա:

Նախարարի հավաստմամբ՝ Հայաստանի իշխանությունները հավատացած են, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար լուրջ հիմքեր կան, եթե կիրառվեն Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի, 2008թ. դեկտմբերի 4-ին Հելսինկիում Մինսկի Խմբի համանախագահների արված հայտարարության ու 2008թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ բոլոր 56 անդամ պետությունների կողմից Հելսինկիում ընդունված հայտարարության սկզբունքները: Ըստ այս փաստաթղթերի՝ կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն՝ բանակցությունների միջոցով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած «մադրիդյան սկզբունքների» հիման վրա:

Անդրադառնալով հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Նալբանդյանն ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ անցյալ տարվա սեպտեմբերին սկսված «ֆուտբոլային դիվանագիտություն», խոստանում է արդյունքներ տալ` չնայած բոլոր դժվարություններին:

«Անցյալ տարվա ընթացքում շվեյցարացի միջնորդների ու միջազգային այլ գործընկերների օգնությամբ մեզ հաջողվել է առաջխաղացում գրանցել Եվրոպայում վերջին փակ սահմանի բացման ու առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է Նալբանդյանը:

Դիտվել է 1673 անգամ:
Print Friendly

Leave a Reply