«Հասկացան, որ հնարավոր չէ այս աստիճանի արհամարհել ժողովրդի ձայնը…»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 15:37

Քիչ առաջ Մաշտոցի պողոտայի հարակից այգում իրավիճակը խաղաղ էր: Բնապահպան ակտիվիստներին ոստիկանը ներկայացնում էր քաղաքապետարանի բանավոր որոշումը, ըստ որի այգում ժամանակավորապես դադարեցված է շինարարությունը:

Հարցին, թե որքան ժամանակով է շինարարությունը դադարեցվելու, ոստիկանը պատասխանեց. «Հաստատ չգիտեմ, երևի մինչև շաբաթ»,-ասաց նա:

Բնապահպան ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ևս երեկ երեկոյան ոստիկանի բանավոր հայտարարությունից են տեղեկացել, որ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ առավոտյան արդեն սեփական աչքով են տեսել:

Ռուզաննա Գրիգորյանն այդ որոշումը բացատրում է հետևյալ կերպ. «Երբ քննարկումներն ու քննադատությունները մամուլում բավականին թեժացան, մեզ միացան բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ, արվեստագետներ և երբ երեկ մեր ընկերներից մեկը` Բայանդուրը, հայտարարեց հացադուլի մասին,  այդ ամբողջ ճնշումների ընթացքում տեղի ունեցավ դադարեցումը»,-ասաց նա,-փաստորեն, նրանք ի վերջո տեսան, որ մենք ուժ ենք: Առաջին օրերին, երբ մենք մի յոթ հոգով էինք էստեղ կանգնում, մեզ արհամարհում էին, չտեսնելու էին տալիս: Հետո, որ տեսան շատանում ենք, իսկապես խանգարում են շինարարությանը, բռնի ուժի դիմեցին. մեզ հանեցին, դուրս շպրտեցին: Հետո, որ տեսան` ժողովուրդը շարունակում է գալ, մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, հանրահայտ դեմքեր, սկսեցին մտածել: Հասկացան, որ հնարավոր չէ այս աստիճանի արհամարհել ժողովրդի ձայնը, ուստի դադարեցման որոշում կայացրին»:

Միաժամանակ բնապահպան ակտիվիստը կարծում է, որ այս ամենն ընդամենը իրավիճակը հանդարտեցնելու նպատակ ունի: «Մեզ ուզում են համոզելով էստեղից հանել: Ասում են` գնացեք դատարան, բայց մենք դատարանի ուժն էլ գիտենք, մինչ այս իրականացված իրավական գործողություններն էլ գիտենք,-շարունակեց նա,-մեր այստեղ գալը իրավիճակի հաջորդ քայլն էր, եթե հարցը լուծվելու լիներ դատական ճանապարհով, մենք էստեղ 12 օր սառույցի վրա չէինք կանգնի: Մինչ այստեղ գալը, մենք քայլեր արել ենք, բայց արձագանք չեն ստացել, իսկ սա եղել է վերջին քայլը»:

Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, իրենք չեն պատարստվում ստեղծված ուժեղ պայքարը ժամանակավոր դադարեցման որոշման պատճառով կասեցնել, որովհետև իրենց վերջնական պահանջները բավարարված չեն` կառուցված տաղավարներն ապամոնտաժված չեն, այգում տաղավարներ տեղադրելու որոշումն էլ կասեցված չէ: Ուստի այգու պաշտպանները որոշել են, որ գործողություններ, միջոցառումներ և ակցիաներ կլինեն ամեն օր. «Դրանով այս այգին նաև  կենդանի շունչ կստանա` դառնալով կենդանի հավաքատեղի այն երևանցիների համար, ովքեր դիրքորոշում ունեն և համարում են, որ այս տարածքն իրենցն է»,-նշեց բնապահպանը,-մեզ չի հետաքրքրում` օրենքով է այս ամենը, թե օրենքն այնպես կսարքեն, որ հարմարեցնեն շինարարությանը, խնդիրն այն է, որ երեանցին չի ուզում հանձնել հանրային տարածքը: Թող ընդունեն այս պարզ ճշմարտությունը: Մենք տեր ենք այս տարածքին»:

 

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply