Շոշի դպրոցին նոր միկրոավտոբուս են նվիրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 15:19

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը Տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից, որպես ամանօրյա նվեր, ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս:

«Դժվար է պատկերացնել, թե հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպես են ավելի քան 2.5կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլեւս ստիպված չեն լինի ամեն օր այս դժվարությունը հաղթահարել եւ իրենց ժամանակն առավել արդյունավետ կօգտագործեն», – ասում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Հիշեցնենք, որ գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաեւ ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ եւ Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն գեղեցիկ դպրոցական համազգեստներով:

«Տորոնտոյահայ համայնքի համար չկան մեծ կամ փոքր խնդիրներ: Նրանք կարեւորում են ցանկացած օգնությունը հայրենիքին, եւ մասնավորապես, մեր հայ մանուկներին», նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Մանկավարժական ողջ կոլեկտիվի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր դպրոցին սատարող բոլոր բարերարներին եւ Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին: Իսկ աշակերտներն էլ իրենց շնորհակալությունը հայտնում են ուսման բարձր առաջադիմությամբ»,- գոհունակությամբ նշում է դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply