Գիտաժողով Ստեփանակերտում` նվիրված ԼՂՀ անկախության 20-ամյակին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 22, 2012 14:36

Փետրվարի 17-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իր աշխատանքները սկսեց ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚ թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի կողմից` ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի մասնակցությամբ և News.am լրատվական-վերլուծական գործակալության գործընկերությամբ: Լիագումար նիստի համանախագահներն էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը:

Մասնակիցներին ողջունելով և հայոց ազգային պետականության նշանակալի ելակետային իրադարձության` Ղարաբաղյան շարժման 24-րդ և անկախության հռչակման 20-րդ տարեդարձների կապակցությամբ շնորհավորելով` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշեց, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ի որոշումը 20 տարի հետո էլ Արցախի ժողովրդի համար մնում է պատմական, հասարակական և իրավական անգնահատելի արժեք:

ՙՀայ ժողովուրդը երազել է վերականգնել կորցրած պետականությունը, ունենալ ազատ, անկախ հայրենիք և իր արժանի տեղը զբաղեցնել միջազգային հանրության շարքում: Արցախը միշտ էլ եղել է այդ գաղափարների կրողն ու ազգային պետականության վերականգնման առաջամարտիկը: Անցյալ դարավերջի աշխարհաքաղաքական իրողությունները հնարավորություն չտվեցին իրականություն դարձնելու բաղձալի նպատակը` ստեղծելու միասնական հայկական պետություն, ինչն էլ հիմք տվեց Արցախին հռչակել ինքնուրույնություն, ստեղծել անկախ պետություն: Անցած երկու տասնամյակներին մենք չենք շեղվել այդ ճանապարհից, շարունակում ենք մեր ընթացքը ժողովրդավարական սկզբունքների հաստատման, քաղաքացիական հասարակության կառուցման, անկախ պետականության կերտման ճանապարհին՚,- ասաց Ա. Ղուլյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր ելույթում կարևորեց նման ընդգրկումով գիտաժողով անցկացնելու փաստը` շեշտելով, որ ցանկալի է ոչ միայն մտքերի արտահայտումը կամ փոխանակումը, այլև մտքերի մի այնպիսի կուտակում, որը կարող է գործնական, իրավաքաղաքական նշանակություն ունենալ: Նա կարևորեց նաև գիտաժողովի հանրային հնչեղությունը: ՙԵս չափազանց կարևորում եմ այն հանգամանքը, թե մեր քննարկումներն ինչ հիմնական հարցերի պատասխաններ են տալու: Առաջին խնդիրը, որ կցանկանայի առաջարկել, այն է, թե արդյոք մենք կկարողանա±նք վեր հանել վերջին 20 տարիների դասերը: Դրանց հիման վրա պետք է հստակեցնենք առաջնահերթությունները և այսօրվա մարտահրավերները, այն աստիճան, որ դրանք կողմորոշիչներ դառնան վաղվա լուծումների համար: Գլխավոր խնդիրն այն է, որ կարողանանք ցրված միտքն ի մի բերել, կենտրոնացնել այն աստիճան կամ այն ձևով, որ մի նոր արդյունք ակնկալենք դրանից, որ դա տա մի նոր հնարավորություն և° քաղաքական իշխանությունների համար, և° ընդհանրապես տեսական-վերլուծական մտքի համար, և° աշխարհաքաղաքական առումով կարողանանք որոշակի հարցադրումներ կատարել՚,-ասաց Գ. Հարությունյանը:

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ ԼՂՀ հանրակրթական դպրոցներում և Արցախի պետական համալսարանում, որի նպատակն էր զգալ երիտասարդների մտածողությունը, սպասելիքները:

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՙՀամոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում և դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է՚,- ասաց Շարմազանովը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանն իր ելույթում նշեց այն անհատների անունները, որոնք դերակատարություն են ունեցել Ղարաբաղյան շարժման կազմակերպման, հանուն անկախության մղված պայքարի, ԼՂՀ անվտանգության ապահովման և պետականաշինության գործընթացում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և դառնալով Ղարաբաղյան շարժմանը, հարցրեց. ՙԻնչու± ազգային պոռթկումը տեղի ունեցավ 1988-ին և ոչ թե, ասենք, 70-ական թվականներին: Պատասխանը շատ պարզ է. ցանկացած քաղաքական հարց կարելի է լուծել, եթե այն տեղավորվում է տեղի ունեցող քաղաքական գործընթացներում: Ղարաբաղյան խնդիրը բազմիցս է բարձրացվել, բայց 88-ին այն տեղավորվեց Խորհրդային Միությունում հայտարարված քաղաքական գործընթացներում, Գորբաչովի հայտարարած ՙիրավունք, ազատություն, ժողովրդավարություն՚ գաղափարախոսության շրջանակներում, որը միանգամից ձևավորվեց որպես իրավունքի, սահմանադրական պայքարի հարց: Սումգայիթյան ջարդերի կազմակերպիչների նպատակն այն էր, որ մեզ այդ գործընթացից դուրս մղեին և պայքարը դարձնեին էթնիկական-կրոնական: Մեր ժողովրդին հաջողվեց խուսափել այդ ծուղակից: Բայց երբ դու տեղավորվում ես քաղաքական հոսանքի մեջ, դա դեռ չի նշանակում, որ բոլորի քաղաքական շահերի կիզակետում ես: Հակասություններ կան բոլոր պետությունների միջև. մենք բախվեցինք պատերազմին և հաղթեցինք այդ պատերազմում: Այժմ ունենք մի պետություն, որը 20 տարի անկախ է, հետևաբար Ղարաբաղի կարգավիճակի քննարկումն ուղղակի անհեթեթություն է՚: Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ վերջին հարյուրամյակների պատմությունը չգիտի մի դեպք, երբ անկախ պետությունը ներառվեր այլ պետության կազմի մեջ և հավելեց, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցող կողմ: Ինչպե±ս կարող են ուրիշ պետություններ իրենց ստորագրությամբ մի անկախ պետություն ստրկական կախման մեջ դնել մեկ այլ պետությունից: Դա պետք է խորը գիտակցվի ու ավելի ամրապնդի Ղարաբաղի անկախությունը:

Կրկին ընդգծելով, որ ԼՂՀ անկախության հռչակումն իրականացվել է անթերի իրավական հիմքի վրա` Վազգեն Մանուկյանը նաև ընդգծեց, որ վտանգ կա. Ադրբեջանը գիտակցելով, որ անհնար է Լեռնային Ղարաբաղը ստանալ իրավական հիմքերի վրա, կարող է դիմել հարցի լուծման ռազմական ճանապարհին: ՙՀարցն այն է, թե որքանով է Լեռնային Ղարաբաղի հարցն առնչվում միջազգային գործընթացներին: Կարծում եմ, որ առնչվում է, քանի որ աշխարհում երկու հակասական գործընթացներ են նկատվում` գլոբալիզացիա և միաժամանակ մասնատում՚,- ասաց Մանուկյանը` բերելով Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի օրինակը: ՙԱյդ գործընթացում հնարավոր չէ ստիպել անկախ պետությանը մտնել այլ պետության կազմի մեջ: Դա հնարավոր չէ՚,- շեշտեց Վազգեն Մանուկյանը:

Լիագումար նիստի համար նախատեսած էր 4 զեկույց: Գիտաժողովի մասնակիցները լսեցին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտի, ՙՌեգնում՚ դաշնային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի և քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանի զեկույցները:

Քննարկումները տեղի ունեցան երեք աշխատանքային խմբերում: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին ՙԼՂՀ անկախության իրավական հիմքերը՚, ՙԼՂՀ տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում՚ և ՙՂարաբաղյան հիմնահարցը՝ որպես համազգային խնդիր՚ թեմաները: Գիտաժողովի աշխատանքներն ավարտվեցին փետրվարի 18-ին: Զեկույցները կհրապարակվեն ապրիլի վերջին:

Գիտաժողովը բավական ներկայացուցչական կազմ ուներ, զեկույցներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, վերլուծաբաններ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Լեհաստանից, Հոլանդիայից և Գերմանիայից:

Արտասահմանից ժամանած մասնակիցների թվում էին Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտը, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար ու հետազոտող Ջեյմս Նիքսին, Հունաստանի պաշտպանության ազգային դպրոցի, օդային ուժերի ակադեմիայի ռազմավարության գծով խորհրդական, պրոֆեսոր Նիկոս Լիգերոսը, Հոլանդիայում Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի ավագ խորհրդական Մարիեկե դե Հունը, Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին (Լեհաստան), ՌԴ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, ՌԴ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը և այլք:

Գիտաժողովին մասնակցեց նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply