ՊԵԿ-ին ձեռնտու չէ Վարչական դատարանի քննությունը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2012 14:26

Վարչական դատարանում  քննվում էր վարչական գործը ըստ հայցի Սարո Հարթունյանին պատկանող Ջի Էյջ Սթորիջ ՍՊ ընկերության վերստուգման ակտը անվավեր ճանաչելու եւ ՊԵԿ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ ընկերության գումարի բռնագանձման պահանջների մասին:

ՊԵԿ-ը  միջնորդություն էր ներկայացրել կասեցնել գործի վարույթը Վարչական դատարանում, մինչեւ որ կավարտվի քրեական գործի քննությունը: Սակայն դատարանը, քննելով գործը, որոշեց շարունակել այն:  Սա  նշանակում է, որ նախ` դատարանը գնահատական է տալու , թե իրավաչափ է  արդյոք ՊԵԿ-ի  կազմած ակտը, թե ոչ:

Բանն  այն է, որ “Ջի Էյջ Սթորիջ”   ՍՊ ընկերության դեմ ՊԵԿ-ը կազմել էր վերստուգման ակտ, ինչի հիման վրա ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի եւ նրա աշխատակիցների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով` հարկերից չարամտորեն խուսափելու համար: Ընկերությունը վիճարկել էր ակտը` դիմելով Վարչական դատարան:

 

Երեկվա դատական նիստին ՊԵԿ ներկայացուցիչներ Գուրգեն Դավթյանը, Արսեն Մարտիրոսյանն ու Արսեն Ալեքսանյանն անգամ   պատրաստ չէին ներկայացնել ակտի հետ կապված որևէ ապացույց , քանի որ  վստահ էին` դատարանը կասեցնելու էր գործի վարույթը:  Սրա վերաբերյալ նույնիսկ գործը քննող դատավոր Մկոյանը չկարողացավ զսպել զարմանքը. “Փաստորեն հույս ունեիք, որ գործը կկասեցվի՞”,-զարմացավ  դատավորը:

Բնականաբար, ՊԵԿ-ին ձեռնտու չէ Վարչական դատարանի կողմից գործի քննությունը, քանի որ,  եթե ստացվի այնպես, որ դատարանի  վճռով պարզվի, որ ՊԵԿ-ի կազմած   ակտը անվավեր է, ապա կստացվի, որ Նարեկ Հարթունյանի դեմ  մեղադրանքը նույնպես իրավաչափ չէ եւ անհիմն է:

Այդ պատճառով էլ ՊԵԿ ներկայացուցիչները բոլոր հնարավոր միջոցներով պայաքրում էին, որ Վարչական դատարանը  գործի վարույթը կասեցներ, որպեսզի հանկարծ  անվավեր չճանաչվի ստուգման ակտը: Սակայն դատարանը, մերժելով նրանց անհիմն միջնորդությունը, չարդարացրեց  ՊԵԿ-ի հույսերը: Այս պահին ստեղծվել է իրավիճակ, երբ  քրեական գործը, որ հարուցվել է նշված ակտի հիման վրա,  դեռ նոր է դատարան ուղարկվելու, մինչդեռ  դրան զուգահեռ վիճարկվում է նույն ակտի իրավաչափությունը: Այսինքն` մարդիկ մեղադրվում են մի արարքի համար, որի վերաբերյալ կայացրած  ակտի իրավաչափ լինելը լրջորեն կասկածի տակ է դրված:

 

Հարուցված քրեական գործն ու վերստուգման ակտն, անշուշտ, իրավաչափ չեն, իսկ ընկերության դեմ կիրառվող պատժամիջոցները չեն բխում օրենքով հետապնդվող նպատակներից, դրանք ունեն մեկ նպատակ` խոչընդոտել ընկերության  բնականոն աշխատանքը, տանել սնանկության` ստիպելով Հարթունյաններին գործարքի գնալ` հրաժարվելով իրենց ունեցվածքից:

Մարիամ Մուղդուսյան

 

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply