Կայացավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 22, 2012 14:12

Երեկ Կոմիտասի անվան երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերիային նվագախմբի համերգը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանի խոսքերով իր համար այս համերգը կարևոր էր, քանի որ այն նաև նվիրված էր մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին, միաժամանակ նա շեշտեց, որ մեծ պատիվ  է նվագել հիսուն տարվա պատմություն ունեցող նվագախմբի հետ. “Շատ հաճելի է  աշխատել  նման պրոֆեսիոնալ և տաղանդավոր երաժիշտների հետ,  ինչպես նաև  ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար”,-ասաց նա:

Համերգին մասնակցում էր նաև երջանկահիշատակ  Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին` Աննա Բակունցը, ով  “Կոնցերտ երգեհոնի եւ նվագախմբի համար” իր կատարումը նվիրեց  հոր` Ակսել Բակունցի և  իր ուսուցիչ Վահագն Ստամբուլցյանի հիշատակին:

“Ես մեծ հաճույքով եմ աշխատում Հայաստանի պետական կամերային նվագախմբի  և հատկապես  Վ. Մարտիրոսյանի հետ: Այստեղ առկա է  առողջ ստեղծագործական միջավայր, ինչը շատ է նպաստում մեր համատեղ աշխատանքին”,-նշեց-Ա. Բակունցը;

Համերգի ընթացքում հայ հանդիսատեսն ունկնդրեց   Հայդնի “Դիվեսրիմենտո Es Dur”-ն,  որը  հազվադեպ է կատարվում,  Անտոնին Դվորժակի “Սերենադ”-ը,  Հենդելի “Կոնցերտ երգեհոնի և լարայինների համար” ստեղծագործությունները:

“Ես ամեն անգամ գալիս եմ Կամերային նվագախմբի համերգներին, քանի որ դրանք դուրս են ընդունված ոճից, ձեւից, իսկ  հանդիսատեսի հետ շփումը  անբռնազբոս է, պարզ”,-կարծում է հանդիսատեսներից Անի Մարտիրոսյանը:

Համերգի վերջում հանդիսատեսի ջերմ ծափողջույնները նույնպես  վկայեցին  այն մասին, որ նախորդ տարվա սեպտեմբերից  ի վեր համերգի կայացման համար գործադրած ջանքերն իզուր չեն անցել:

Հայաստանի պետական կամերային նվագախումբն ստեղծվել է 1962-ին, նվագախումբը պետական կոլեկտիվի կարգավիճակ է ստացել միայն 1966-ին:

2012 թվականին Հայաստանի պետական կամերային նվագախումբը նշում է իր բեղմնավոր գործունեության 50 տարին:
Նվագախմբի հիմնադրման, կայացման և թռիչքաձև զարգացման գործում անգնահատելի է նրա առաջին ղեկավարի` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը: Նրա անձի և անվան հետ են  կապված նվագախմբի անհատական բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում,  ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում: Ստեղծված կայուն ավանդույթները յուրովի զարգացրեցին և հարստացրեցին նվագախմբի հաջորդ շրջանների ղեկավարներ` ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանդին Բաղդասարյանը (1975-ից), ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանը (1982-ից) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը (1997-ից):

Նվագախմբի անցած ուղին այսօր ներկայանում է որպես տաղանդավոր կոլեկտիվի ծանրակշիռ ներդրում` Հայաստանում կամերային կուլտուրայի տարածման և արմատավորման գործում:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է կամերային երաժշտության նկատմամբ համընդհանուր հետաքրքրության և ուշադրության ժամանակշրջանում: Ակնհայտ է, որ նա անցել է իրեն հատկացված ճանապարհի դեռևս փոքր մասը միայն: Սակայն կարևոր է, որ այդ ճանապարհը խորապես գիտակցված է և հեռանկարը` տեսանելի:

Հայաստանի պետական կամերային  նվագախմբի հանրային կապերի մասնագետ Մարիամ Մուղդուսյան / 099.855.977/

 



Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply